YouVersion Logo
Search Icon

Մարկոս 8

8
Հացի երկրորդ բազմացումը
(Մտթ. 15.32-39)
1Այն օրերին, երբ դարձյալ շատ ժողովուրդ էր հավաքվել, և ուտելու բան չունեին, Հիսուսն իր աշակերտներին կանչեց ու նրանց ասաց. 2«Այս ժողովրդին խղճում եմ, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու ոչինչ չունեն։ 3Եթե նրանց քաղցած արձակեմ իրենց տները, ճանապարհին կնվաղեն, քանի որ ոմանք հեռվից են եկել»։ 4Աշակերտները պատասխանեցին նրան. «Ինչպե՞ս կարելի է այս ամայի վայրում նրանց հացով կշտացնել»։ 5Հիսուսը հարցրեց նրանց. «Քանի՞ հաց ունեք»։ Նրանք պատասխանեցին՝ յոթ։ 6Հիսուսը ժողովրդին հրամայեց, որ գետնին նստեն։ Եվ վերցրեց այն յոթ հացը, գոհություն հայտնեց, մասերի բաժանեց և իր աշակերտներին տվեց, որ բաժանեն. նրանք էլ բաժանեցին ժողովրդին։ 7Ունեին նաև մի քանի փոքր ձկներ. նա օրհնեց ու ասաց, որ դրանք էլ բաժանեն։ 8Կերան ու կշտացան. և յոթ զամբյուղ էլ ավելացած կտորներ հավաքեցին։ 9Մոտ չորս հազար մարդ կար։ Ապա Հիսուսը նրանց արձակեց 10և աշակերտների հետ իսկույն նավ մտավ ու Դաղմանութայի կողմերը եկավ։
Երկնային նշանի հայցում Հիսուսից
(Մտթ. 16.1-4)
11Փարիսեցիները եկան ու սկսեցին նրա հետ վիճել. նրան փորձելու համար նրանից նշան էին ուզում երկնքից։ 12Եվ նա հոգով տրտմեց ու ասաց. «Ինչո՞ւ է այս ազգը նշան ուզում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս ազգին այդպիսի նշան չի տրվելու»։ 13Նրանց թողեց, դարձյալ նավ մտավ ու մյուս կողմը գնաց։
Փարիսեցիների և հերովդեսականների խմորը
(Մտթ. 16.5-12)
14Աշակերտները մոռացել էին հաց վերցնել։ Նավում իրենց հետ մեկ հացից բացի ուրիշ ոչինչ չունեին։ 15Հիսուսը պատվիրեց նրանց ու ասաց. «Զգուշացե՛ք փարիսեցիների ու հերովդեսականների խմորից»։ 16Աշակերտները մտածում էին և իրար մեջ ասում. «Քանի որ հաց չունենք, դրա համար է այդ ասում»։ 17Հիսուսը հասկացավ և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք մտածում, թե հաց չունեք։ Դեռ չե՞ք հասկանում և չե՞ք հիշում. ձեր սիրտն այդքան ընդարմացա՞ծ է։ 18Աչք ունեք և չե՞ք տեսնում, ականջ ունեք և չե՞ք լսում ու չե՞ք հիշում։ 19Երբ այն հինգ հացը հինգ հազար մարդու համար կտրեցի, դրանց կտորներից քանի՞ կողով լիքը վերցրիք»։ Նրան ասացին. «Տասներկու»։ 20«Իսկ երբ յոթ հացը չորս հազար մարդու համար կտրեցի, դրանց կտորների՞ց քանի զամբյուղ լիքը վերցրիք»։ Նրանք ասացին. «Յոթ»։ 21Նրանց ասաց. «Հապա ինչպե՞ս չեք հասկանում»։
Կույրի բժշկումը
22Եկան Բեթսայիդա. նրա առաջ բերեցին մի կույրի ու խնդրում էին, որ դիպչի նրան։ 23Հիսուսը կույրի ձեռքից բռնեց, գյուղից դուրս տարավ։ Նրա աչքերին թքելով ու ձեռքով դրանց դիպչելով՝ նրան հարցրեց, թե որևէ բան տեսնո՞ւմ է։ 24Նա նայեց ու ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որոնք քայլող ծառերի նման են»։ 25Հետո դարձյալ ձեռքերը նրա աչքերի վրա դրեց և նրան հստակ տեսնել տվեց։ Նրա տեսողությունը վերականգնվեց, և բոլորին պարզ տեսնում էր։ 26Հիսուսը նրան տուն ուղարկեց՝ ասելով. «Ո՛չ գյուղ կմտնես, ո՛չ էլ գյուղում մեկին կասես»։
Ո՞վ է Հիսուսը
(Մտթ. 16.13-20, Ղուկ. 9.18-21)
27Հիսուսն իր աշակերտների հետ Փիլիպպյան Կեսարիայի գյուղերը գնաց։ Ճանապարհին աշակերտներին հարցրեց ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ եմ ես»։ 28Նրանք պատասխանեցին. «Հովհաննես Մկրտիչը, ոմանք՝ Եղիան, ոմանք էլ՝ մարգարեներից մեկը»։ 29Իսկ նա հարցրեց նրանց. «Հապա դո՞ւք իմ մասին ինչ եք ասում. ո՞վ եմ»։ Պետրոսը պատասխանեց ու նրան ասաց. «Դու Քրիստոսն ես»։ 30Այդժամ Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ այդ մասին ոչ ոքի չասեն։
Հիսուսը խոսում է իր մահվան և հարության մասին
(Մտթ. 16.21-23, Ղուկ. 9.22)
31Հիսուսը սկսեց նրանց ուսուցանել, որ Մարդու Որդին պետք է շատ չարչարվի, փորձության ենթարկվի ծերերից, քահանայապետներից ու դպիրներից, պետք է մահանա և երեք օր հետո հարություն առնի։ 32Եվ նա բացահայտ խոսում էր նրանց հետ այդ մասին։ Պետրոսը նրան մի կողմ տարավ ու սկսեց հանդիմանել։
Հիսուսին հետևելու պայմաններ
(Մտթ. 16.24-28, Ղուկ. 9.23-27)
33Սակայն Հիսուսը դարձավ դեպի իր աշակերտները, նայեց նրանց և Պետրոսին հանդիմանեց ու ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև դու չես մտածում, ինչպես Աստված է կամենում, այլ ինչպես մարդիկ»։
34Ապա Հիսուսը ժողովրդին աշակերտների հետ միասին իր մոտ կանչեց ու նրանց ասաց. «Ով ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, իր խաչը վերցնի ու իմ հետևից գա։ 35Որովհետև ով ցանկանա իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը ինձ համար ու Ավետարանի համար կորցնի, նա կփրկի այն։ 36Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. 37որովհետև մարդն իր կյանքի համար ի՞նչ հատուցում կտա։ 38Ով, ապրելով այս շնացող և մեղավոր ազգի մեջ, ինձ ու իմ խոսքերը ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրա՛ն կամաչեցնի, երբ գա իր Հոր փառքով ու սուրբ հրեշտակներով»։

Currently Selected:

Մարկոս 8: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy