Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16

16
1Աստծու տապանակը բերեցին ու դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր դրա համար, և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Աստծու առաջ։ 2Երբ Դավիթը վերջացրեց ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելը, օրհնեց ժողովրդին Տիրոջ անունից։ 3Ապա ամբողջ Իսրայելին՝ տղամարդկանց և կանանց, բաշխեց յուրաքանչյուրին մեկ նկանակ հաց, մի կտոր միս և մեկ կարկանդակ։
4Նա Տիրոջ տապանակի առջև ղևտացիներից պաշտոնյաներ դրեց Իսրայելի Տեր Աստծուն աղերսելու, գոհություն մատուցելու և փառաբանելու համար։ 5Գլխավորն էր Ասափը, նրանից հետո երկրորդը՝ Զաքարիան, ապա Հեիելը, Սեմիրամոթը, Հեքիելը, Մատաթիան, Եղիաբը, Բանեան, Աբդեդոմն ու Հեիելը՝ տավիղներով ու քնարներով, և Ասափը՝ ծնծղաներ հնչեցնելով։ 6Բանեա և Հազիել քահանաները շարունակ փողեր էին հնչեցնում Աստծու ուխտի տապանակի առաջ։
7Այդ օրը Դավիթն առաջին անգամ Տիրոջը գոհություն մատուցելու համար այս սաղմոսը տվեց Ասափին ու նրա եղբայրներին.
Փառաբանության երգ
(Սաղ. 105.1-15, 96.1-13, 106.47-48)
8«Փառաբանեցե՛ք Տիրոջը, կանչեցե՛ք նրա անունը,
Ժողովուրդների մեջ հռչակե՛ք նրա գործերը։
9Երգեցե՛ք նրան, փառաբանեցե՛ք նրան,
Խոսեցե՛ք նրա բոլոր սքանչելի գործերի մասին։
10Պարծեցե՛ք նրա սուրբ անունով.
Տիրոջը փնտրողների սիրտը թող ուրախանա։
11Փնտրեցե՛ք Տիրոջն ու նրա զորությունը.
Միշտ նրա ներկայությո՛ւնը որոնեցեք։
12Հիշե՛ք նրա սքանչելի գործերը, որ արեց,
Նրա նշաններն ու նրա հրահանգները։
13Ո՛վ նրա ծառա Իսրայելի զավակներ,
Նրա ընտրյալնե՛ր, Հակոբի՛ որդիներ։
14Ինքը Տերն է մեր Աստվածը,
Նրա դատաստաններն ամբողջ երկրի վրա են։
15Հավիտյան հիշե՛ք նրա ուխտը,
Նրա պատվիրած խոսքը մինչև հազար սերունդ,
16Այն ուխտը, որ նա կնքեց Աբրահամի հետ,
Եվ իր երդումը Իսահակի հետ։
17Եվ հաստատեց, որ Հակոբի համար կանոն
Եվ Իսրայելի համար հավիտենական ուխտ լինի՝
18Ասելով. “Քեզ եմ տալու Քանանի երկիրը՝
Որպես ձեր ժառանգության բաժին”։
19Սակավաթիվ էին նրանք,
Շատ քիչ և պանդուխտ այնտեղ,
20Ազգից ազգ էին գնում
Եվ մի թագավորությունից մի այլ ժողովրդի մոտ։
21Բայց նա թույլ չտվեց, որ որևէ մեկը նեղի նրանց.
Եվ թագավորներ պատժեց նրանց համար՝ ասելով.
22“Մի՛ մոտեցեք իմ օծյալներին,
Իմ մարգարեներին չար բան մի՛ արեք”։
23Երգեցե՛ք Տիրոջը, ամբողջ երկրի մարդի՛կ,
Օրեցօր քարոզեցե՛ք նրա փրկությունը,
24Պատմեցե՛ք ազգերի մեջ նրա փառքը,
Բոլոր ժողովուրդների մեջ՝ նրա սքանչելի գործերը,
25Քանզի Տերը մեծ է և հույժ գովելի,
Ահավոր է նա, քան բոլոր աստվածները,
26Քանզի ազգերի բոլոր աստվածները կուռքեր են,
Իսկ Տերը երկինքն է արարել։
27Փառք և վայելչություն կա նրա առաջ,
Զորություն և ուրախություն՝ նրա բնակարանում։
28Ո՛վ բոլոր ժողովուրդներ,
Տիրոջը տվե՛ք փառք և զորություն,
29Տիրոջը նրա անվան փա՛ռքը տվեք,
Ընծա՛ բերեք ու եկե՛ք նրա առաջ,
Երկրպագեցե՛ք Տիրոջը սուրբ հանդեսով։
30Դողացե՛ք նրա առաջ, երկրի բոլո՛ր մարդիկ,
Աշխարհը հաստատ է և չպիտի երերա։
31Թող երկինքն ուրախանա, երկիրը ցնծա,
Եվ ասեն ազգերի մեջ. “Տերը թագավորում է”։
32Ծովը գոռգոռա իր լիությամբ,
Ուրախանա դաշտն ու ինչ որ կա նրա մեջ։
33Այն ժամանակ կցնծան Տիրոջ առաջ անտառի բոլոր ծառերը,
Քանզի նա գալիս է երկիրը դատելու։
34Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի բարի է,
Եվ նրա ողորմությունը հավիտենական է։
35Ասացե՛ք. “Փրկի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված,
Հավաքի՛ր մեզ և ազատի՛ր մեզ ազգերից,
Որ գոհություն մատուցենք քո սուրբ անվանը
Եվ պարծենանք քո մեծագործություններով”։
36Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը,
Հավիտենից մինչև հավիտյան»։
Եվ ամբողջ ժողովուրդն ասաց՝ «Ամեն», ու փառաբանեց Տիրոջը։
Պաշտամունք Երուսաղեմում և Գաբավոնում
37 Դավիթն այնտեղ՝ Տիրոջ ուխտի տապանակի առջև, թողեց Ասափին և նրա եղբայրներին, որպեսզի միշտ՝ ամեն օր, ծառայեն տապանակի առջև։ 38Եվ Աբդեդոմին ու նրա եղբայրներին՝ վաթսունութ հոգի, և Իդիթունի որդի Աբդեդոմին և Ուսային դռնապաններ կարգեց։ 39Սադոկ քահանային և նրա քահանա եղբայրներին դրեց Տիրոջ վրանի առջև՝ Գաբավոնում գտնվող բարձր տեղում, 40որպեսզի միշտ՝ ամեն առավոտ և երեկո, Տիրոջը ողջակեզներ մատուցեն ողջակեզի սեղանի վրա և կատարեն Տիրոջ օրենքում գրված այն ամենը, ինչ նա հրամայել է Իսրայելին։ 41Նրանց հետ էին Եմանը, Իդիթունը և մնացած ընտրյալները, որոնք անունով նշանակված էին գոհություն մատուցելու համար Տիրոջը, քանզի հավիտենական է նրա ողորմությունը։ 42Նրանց հետ էին Եմանն ու Իդիթունը՝ փողերով և ծնծղաներով՝ հնչեցնելու համար, և նվագարաններով՝ Աստծուն փառաբանելու համար։ Իսկ Իդիթունի որդիները դռնապաններ էին։ 43Ամբողջ ժողովուրդը գնաց՝ ամեն մեկն իր տունը, Դավիթն էլ վերադարձավ իր տունն օրհնելու։

Արդեն Ընտրված.

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում