YouVersion Logo
Search Icon

Հռոմեացիներին 13

13
Հնազանդություն իշխանություններին
1Ամեն մարդ թող հնազանդվի իր վրա եղած իշխանություններին, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։ 2Ուրեմն իշխանությանը հակառակվողն Աստծու հրամանին է հակառակվում, և հակառակվողներն իրենք իրենց վրա դատապարտություն են վերցնում։ 3Որովհետև իշխանավորները բարի գործերի համար վախ չեն ազդում, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր ու նրանից գովասանք կստանաս, 4որովհետև իշխողը քեզ համար Աստծու սպասավորն է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև սուրն իզուր տեղը չի կրում։ Նա Աստծու սպասավորն է՝ չարիք գործողին բարկությամբ պատժելու համար։ 5Դրա համար պետք է հնազանդ լինել ոչ միայն բարկության վախի պատճառով, այլ խղճի համար ևս։ 6Դրա համար եք նաև հարկ վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են այդ բանը հոգալու համար։ 7Ուրեմն վճարե՛ք ամեն մեկին իրեն հասանելիքը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին վախ՝ վախը, որին պատիվ՝ պատիվը։
Սեր միմյանց նկատմամբ
8Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ընկերոջը սիրողն օրենքը կատարել է։ 9Քանի որ «Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր», «Սուտ մի՛ վկայիր», «Մի՛ ցանկացիր» (Ելք 20.14, 13, 15-17, Բ Օր. 5.18, 17, 19-21) և ուրիշ ի՛նչ պատվիրաններ էլ որ կան, այս խոսքի մեջ են բովանդակվում՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։ 10Սերն ընկերոջ նկատմամբ չարիք չի գործի. ուրեմն օրենքի լրումը սերն է։
11Ժամանակի հետ կապված՝ սա՛ էլ իմացեք. արդեն քնից զարթնելու ժամն է, որովհետև այժմ փրկությունը մեզ ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացինք։ 12Գիշերն անցել է, ու ցերեկը՝ մոտեցել, ուրեմն խավարի գործերը դեն գցենք և լույսի զենքերը հագնենք։ 13Ինչպես ցերեկը, պարկեշտությա՛մբ շրջեք, ոչ թե անառակություններով ու հարբեցողությամբ, անկողնային խառնակությամբ ու պղծություններով, ո՛չ հակառակությամբ, ո՛չ էլ նախանձով։ 14Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով ու մարմնի մասին մի՛ հոգացեք ցանկությունը բավարարելու համար։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy