YouVersion Logo
Search Icon

Ղուկաս 17

17
Գայթակղության մասին
(Մտթ. 18.6-9, Մրկ. 9.42-48)
1Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղություններ չգան, բայց վա՛յ նրան, ում միջոցով կգան։ 2Նրա համար ավելի լավ է, եթե իր պարանոցից մի երկանաքար կախվի, ու ծովը գցվի, քան թե այս փոքրերից մեկին գայթակղեցնի։
3Ձեր անձերի համա՛ր զգուշացեք։
Եղբայրական անհիշաչարություն
Եթե քո եղբայրը քո դեմ մեղանչի, նրան հանդիմանի՛ր, ու եթե ապաշխարի, նրան ների՛ր։ 4Եթե քո դեմ օրը յոթ անգամ մեղանչի ու յոթ անգամ քեզ մոտ դառնա և ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»։
Հավատի ուժը
5Եվ առաքյալները Տիրոջն ասացին. «Ավելացրո՛ւ մեր հավատը»։ 6Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասեք՝ "Պոկվի՛ր ու ծովի մե՛ջ տնկվիր", նա ձեզ կհնազանդվի։
Խոնարհաբար ծառայել
7Բայց ձեզանից ո՞վ, որ մի հողագործ կամ հովիվ ծառա ունենա ու երբ դաշտից տուն մտնի, նրան իսկույն կասի. "Եկ սեղա՛ն նստիր"։ 8Այլ նրան չի՞ ասի. "Պատրաստի՛ր, ինչ որ ընթրելու եմ, գոտի կապած՝ ինձ ծառայի՛ր, մինչև ուտեմ ու խմեմ, հետո դու էլ կուտես ու կխմես"։ 9Մի՞թե ծառային պետք է շնորհակալ լինի, որ իրեն հրամայված այդ գործերն անի։ 10Այդպես էլ դուք, երբ ձեզ հրամայված բոլոր բաներն անեք, ասե՛ք. "Մենք անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անել, արեցինք"»։
Տասը բորոտների մաքրվելը
11Երբ նա Երուսաղեմ էր գնում, Սամարիայի ու Գալիլեայի միջով էր անցնում։ 12Եվ մի գյուղ մտնելիս նրան տասը բորոտներ հանդիպեցին, որոնք հեռու կանգնեցին 13և բարձրաձայն ասացին. «Հիսո՛ւս, Վարդապե՛տ, ողորմի՛ր մեզ»։ 14Երբ տեսավ, նրանց ասաց. «Գնացե՛ք, ձեզ քահանաների՛ն ցույց տվեք»։ Եվ նրանք գնալիս մաքրվեցին։ 15Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ՝ բարձրաձայն փառաբանելով Աստծուն։ 16Նա երեսնիվայր ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և գոհություն էր հայտնում, և ինքը սամարացի էր։ 17Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին, արդ այն ինը որտե՞ղ են։ 18Վերադարձողներ չգտնվեցի՞ն Աստծուն փառք տալու համար, բացի այս այլազգուց»։ 19Եվ նրան ասաց. «Վեր կաց գնա՛, քո հավատը փրկեց քեզ»։
Աստծու արքայության գալուստը
(Մտթ. 24.23-28,  37-41)
20Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե Աստծու արքայությունը ե՛րբ է գալու, նրանց պատասխանեց ու ասաց. «Աստծու արքայությունը տեսանելի նշանով չի գալու, 21ոչ էլ կասեն. "Ահա այստեղ է կամ ահա այնտեղ է". որովհետև ահա Աստծու արքայությունը հենց ձեր ներսում է»։
22Իսկ աշակերտներին ասաց. «Կգան օրեր, երբ կուզենաք Մարդու Որդու օրերից մեկը տեսնել ու չեք տեսնի։ 23Ձեզ կասեն. "Ահա այստեղ է կամ ահա այնտեղ է"։ Չգնաք ու չհետևեք։ 24Որովհետև ինչպես ճայթող կայծակն է փայլատակում հորիզոնի մի ծայրից մյուսը, այնպես էլ կլինի Մարդու Որդին իր օրը։ 25Բայց նախ պետք է, որ նա շատ չարչարվի և այս սերնդի կողմից մերժվի։ 26Եվ ինչպես որ Նոյի օրերին եղավ, այնպես էլ Մարդու Որդու օրերին կլինի։ 27Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։ 28Նույն ձևով, ինչպես Ղովտի օրերին էլ եղավ. ուտում էին, խմում, առնում էին, վաճառում, տնկում էին, կառուցում։ 29Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից հուր ու ծծումբ տեղաց և բոլորին կորստյան մատնեց։ 30Նույն կերպ էլ այն օրը կլինի, երբ Մարդու Որդին հայտնվի։ 31Այդ օրն ով տանիքին լինի, իսկ կարասին՝ տան մեջ, թող չիջնի դրանք վերցնելու. դաշտում եղողն էլ թող հետ չդառնա։ 32Հիշե՛ք Ղովտի կնոջը։ 33Ով իր անձը փրկել ուզենա, այն կկորցնի, իսկ ով այն կորցնի, կփրկվի։ 34Ասում եմ ձեզ. այդ գիշերը երկու հոգի մի անկողնում կլինեն. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի։ 35Երկու կին միասին աղալիս կլինեն. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի»։ #17.35 17.36 համարը հին հունարենում պակասում է։ 37Եվ պատասխանեցին նրան ու ասացին. «Որտե՞ղ, Տե՛ր»։ Հիսուսն էլ ասաց նրանց. «Որտեղ մարմինն է, արծիվներն այնտեղ էլ կհավաքվեն»։

Currently Selected:

Ղուկաս 17: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy