YouVersion Logo
Search Icon

Մարկոս 9

9
Հիսուսի այլակերպությունը
(Մտթ. 17.1-13, Ղուկ. 9.28-36)
1Եվ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողներից ոմանք մահ չեն ճաշակելու, մինչև չտեսնեն Աստծու արքայությունը՝ զորությամբ եկած»։ 2Վեց օր հետո Հիսուսը իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին և նրանց առանձին մի բարձր լեռ հանեց ու նրանց առաջ այլակերպվեց։ 3Նրա հագուստները դարձան փայլուն, ձյան պես խիստ սպիտակ, այնպես, որ երկրի վրա ոչ մի ներկարար այդպես չէր կարող սպիտակեցնել։ 4Ապա նրանց երևաց Եղիան՝ Մովսեսի հետ, և խոսում էին Հիսուսի հետ։ 5Եվ Պետրոսը Հիսուսին ասաց. «Ռա՛բբի, լավ է, որ մենք այստեղ մնանք և երեք տաղավար շինենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ 6Որովհետև չգիտեր, թե ի՛նչ խոսեր, քանի որ սարսափած էին։ 7Եվ մի ամպ նրանց վրա հովանի եղավ. այդ ամպից ձայն հնչեց և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեք»։ 8Եվ հանկարծ իրենց շուրջը նայեցին, իրենց հետ ոչ ոքի չտեսան, բացի Հիսուսից։
9Լեռից իջնելիս նրանց պատվիրեց, որ իրենց տեսածի մասին ոչ մեկի չպատմեն մինչև այն ժամանակը, երբ Մարդու Որդին մեռելներից հարություն առնի։ 10Նրանք այդ խոսքն իրենց մեջ պահեցին ու իրար հարցնում էին, թե ինչ է նշանակում՝ մեռելներից հարություն կառնի։ 11Ապա նրան հարցրին. «Ինչո՞ւ են դպիրներն ասում, թե՝ "Նախ Եղիան պետք է գա"»։ 12Հիսուսը պատասխանեց. «Նախ Եղիան կգա և ամեն ինչ կարգի կդնի։ Սակայն ինչո՞ւ է Մարդու Որդու մասին գրված, թե շատ կչարչարվի և կանարգվի։ 13Բայց ձեզ ասում եմ, որ Եղիան եկավ, և նրանք ինչ որ ուզեցին, արեցին նրան, ինչպես որ նրա մասին գրված է»։
Պիղծ ոգով բռնված տղայի բժշկումը
(Մտթ. 17.14-21, Ղուկ. 9.37-44ա)
14Եվ երբ մնացած աշակերտների մոտ եկավ, տեսավ նրանց շուրջը հավաքված մեծ բազմություն և դպիրներին, որ վիճում էին նրանց հետ։ 15Իսկույն ամբողջ ժողովուրդը, նրան տեսնելով, անակնկալի եկավ ու ընդառաջ վազեց նրան ողջունելու։ 16Հիսուսը դպիրներին հարցրեց. «Ինչի՞ մասին եք վիճում նրանց հետ»։ 17Ժողովրդի միջից մեկը պատասխանեց ու ասաց. «Վարդապե՛տ, քեզ մոտ եմ բերել իմ որդուն, որն իր մեջ պիղծ ոգի ունի և համրացել է։ 18Որտեղ այն նրան բռնում է, գետնով է տալիս, և նրա բերանից փրփուր է դուրս գալիս, ատամներն է կրճտացնում և փայտանում է։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն դրան, բայց չկարողացան»։ 19Նա պատասխանեց ու ասաց նրանց. «Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ եմ ձեզ հետ լինելու, մինչև ե՞րբ եմ ձեզ հանդուրժելու։ Նրան ինձ մո՛տ բերեք»։ 20#9.20 Հն. մի շարք ձեռ. այս համարը չունեն։ Եվ նրան իր մոտ բերեցին։ Հենց որ ոգին Հիսուսին տեսավ, անմիջապես ցնցեց տղային, և նա ընկավ գետնին, թավալվում էր, ու բերանից փրփուր էր դուրս գալիս։ 21Հիսուսը նրա հորը հարցրեց. «Որքա՞ն ժամանակ է նրան այս պատահել»։ Նա ասաց. «Մանկությունից. 22շատ անգամ նրան նաև կրակի ու ջրի մեջ է գցել, որ կորստյան մատնի։ Բայց եթե կարող ես մի բան անել, գթա՛ մեզ և օգնի՛ր»։ 23Հիսուսը նրան ասաց. «Եթե կարող ես հավատալ. հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»։ 24Այդժամ տղայի հայրն աղաղակեց ու արտասուքով ասաց. «Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը»։ 25Երբ Հիսուսը տեսավ, որ բազմություն է կուտակվում, սաստեց պիղծ ոգուն ու նրան ասաց. «Համր ու խո՛ւլ ոգի, ես քեզ հրամայում եմ, դո՛ւրս արի նրա միջից ու այլևս չմտնե՛ս նրա մեջ»։ 26Եվ ոգին, աղաղակելով ու տղային սաստիկ ցնցելով, դուրս ելավ։ Եվ տղան մեռելի պես եղավ, այնպես որ շատերն ասում էին, թե մեռավ։ 27Հիսուսը բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, և նա ոտքի կանգնեց։
28Եվ երբ նա տուն մտավ, աշակերտները նրան առանձին հարցրին. «Մենք ինչո՞ւ չկարողացանք հանել նրան»։ 29Եվ նա ասաց նրանց. «Այդ դիվային սերնդին ոչ ոք այլ կերպ չի կարող դուրս հանել, եթե ոչ աղոթքով ու ծոմով#9.29 Հն. ձեռ. չունեն ծոմով բառը։»։
Հիսուսը կրկին խոսում է մահվան և հարության մասին
(Մտթ. 17.22-23, Ղուկ. 9.44բ-45)
30Նրանք այնտեղից դուրս եկան և անցնում էին Գալիլեայի միջով։ Հիսուսը չէր ուզում, որ որևէ մեկն իմանա, 31որովհետև աշակերտներին ուսուցանում էր ու ասում, թե Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու, և նրանք պիտի սպանեն նրան, բայց երբ սպանվի, երրորդ օրը հարություն է առնելու։ 32Իսկ նրանք այդ խոսքը չէին հասկանում ու վախենում էին նրան հարցնել։
Ո՞վ է մեծ
(Մտթ. 18.1-5, Ղուկ. 9.46-48)
33Հիսուսը Կափառնաում եկավ և երբ տուն մտավ, նրանց հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»։ 34Սակայն նրանք լռում էին, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ո՛վ է մեծը։ 35Հիսուսը նստեց, կանչեց տասներկուսին և նրանց ասաց. «Եթե մեկն ուզում է լինել առաջինը, թող լինի բոլորից վերջինը ու բոլորի սպասավորը»։ 36Ապա վերցրեց մի երեխայի, նրանց մեջտեղում կանգնեցրեց և նրան գրկելով՝ ասաց նրանց. 37«Ով այսպիսի երեխաներից մեկին ընդունում է իմ անունով, ի՛նձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին, այլ ոչ ինձ»։
Ով մեզ դեմ չէ, մեր կողմն է
(Ղուկ. 9.49-50)
38Հովհաննեսը նրան ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, բայց նրան արգելեցինք, որովհետև մեզ չի հետևում#9.38 Հն. ձեռ. չունեն մեզ չի հետևում։»։ 39Հիսուսն ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև չկա մեկը, որ իմ անունով մի հրաշք գործի ու հետո անմիջապես կարողանա ինձ չարախոսել. 40որովհետև ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է։ 41Ով հանուն ինձ ձեզ մի բաժակ ջուր տա, քանի որ դուք Քրիստոսին եք պատկանում, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի։
Գայթակղության մասին
(Մտթ. 18.6-9, Ղուկ. 17.1-2)
42Իսկ ով որ գայթակղեցնի այս փոքրերից մեկին, որ հավատում են ինձ, նրա համար ավելի լավ կլինի, եթե վզից մի աղացքար կախվի, ու նա ծովը գցվի։ 43Եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ հավիտենական կյանք խեղանդամ մտնես, քան երկու ձեռք ունենաս, բայց գեհեն գնաս՝ այն անշեջ կրակի մեջ. 44#9.44 Հն. ձեռ. այս համարը չունեն։ "Այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում, ու կրակը չի հանգչում"։ 45Եվ եթե քո ոտքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն. քեզ համար ավելի լավ է, որ հավիտենական կյանք կաղ մտնես, քան երկու ոտք ունենաս և գեհեն ընկնես՝ այն անշեջ կրակի մեջ. 46#9.46 Հն. ձեռ. այս համարը չունեն։ "Այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում, ու կրակը չի հանգչում"։ 47Եվ եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն. քեզ համար ավելի լավ է, որ մեկ աչքով Աստծու արքայություն մտնես, քան երկու աչք ունենաս ու կրակի գեհենն ընկնես. 48"Այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում, ու կրակը չի հանգչում"։ 49Որովհետև ամեն ոք կրակով է աղվելու, ինչպես ամեն զոհ աղով է աղվում։ 50Աղը լավ բան է, իսկ եթե աղն իր աղիությունը կորցնի, ինչպե՞ս այն կվերագտնեք։ Ձեր անձի մեջ ա՛ղ ունեցեք ու իրար հետ խաղաղության մե՛ջ եղեք»։

Currently Selected:

Մարկոս 9: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy