YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱ 33

33
Հույսի մեկ այլ խոստում
1Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Երեմիային, երբ նա տակավին արգելափակված էր բանտի գավթում, և ասաց. 2«Այսպես է ասում Տերը՝ տիեզերքը արարողը#33.2 Բռց. անողը։, Տերը, որն այն կազմեց, որ հաստատի այն. նրա անունը Տեր է։ 3“Կանչի՛ր ինձ, և ես քեզ կպատասխանեմ, և ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել”։ 4Որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այս քաղաքի տների մասին և Հուդայի թագավորի տների մասին, որ քանդվել են ամրությունների և սրի դեմ պաշտպանության պատճառով. 5“Քաղդեացիների դեմ պատերազմելու են գալիս, որպեսզի դրանք լցվեն մարդկանց դիակներով, որոնց ես պիտի զարկեմ իմ բարկությամբ և իմ զայրույթով, որովհետև այս քաղաքից ես ծածկել եմ իմ դեմքը՝ նրանց ամբողջ չարության պատճառով։ 6Ահա ես նրա վրա առողջություն և բժշկություն եմ բերելու և պիտի բուժեմ նրանց, խաղաղության և ճշմարտության#33.6 Կամ ապահովության։ առատությունը պիտի հայտնեմ նրանց։ 7Ես պիտի վերադարձնեմ Հուդայի գերյալներին և Իսրայելի գերյալներին և նրանց պիտի վերակառուցեմ առաջվա նման։ 8Եվ նրանց պիտի մաքրեմ իրենց բոլոր անօրենություններից, որոնցով մեղանչեցին իմ դեմ, և պիտի ներեմ նրանց բոլոր անօրենությունները, որոնցով մեղանչեցին և ապստամբեցին իմ դեմ։ 9Եվ նա ինձ համար ցնծության անուն պիտի լինի, գովաբանություն ու պարծանք երկրի բոլոր ազգերի համար, որոնք կլսեն այն բոլոր բարիքների մասին, որ ես անելու եմ նրանց, և նրանք պիտի սարսափեն ու դողան այն բոլոր բարիքների համար և այն ամբողջ բարօրության համար, որ ես տալու եմ նրան”»։
10Տերն այսպես է ասում. «Այստեղ, որի համար դուք ասում եք՝ “Ավերակ է, առանց մարդու և անասունի”, Հուդայի քաղաքներում, Երուսաղեմի փողոցներում, որոնք ամայի են դարձել, առանց բնակչի՝ առանց մարդու և առանց անասունի, 11դարձյալ պիտի լսվի ցնծության ձայն և ուրախության ձայն, փեսայի ձայն և հարսի ձայն, նրանց ձայնը, որոնք, Տիրոջ տուն գոհության ընծա բերելով, ասում են. “Օրհնեցե՛ք Զորությունների Տիրոջը, որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը”։ Որովհետև երկրի գերյալներին ես պիտի վերադարձնեմ, ինչպես նախկինում»,- ասում է Տերը։ 12Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այստեղ, որ ավերակ է, առանց մարդու և անասունի, նրա բոլոր քաղաքներում կրկին հոտեր մակաղեցնող հովիվների կացարաններ պիտի լինեն։ 13Լեռնային քաղաքներում, դաշտային քաղաքներում ու հարավային քաղաքներում և Բենիամինի երկրում ու Երուսաղեմի շրջակայքում և Հուդայի քաղաքներում դարձյալ հոտեր են անցնելու նրանք համրողի ձեռքի տակով»,- ասում է Տերը։
14«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ պիտի կատարեմ իմ այն բարի խոստումը, որ խոսել եմ Իսրայելի տան մասին և Հուդայի տան մասին։ 15Այն օրերին և այն ժամանակ ես Դավթի համար արդարության մի շառավիղ պիտի ծլեցնեմ, և նա իրավունք ու արդարություն պիտի գործադրի երկրում։ 16Այն օրերին Հուդան պիտի ազատվի, և Երուսաղեմը անվտանգ պիտի բնակվի, և այսպես պիտի կոչվի նա՝ Տերը՝ մեր արդարությունը»։ 17Որովհետև Տերն այսպես է ասում. «Դավթից Իսրայելի տան գահի վրա նստող մարդ չպիտի պակասի։ 18Եվ ղևտացի քահանաներից իմ առաջ մշտապես ողջակեզ մատուցող, հացի ընծա նվիրող և զոհ անող մարդ չպիտի պակասի»։ 19Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. 20«Այսպես է ասում Տերը. “Եթե կարողանաք խափանել իմ ուխտը ցերեկվա հետ և իմ ուխտը գիշերվա հետ, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն, ապա 21կխափանվի նաև իմ ուխտը իմ ծառա Դավթի հետ, որ նա իր գահի վրա թագավորող որդի չունենա, նույնպես և ինձ ծառայություն անող ղևտացի քահանաների հետ։ 22Ինչպես որ անհամրելի է երկնքի զորքը, և անչափելի է ծովի ավազը, այնպես պիտի շատացնեմ իմ ծառա Դավթի սերունդը և ինձ ծառայություն անող ղևտացիներին”»։
23Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. 24«Չե՞ս տեսնում, թե ի՛նչ է խոսում այս ժողովուրդը՝ ասելով. “Տերը մերժել է այն երկու ազգատոհմերին, որոնց ընտրել էր”։ Նրանք անարգում են իմ ժողովրդին, կարծես այլևս ազգ չլինի նրանց առաջ»։ 25Տերն այսպես է ասում. «Եթե ես ցերեկվա և գիշերվա ուխտ չեմ կնքել, երկնքի ու երկրի կանոններ չեմ դրել, 26ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդն էլ պիտի մերժեմ, որպեսզի նրա սերնդից իշխանավորներ չդնեմ Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա, որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից և պիտի գթամ նրանց»։

Currently Selected:

ԵՐԵՄԻԱ 33: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy