YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱ 32

32
Երեմիան մի արտ է գնում
1Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային Հուդայի թագավոր Սեդեկիայի տասներորդ տարում, այսինքն՝ Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում։ 2Այն ժամանակ Բաբելոնի թագավորի զորքը պաշարում էր Երուսաղեմը, իսկ Երեմիա մարգարեն արգելափակված էր Հուդայի թագավորի պալատի բանտում, 3որտեղ նրան բանտարկել էր Հուդայի թագավոր Սեդեկիան՝ ասելով. «Դու ինչո՞ւ մարգարեություն արեցիր և ասացիր, թե Տերն այսպես է ասում. “Ահա այս քաղաքը ես պիտի տամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա պիտի գրավի այն։ 4Եվ Հուդայի Սեդեկիա թագավորը չի պրծնի քաղդեացիների ձեռքից, այլ անպատճառ Բաբելոնի թագավորի ձեռքը պիտի տրվի, նրա հետ բերան առ բերան պիտի խոսի և աչք աչքի պիտի տեսնվի։ 5Եվ նա Բաբելոն պիտի տանի Սեդեկիային. նա այնտեղ պիտի մնա, մինչև որ ես այցելեմ նրան,- ասում է Տերը.- թեև պատերազմեք քաղդեացիների դեմ, հաջողություն չեք ունենալու”»։
6Երեմիան ասաց. «Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 7“Ահա քո հորեղբոր՝ Սեղղումի որդի Անամայելը քեզ մոտ պիտի գա և ասի. "Գնի՛ր իմ արտը, որ Անաթովթում է, որովհետև փրկագնման իրավունքը քոնն է, որպեսզի գնե"”»։ 8Եվ իմ հորեղբորորդի Անամայելն ինձ մոտ՝ բանտի գավիթը եկավ Տիրոջ խոսքի համաձայն և ասաց ինձ. «Խնդրեմ գնի՛ր իմ արտը, որ Անաթովթում է՝ Բենիամինի երկրում, որովհետև ժառանգության և փրկագնման իրավունքը քեզ է պատկանում, և քոնն է ազգականությունը. գնի՛ր քեզ համար»։ Եվ ես իմացա, որ սա Տիրոջ խոսքն էր։ 9Եվ ես իմ հորեղբորորդի Անամայելից գնեցի այդ արտը, որ Անաթովթում է, և կշռեցի տվեցի նրան դրամը՝ տասնյոթ սիկղ արծաթ։ 10Ես ստորագրեցի փաստաթղթում, կնքեցի և վկաներով հաստատեցի և արծաթը կշեռքով կշռեցի։ 11Ես վերցրի գնման փաստաթուղթը՝ հրամանի և կանոնների համաձայն կնքվածը և բացը#32.11 Այսինքն՝ չկնքված օրինակը։։ 12Եվ գնման փաստաթուղթը#32.12 Բռց. մագաղաթը։ իմ հորեղբորորդի Անամայելի աչքի առաջ և այն վկաների աչքի առաջ, որոնք ստորագրել էին գնման փաստաթուղթը, և այն բոլոր հրեաների աչքի առաջ, որոնք նստած էին բանտի գավթում, տվեցի Մաասիայի որդի Ներիայի որդուն՝ Բարուքին։ 13Եվ նրանց աչքի առաջ հրամայեցի Բարուքին՝ ասելով. 14«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Վերցրո՛ւ այս փաստաթղթերը՝ գնման կնքված փաստաթուղթը, այս բաց փաստաթուղթը, և դրանք դի՛ր կավե մի անոթի մեջ, որպեսզի շատ օրեր մնան”։ 15Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այս երկրում կրկին տներ և այգիներ ու խաղողի այգիներ պիտի գնվեն”»։
Երեմիայի աղոթքը
16Եվ գնման փաստաթուղթը Ներիայի որդի Բարուքին տալուց հետո աղոթք արեցի Տիրոջը՝ ասելով. 17«Օ՜, Տե՛ր Աստված, քո մեծ զորությամբ ու քո մեկնած բազուկով դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը. քեզ համար ոչ մի բան դժվար չէ։ 18Դու, որ ողորմություն ես անում հազարավորներին և հայրերի անօրենությունները նրանցից հետո իրենց որդիներին ես հատուցում, ո՛վ դու մեծ և հզոր Աստված, որի անունը Զորությունների Տեր է։ 19Դու, որ մեծ ես խորհրդով և զորավոր՝ գործերով, աչքերդ բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա, որպեսզի յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ և իր գործերի արդյունքի համեմատ հատուցես. 20դու, որ Եգիպտոսի երկրում և մինչև այսօր Իսրայելում և մարդկության մեջ նշաններ ու հրաշքներ արեցիր և քեզ համար անուն վաստակեցիր, ինչպես այսօր։ 21Եվ նշաններով ու հրաշքներով, զորավոր ձեռքով ու մեկնած բազուկով և մեծ երկյուղով Իսրայելին՝ քո ժողովրդին, հանեցիր Եգիպտոսի երկրից։ 22Եվ նրանց տվեցիր այս երկիրը, որ իրենց հայրերին երդվել էիր, որ նրանց տալու ես մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է բխում։ 23Եվ նրանք եկան ու ժառանգեցին այն, բայց քո ձայնին ականջ չդրեցին և քո օրենքներով չընթացան, և այն ամենը, որ դու նրանց հրամայել էիր անել, չարեցին, ուստի դու նրանց այս ամեն չարիքը հասցրիր։ 24Ահա պաշարման հողաթմբերը հասել են քաղաքին, որպեսզի այն գրավեն, և քաղաքը սրի, սովի և ժանտախտի պատճառով քաղդեացիների ձեռքը տրվեց, որոնք պատերազմում էին նրա դեմ։ Եվ ինչ որ ասել էիր, եղավ, և դու ահա տեսնում ես։ 25Սակայն դու ինձ ասացիր, ո՛վ Տեր Աստված. “Քեզ համար փողո՛վ գնիր այն արտը, և վկաները թող վկայեն”, թեև քաղաքը քաղդեացիների ձեռքն է տրվում»։ 26Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով. 27«Ահա ես եմ Տերը՝ ամեն մարմնի Աստվածը. մի՞թե ինձ համար որևէ դժվար բան կա»։ 28Սրա համար Տերն այսպես է ասում. «Ահա այս քաղաքը ես պիտի տամ քաղդեացիների ձեռքը և Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի ձեռքը, և նա պիտի գրավի այն։
29Եվ այս քաղաքի դեմ պատերազմող քաղդեացիները պիտի գան և կրակով այրեն այս քաղաքը, վառեն այն, նաև այն տները, որոնց կտուրների վրա Բահաղին խունկ են ծխում և թափելու նվերներ մատուցում օտար աստվածների, որպեսզի գրգռեն իմ բարկությունը։ 30Որովհետև Իսրայելի որդիները և Հուդայի որդիները իրենց մանկությունից ի վեր միայն չարություն են արել իմ առաջ, որովհետև Իսրայելի որդիներն իրենց ձեռքի գործերով միայն գրգռում էին իմ բարկությունը,- ասում է Տերը։- 31Որովհետև այս քաղաքն իմ բարկության և իմ զայրույթի համար եղավ այն կառուցելու օրից մինչև այսօր։ Ուստի ես այն պիտի վերացնեմ իմ առաջից 32Իսրայելի որդիների և Հուդայի որդիների ամբողջ չարության պատճառով, որ նրանք գործեցին իմ բարկությունը գրգռելու համար, նրանք, նրանց թագավորներն ու նրանց իշխանավորները, նրանց քահանաներն ու մարգարեները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։ 33Եվ ինձ թիկունք ցույց տվեցին և ոչ թե երես, թեպետ ես սովորեցնում էի նրանց կրկին ու կրկին, բայց նրանք չէին լսում, որպեսզի խրատ ընդունեին։ 34Իրենց այս գարշելի քանդակները դրեցին այն տան մեջ, որ իմ անունն է կրում, որպեսզի այն պղծեին։ 35Եվ Ենովմի որդու ձորում շինեցին Բահաղի Բարձր տեղերը, որպեսզի իրենց որդիներին ու դուստրերին զոհաբերեն Մողոքին, որը ես նրանց չէի հրամայել, և մտքովս էլ չէր անցել, որ այդ պիղծ բանն անեն՝ Հուդային մեղանչել տալու համար»։
Հույսի խոստում
36Եվ հիմա սրա համար Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. «Այս քաղաքի մասին, որ դուք ասում եք, թե “սրով, սովով ու ժանտախտով Բաբելոնի թագավորի ձեռքն է տրվում”, 37ահա ես պիտի հավաքեմ նրանց այն բոլոր երկրներից, ուր նրանց աքսորել եմ մեծ բարկությամբ, զայրույթով և մեծ սրտմտությամբ. նրանց պիտի վերադարձնեմ այստեղ և բնակեցնեմ ապահովությամբ։ 38Եվ նրանք իմ ժողովուրդը կլինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ։ 39Եվ ես նրանց մեկ սիրտ և մեկ ճանապարհ կտամ, որ ինձնից ընդմիշտ վախենան՝ ի բարօրություն իրենց և իրենցից հետո՝ իրենց որդիների։ 40Եվ ես նրանց հետ հավիտենական ուխտ եմ կապում, որ չշրջվեմ իրենց բարիք անելուց, և իմ վախը նրանց սրտերում կդնեմ, որ ինձնից չդառնան։ 41Եվ ես նրանց բարություն անելով պիտի հրճվեմ և իմ ամբողջ սրտով և իմ ամբողջ հոգով նրանց ճշմարտապես պիտի տնկեմ այս երկրում»։ 42Որովհետև Տերն այսպես է ասում. «Ինչպես որ այս ժողովրդի վրա այս ամբողջ մեծ չարիքը բերեցի, այնպես էլ նրանց վրա պիտի բերեմ այն ամբողջ բարիքը, որ ես խոստացել եմ նրանց։ 43Եվ արտերը պիտի գնվեն այս երկրում, որի մասին դուք ասում եք. “Ամայի է, առանց մարդու և անասունի, քաղդեացիների ձեռքն է տրվել”։ 44Բենիամինի երկրում և Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում և լեռնային քաղաքներում, դաշտային քաղաքներում, հարավային քաղաքներում փողով արտեր են գնելու. գրելու են փաստաթղթում ու կնքելու և վկաներով հաստատելու են, որովհետև ես նրանց պիտի վերադարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։

Currently Selected:

ԵՐԵՄԻԱ 32: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy