YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱ 34

34
Պատգամ Սեդեկիային
1Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և նրա բոլոր զորքերը, իր իշխանության տակ գտնվող երկրի բոլոր թագավորությունները և բոլոր ժողովուրդները պատերազմում էին Երուսաղեմի դեմ և նրա բոլոր քաղաքների դեմ.
2«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Գնա՛ և խոսի՛ր Հուդայի թագավոր Սեդեկիային և նրան ասա՛. "Տերն այսպես է ասում. "Ահա այս քաղաքը տալիս եմ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա կրակով պիտի այրի այն։ 3Եվ դու չես ազատվի նրա ձեռքից, այլ անպայման պիտի բռնվես ու նրա ձեռքը մատնվես։ Եվ քո աչքերը պիտի տեսնեն Բաբելոնի թագավորի աչքերը, և նրա բերանը պիտի խոսի քո բերանի հետ, և Բաբելոն պիտի գնաս"։ 4Սակայն լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛վ Սեդեկիա, Հուդայի թագավո՛ր, Տերը քո մասին այսպես է ասում. "Դու սրով չես մեռնելու։ 5Դու խաղաղությամբ ես մեռնելու, և ինչպես քո հայրերի՝ քեզ նախորդող թագավորների համար խունկ ծխեցին, նույնպես և քեզ համար են ծխելու և "Վա՜յ, Տե՛ր" ասելով սուգ են անելու քեզ վրա, որովհետև այս խոսքը ես ասացի",- ասում է Տերը”»։
6Եվ Երեմիա մարգարեն Երուսաղեմում այս բոլոր խոսքերն ասաց Հուդայի Սեդեկիա թագավորին, 7մինչ Բաբելոնի թագավորի զորքը պատերազմում էր Երուսաղեմի դեմ և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ, Լաքիսի և Ազեկայի դեմ, որովհետև Հուդայի քաղաքների մեջ սրանք էին մնացել որպես ամրացված քաղաքներ։
Վատ վերաբերմունք գերիների հանդեպ
8Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Սեդեկիա թագավորը Երուսաղեմում գտնվող ամբողջ ժողովրդի հետ ուխտ էր կապել՝ նրանց ստրուկներին ազատություն հռչակելով, 9որ ամեն մարդ ազատ արձակի իր ծառային և ամեն մարդ՝ իր աղախնին՝ եբրայեցուն և եբրայեցուհուն, որ ոչ մեկը չստրկացնի իր հրեա եղբորը։ 10Եվ բոլոր իշխանավորները և ամբողջ ժողովուրդը հնազանդվեցին և ուխտ արեցին, որ ամեն մարդ ազատ արձակի իր ծառային և ամեն մարդ՝ իր աղախնին, որպեսզի նրանց այլևս չստրկացնեն։ Հնազանդվեցին ու արձակեցին։ 11Բայց հետո դարձան և իրենց ազատ արձակած ծառաներին և աղախիններին հետ դարձրին և նրանց բռնի կերպով որպես ծառաներ ու աղախիններ ստրկացրին։
12Եվ Տիրոջ խոսքը Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով. 13«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես ձեր հայրերի հետ ուխտ կնքեցի այն օրը, երբ նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից՝ ասելով. 14"Յոթերորդ տարում ձեզնից ամեն մեկը թող արձակի իր եբրայեցի եղբորը, որ ծախվել է ձեզ և վեց տարի ծառայել. դուք նրան ձեր մոտից ազա՛տ արձակեք". բայց ձեր հայրերն ինձ չհնազանդվեցին և ականջ չդրեցին։ 15Դուք վերջերս դարձի եկաք, և ամեն մարդ, իր ընկերոջը ազատություն հռչակելով, արեց այն, ինչ որ ուղիղ է իմ աչքին, և իմ առաջ ուխտ կապեցիք այն տանը, որ իմ անունով է կոչվում։ 16Բայց նորից դարձաք ու պղծեցիք իմ անունը և վերադարձրիք՝ ամեն մարդ իր ծառային և ամեն մարդ՝ իր աղախնին, որոնց ազատ էիք արձակել իրենց կամքով, և նրանց ստրկացրիք, որ ձեզ համար ծառաներ և աղախիններ լինեն”»։ 17Ուստի Տերը այսպես է ասում. «Դուք ինձ չհնազանդվեցիք ազատություն հռչակելու, յուրաքանչյուրը՝ իր եղբորը և իր ընկերոջը. ահա ես հռչակում եմ սրի, ժանտախտի, սովի ազատագրություն,- ասում է Տերը,- ես ձեզ երկրի բոլոր թագավորությունների սարսափը կդարձնեմ։ 18Եվ այն մարդիկ, որոնք զանցում են իմ ուխտը և չեն կատարում իմ առաջ իրենց կնքած ուխտի խոսքերը, կլինեն ինչպես զվարակը, որին երկուսի բաժանեցին ու նրա մասերի միջով անցան. 19Հուդայի իշխանավորներն ու Երուսաղեմի իշխանավորները, պալատականները, քահանաները և երկրի ամբողջ ժողովուրդը, որոնք զվարակի կտորների միջով անցան։ 20Նրանց պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը և նրանց կյանքը փնտրողների ձեռքը։ Նրանց դիակները երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կեր պիտի դառնան։ 21Հուդայի Սեդեկիա թագավորին ու նրա իշխանավորներին պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքն ու նրանց կյանքը փնտրողների ձեռքը, Բաբելոնի թագավորի զորքի ձեռքը, որը ձեզանից դարձավ#34.21 Պաշարումը ժամանակավորապես ընդմիջվեց, երբ Եգիպտոսից արշավանք եղավ Նաբուգոդոնոսորի դեմ. այդ ժամանակ ստրուկները վերագերեվարվեցին։։ 22Ահա ես պիտի հրամայեմ,- ասում է Տերը,- և նրանց այս քաղաք պիտի վերադարձնեմ. նրա դեմ պիտի պատերազմեն և այն գրավեն ու կրակով այրեն։ Ես Հուդայի քաղաքները ամայություն պիտի դարձնեմ, առանց բնակչի»։

Currently Selected:

ԵՐԵՄԻԱ 34: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy