YouVersion Logo
Search Icon

Հռոմեացիներին 14

14
Եղբորդ մի՛ դատիր
1Հավատի մեջ տկարացածին ընդունե՛ք՝ առանց նրա կարծիքները քննադատելու։ 2Մեկի հավատը թույլ է տալիս ամեն ինչ ուտել, իսկ մյուսը, որ տկար է, միայն բանջարեղեն է ուտում։ 3Ուտողը թող չուտողին չանարգի, իսկ չուտողն էլ թող ուտողին չդատի, որովհետև Աստված նրան ընդունել է։ 4Դու ո՞վ ես, որ ուրիշի ծառային դատում ես. նա իր Տիրոջ համար է կանգուն կամ ընկած. բայց նա կկանգնի, որովհետև Աստված կարող է նրան վեր կանգնեցնել։ 5Մեկը օրն օրից վեր է դասում, իսկ մյուսը բոլոր օրերը հավասար է համարում. ամեն մեկը թող իր մտքի համոզմամբ վարվի։ 6Օրերը հաշվի առնողը Տիրոջ համար է հաշվի առնում, իսկ օրերը հաշվի չառնողը Տիրոջ համար հաշվի չի առնում։ Ով ուտում է, Տիրոջ համար է ուտում և Աստծուն գոհություն հայտնում, իսկ ով չի ուտում, Տիրոջ համա՛ր չի ուտում և Աստծուն գոհություն հայտնում։ 7Որովհետև մեզանից ոչ ոք ինքն իր համար չի ապրում, և ոչ ոք ինքն իր համար չի մեռնում։ 8Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, իսկ թե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Ուրեմն թե ապրենք և թե մեռնենք, Տիրոջն ենք։ 9Հենց դրա համար Քրիստոսը մեռավ ու կենդանացավ, որ մեռածների և կենդանիների վրա տիրի։ 10Բայց դու ինչո՞ւ ես քո եղբորը դատում կամ ինչո՞ւ ես քո եղբորն անարգում. որովհետև բոլորս էլ Քրիստոսի ատյանի առջև ենք կանգնելու։ 11Որովհետև գրված է.
«Ես կենդանի եմ,- ասում է Տերը,-
ամեն ծունկ իմ առաջ պետք է ծալվի,
և ամեն լեզու Աստծուն պիտի խոստովանի» (Ես. 45.23)։
12Ուրեմն մեզանից ամեն մեկն իր համար Աստծուն պետք է հաշիվ տա։
Եղբորդ գայթակղության պատճառ մի՛ եղիր
13Այսուհետև այլևս իրար չդատենք, այլ ավելի մտածե՛ք, որ եղբոր համար անկման կամ գայթակղության պատճառ չլինեք։ 14Գիտեմ և համոզված եմ Տեր Հիսուսով, որ ոչ մի բան ինքնին պիղծ չէ. միայն ով մի բան պիղծ է համարում, իր համար է պիղծ։ 15Եթե ուտելիքի պատճառով քո եղբայրը տրտմում է, ուրեմն դու նրա հետ այլևս սիրով չես վարվում. քո ուտելիքով կորստյան մի՛ մատնիր նրան, ում համար Քրիստոսը մեռավ։ 16Ձեր բարին թող չչարախոսվի։ 17Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։ 18Ով այս կերպով է ծառայում Քրիստոսին, Աստծուն հաճելի է ու մարդկանց՝ գովելի։ 19Ուրեմն հետևե՛ք խաղաղությանը և միմյանց ամրապնդելուն։ 20Ուտելիքի պատճառով Աստծու գործը մի՛ քանդիր։ Ամեն բան մաքուր է, բայց չար է այն մարդու համար, որը գայթակղության պատճառ դառնալով է ուտում։ 21Լավ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել ու ո՛չ էլ որևէ բան անել, որից քո եղբայրը սայթաքում է։ 22Դու, որ հավատ ունես, քեզ համա՛ր ունեցիր Աստծու առաջ։ Երանի նրան, ով իրեն չի դատապարտի նրանով, ինչով փորձության է ենթարկում։ 23Իսկ նա, ով կասկածում է, որ եթե ուտի, դատապարտված է, հավատից չէ։ Ամեն բան, որ հավատից չէ, մեղք է։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy