YouVersion Logo
Search Icon

ՀԵՍՈՒ 18

18
Երկրի մնացած մասի բաժանումը
1Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում. այնտեղ կանգնեցրին ժողովի վրանը, և երկիրը նվաճվեց նրանց առաջ։
2Իսրայելի որդիների մեջ մնացել էր յոթ ցեղ, որոնք իրենց ժառանգությունը չէին ստացել։ 3Հեսուն Իսրայելի որդիներին ասաց. «Մինչև ե՞րբ եք թույլ լինելու և չեք գնալու, որ ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տվել է ձեզ։ 4Ամեն ցեղից երեք մա՛րդ բերեք, և ես նրանց կուղարկեմ, որ վեր կենան շրջեն այդ երկրում, չափագրեն այն ըստ իրենց ժառանգության և վերադառնան ինձ մոտ։ 5Այն թող բաժանեն յոթ մասի. Հուդան մնա իր սահմանում՝ հարավային կողմում, իսկ Հովսեփի տունը մնա իր սահմաններում՝ հյուսիսային կողմում։ 6Դուք երկիրը չափագրե՛ք յոթ բաժիններով և բերե՛ք այստեղ՝ ինձ մոտ։ Ես ձեզ համար այստեղ վիճակ կգցեմ մեր Տեր Աստծու առաջ, 7որովհետև ղևտացիները ձեր մեջ բաժին չունեն. նրանց ժառանգությունը Տիրոջ համար արված քահանայությունն է։ Գադը, Ռուբենն ու Մանասեի կես ցեղը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում, ստացան իրենց ժառանգությունը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվեց նրանց»։
8Եվ այդ մարդիկ վեր կացան գնացին։ Հեսուն այդ երկիրը չափագրելու գնացող մարդկանց հրամայեց՝ ասելով. «Գնացե՛ք, շրջե՛ք այդ երկրում, չափագրե՛ք այն և վերադարձե՛ք ինձ մոտ, որպեսզի այստեղ՝ Սելովում, Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ գցեմ»։ 9Այն մարդիկ գնացին, շրջեցին այդ երկրում և այն յոթ բաժին անելով ըստ նրա քաղաքների՝ գրեցին մի գրքի մեջ և եկան Հեսուի մոտ՝ բանակատեղի, Սելով։ 10Հեսուն Սելովում Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց Իսրայելի որդիների միջև՝ ըստ իրենց բաժինների։
Բենիամինին հատկացված երկիրը
11Բենիամինի որդիների ցեղի վիճակն ընկավ ըստ իրենց տոհմերի։ Վիճակով նրանց բաժնի սահմանն ընկավ Հուդայի որդիների և Հովսեփի որդիների միջև։ 12Նրանց սահմանը եղավ հյուսիսային կողմում՝ Հորդանան գետից, և այս սահմանը հյուսիսային կողմից բարձրանում է Երիքովի մոտ, ելնում դեպի լեռն արևմուտքում և վերջում հասնում Բեթավանի անապատը։ 13Այնտեղից սահմանն անցնում է դեպի Լուզ՝ անցնելով Լուզի հարավային կողմը, այսինքն՝ Բեթելի մոտ. այս սահմանն իջնում է Ատարոթ-Ադար լեռան վրա, որը վարի Բեթորոնի հարավային կողմում է։ 14Այս սահմանը ձգվում և արևմտյան կողմով պտույտ է տալիս դեպի հարավ այն սարից, որ հարավային կողմից Բեթորոնի դիմացն է, և վերջում հասնում է Կարիաթ-Բաաղ, որը Կարիաթարիմն է՝ Հուդայի որդիների քաղաքը։ Արևմտյան կողմն այս է։ 15Սահմանի հարավային կողմը, Կարիաթարիմի ծայրից սկսելով, դուրս է գալիս դեպի արևմուտք և գնում դեպի Նափթովայի ջրի աղբյուրը։ 16Այնուհետև սահմանն իջնում է Ռափայինների հովտի հյուսիսային կողմում գտնվող Ենոմի որդու ձորի դիմացի լեռան լանջը և Հեբուսի մոտից՝ դեպի հարավ, Ենոմի ձորով իջնում Ռոգելի աղբյուրը։ 17Հյուսիսային կողմից գնում և դուրս է գալիս Ենսամյուս, ապա այնտեղից գնում է դեպի Գալիլոթ, որը գտնվում է Եդովմինի զառիվերի դիմաց, և իջնում մինչև Ռուբենի որդու՝ Բաանի վեմը 18և Արաբայի դիմացի կողմից անցնում է հյուսիս ու իջնում Արաբաթ։ 19Ապա սահմանն անցնում է Բեթագղայի մոտով դեպի հյուսիս և վերջում այս սահմանը հասնում է Աղի ծովի հյուսիսային ծոցը՝ Հորդանան գետի հարավային ծայրում։ Այս է հարավային սահմանը։ 20Իսկ արևելյան կողմի սահմանը Հորդանան գետն է։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունն իր շուրջանակի սահմաններով՝ ըստ նրանց տոհմերի։ 21Բենիամինի որդիների ցեղի քաղաքներն ըստ իրենց տոհմերի սրանք են՝ Երիքով, Բեթագղա, Եմեկկասիս, 22Բեթարաբա, Սեմարիմ, Բեթել, 23Ավիմ, Փարա, Եփրա, 24Քեփարամոննա, Հոփնի և Գաբա. տասներկու քաղաք և դրանց գյուղերը։ 25Գաբավոն, Ռամա, Բերոթ, 26Մասփա, Կեփիրա, 27Մոսա, Ռեկեմ, Հերփայել, Թարաղա, 28Սելա, Էլեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Կարիաթ. տասնչորս քաղաք և դրանց գյուղերը։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։

Currently Selected:

ՀԵՍՈՒ 18: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy