YouVersion Logo
Search Icon

Ղուկաս 16

16
Անիրավ տնտեսի առակը
1Հիսուսն աշակերտներին ասաց. «Մի հարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ։ Նրանից գանգատվեցին հարուստին, իբր նրա ունեցվածքը վատնում է։ 2Եվ նրան կանչեց ու ասաց. "Այս ի՞նչ եմ լսում քո մասին. հաշի՛վ տուր քո տնտեսության վերաբերյալ, որովհետև այլևս տնտես չես կարող լինել"։ 3Տնտեսն իր մտքում ասաց. "Ի՞նչ եմ անելու, քանի որ իմ տերը տնտեսությունն իմ ձեռքից վերցնում է. հերկել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ 4Գիտեմ, թե ինչ կանեմ, որպեսզի ինձ իրենց տներն ընդունեն, երբ տնտեսությունից հանվեմ"։ 5Եվ իր տիրոջ պարտապաններին մեկ առ մեկ իր մոտ կանչեց և առաջինին ասաց. "Իմ տիրոջն ինչքա՞ն ես պարտք"։ 6Նա ասաց. "Հարյուր մար#16.6 Մարը մոտավորապես 50լ է։ ձեթ"։ Նրան ասաց. "Ա՛ռ մուրհակդ, նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն"։ 7Հետո մյուսին ասաց. "Դո՞ւ ինչքան ես պարտք"։ Նա էլ ասաց. "Հարյուր քոռ ցորեն"։ Եվ նրան ասաց. "Ա՛ռ մուրհակդ ու գրի՛ր՝ ութսուն"։ 8Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որ հնարամտությամբ է գործել, որովհետև այս աշխարհի որդիները, իրենց նմանների հետ կապի մեջ լինելով, լույսի որդիներից ավելի հնարամիտ են։
Դրամի խելացի օգտագործումը
9Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք, որ երբ այն պակասի, հավիտենական բնակարանների մեջ ձեզ ընդունեն։ 10Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ։ 11Արդ եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ո՞վ ձեզ ճշմարիտը կվստահի։ 12Եթե օտարին պատկանողի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ պատկանողը ո՞վ կտա ձեզ։
13Ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի, մյուսին կսիրի, կա՛մ մեկին կպատվի, մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային»։
Ընդդեմ արծաթասեր փարիսեցիների
(Մտթ. 11.12-13, 5.31-32, Մրկ. 10.11-12)
14Այս բոլոր բաները լսում էին փարիսեցիները, որ արծաթասեր էին ու ծաղրում էին նրան։ 15Եվ նրանց ասաց. «Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ցույց տալիս, բայց Աստված գիտե ձեր սրտերը, որովհետև մարդկանց առաջ բարձրն Աստծու առաջ պիղծ է։ 16Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսն են. նրանից հետո քարոզվում է Աստծու արքայությունը, և ամեն ոք շտապում է այնտեղ մտնել։ 17Սակայն ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրը անցնեն, քան օրենքի մի փոքր նշանագիրն անգամ չիրագործվի։ 18Ամեն ոք, ով արձակում է իր կնոջը և ուրիշին առնում, շնանում է, և ով ամուսնու կողմից արձակված կին է առնում, շնանում է։
Աղքատ Ղազարոսի առակը
19Մի հարուստ մարդ կար, որ ծիրանի ու բեհեզ էր հագնում և ամեն օր շքեղ խնջույք էր անում։ 20Մի աղքատ մարդ էլ կար՝ Ղազարոս անունով, որ վերքերով ծածկված՝ նրա դռան առաջ ընկած էր 21և ցանկանում էր հագենալ այն փշրանքներով, որ թափվում էին հարուստի սեղանից. շներն էլ գալիս էին, լիզում նրա վերքերը։ 22Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան Աբրահամի գոգը տարան. հարուստն էլ մեռավ ու թաղվեց։ 23Եվ դժոխքում, մինչ տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին, Ղազարոսին էլ՝ նրա գրկում։ 24Նա աղաղակեց ու ասաց. "Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ և ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը ջրով թրջի և լեզուս հովացնի, որովհետև այս կրակի բոցի մեջ տանջվում եմ"։ 25Իսկ Աբրահամն ասաց. "Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարիքները։ Հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։ 26Եվ այդ բոլորից բացի, մեր ու ձեր միջև մեծ անդունդ է հաստատված, որպեսզի այստեղից ձեզ մոտ անցնել ուզողները չկարողանան, ոչ էլ այդտեղից մեզ մոտ անցնեն"։ 27Եվ ասաց. "Ուրեմն աղաչում եմ քեզ, հա՛յր, որ դրան իմ հոր տուն ուղարկես, 28որովհետև ես հինգ եղբայր ունեմ. թող նրանց վկայություն տա, որ նրանք էլ տանջանքի այս վայրը չգան"։ 29Աբրահամը նրան ասաց. "Նրանք Մովսեսին ու մարգարեներին ունեն. թող նրանց լսեն"։ 30Իսկ նա ասաց. "Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, կապաշխարեն"։ 31Եվ նրան ասաց. "Եթե Մովսեսին ու մարգարեներին չեն լսում, չեն էլ համոզվի, եթե մեռելներից մեկը հարություն առնի"»։

Currently Selected:

Ղուկաս 16: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy