Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17

17
Նաթանի պատգամը Դավթին
(Բ Թագ. 7.1-17)
1Երբ Դավիթը բնակվեց իր տանը, նա ասաց Նաթան մարգարեին. «Ահա ես բնակվում եմ եղևնափայտե տան մեջ, իսկ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է»։ 2Նաթանն ասաց Դավթին. «Արա՛ այն ամենը, ինչ կա սրտումդ, որովհետև Աստված քեզ հետ է»։ 3Նույն գիշերը Տերը խոսեց Նաթանի հետ՝ ասելով. 4«Գնա՛ և ասա՛ իմ ծառա Դավթին. “Տերն այսպես է ասում. "Դու ինձ համար բնակվելու տուն չես շինի, 5որովհետև Իսրայելի որդիներին Եգիպտոսից իմ հանելու օրվանից մինչև այսօր տան մեջ չեմ բնակվել, այլ գնացել եմ վրանից վրան և խորանից խորան։ 6Ինչքան տեղ որ ման եմ եկել Իսրայելի բոլոր որդիների հետ, մի՞թե մի խոսք ուղղել եմ Իսրայելի դատավորներից որևէ մեկին, որոնց հրամայել էի հովվել Իսրայելի իմ ժողովրդին, ասելով. "Ինչո՞ւ ինձ համար եղևնափայտե տուն չշինեցիք"”։ 7Եվ հիմա այսպե՛ս ասա իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Ես քեզ վերցրի փարախից՝ ոչխարների ետևից, որպեսզի Իսրայելի իմ ժողովրդին առաջնորդ լինես։ 8Ուր որ գնում էիր, ես քեզ հետ էի և կոտորեցի քո բոլոր թշնամիներին քո առաջից և երկրիս վրա եղած մեծերի անվան պես կմեծացնեմ քո անունը։ 9Իսրայելի իմ ժողովրդի համար մի տեղ պիտի որոշեմ և նրան հաստատեմ այնտեղ. նա բնակվում է իր տեղում և այլևս չպիտի շարժվի. անիրավության որդիները առաջվա նման այլևս չպիտի տանջեն նրան, 10ինչպես այդ եղել է այն օրվանից, երբ Իսրայելի իմ ժողովրդի վրա դատավորներ էի դրել։ Ես նվաճելու եմ քո բոլոր թշնամիներին և քեզ հայտնում եմ, որ Տերն է քեզ համար տուն կառուցելու։ 11Երբ քո օրերը լրանան, և դու գնաս քո հայրերի մոտ, այն ժամանակ քեզանից հետո եկող քո սերնդին, որ քո որդիներից կլինի, պիտի բարձրացնեմ և հաստատեմ նրա թագավորությունը։ 12Նա ինձ համար տուն պիտի շինի, և ես նրա գահը հավիտյան պիտի հաստատեմ։ 13Ես նրան հայր պիտի լինեմ, և նա ինձ որդի պիտի լինի։ Իմ ողորմությունը նրանից ետ չեմ քաշելու, ինչպես որ ետ քաշեցի նրանից, որը քեզնից առաջ էր։ 14Ես նրան ընդմիշտ պիտի հաստատեմ իմ տանն ու իմ թագավորության մեջ, և նրա գահը հավիտյան պիտի լինի"”»։
15Նաթանն այս բոլոր խոսքերը և այս ամբողջ տեսիլքը նույնությամբ պատմեց Դավթին։
Դավթի շնորհակալության աղոթքը
(Բ Թագ. 7.18-29)
16Հետո Դավիթ թագավորը գնաց, նստեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր Աստված, և ո՞րն է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչև այստեղ։ 17Սակայն այս էլ քիչ երևաց քո աչքերին, ո՛վ Աստված, և ահա դու խոսում ես քո ծառայի տան մասին գալիք ժամանակի համար։ Դու ինձ վրա նայեցիր, ինչպես բարձրաստիճան մի մարդու, Տե՛ր Աստված։ 18Էլ ի՞նչ ավելացնի քեզ Դավիթը ծառայիդ պատվելու համար. դու ճանաչում ես քո ծառային։ 19Ո՛վ Տեր, այս բոլոր մեծ բաներն արեցիր քո ծառայի համար և ըստ քո սրտի, որպեսզի հայտնես այս մեծագործությունները։ 20Ո՛վ Տեր, քեզ նմանը չկա, և քեզնից բացի այլ Աստված չկա՝ մեր ականջներով մեր բոլոր լսածների համաձայն։ 21Երկրի վրա կա՞ մի ազգ, որ նման լինի Իսրայելի քո ժողովրդին, որին Աստված ինքը գնաց փրկելու և նրան իր ժողովուրդը դարձնելու, որպեսզի դու մեծամեծ և զարհուրելի գործերով քեզ համար անուն հաստատես՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջևից, որին դու փրկեցիր Եգիպտոսից։ 22Իսրայելի քո ժողովրդին հավիտյան ժողովուրդ դարձրիր քեզ համար, և դու, ո՛վ Տեր, Աստված եղար նրանց համար։ 23Եվ այժմ, ո՛վ Տեր, այն խոսքը, որ դու ասել ես քո ծառայի և նրա տան մասին, թող հաստատվի հավիտյան. և արա՛, ինչպես որ ասել ես, 24որպեսզի քո անունը հաստատ ու մեծ լինի հավիտյան, և որպեսզի ասեն. “Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, Աստված է Իսրայելի համար”, և քո ծառայի՝ Դավթի տունը թող կանգուն մնա քո առջև, 25որովհետև դու, ո՛վ Աստված, քո ծառայի ականջին հայտնեցիր, թե իր համար տուն պիտի կառուցես, և դրա համար քո ծառան համարձակվեց այս աղոթքն անելու քո առջև։ 26Եվ հիմա, ո՛վ Տեր, դու ես Աստված, որ քո ծառայի համար խոսեցիր այս բարիքը։ 27Արդ, բարեհաճի՛ր օրհնել քո ծառայի տունը, որպեսզի այն հավիտյան լինի քո առաջ, որովհետև դո՛ւ օրհնեցիր, Տե՛ր, և նա օրհնյալ է հավիտյան»։

Արդեն Ընտրված.

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում