YouVersion Logo
Search Icon

ՀԵՍՈՒ 17

17
Մանասե
1Մանասեի ցեղին վիճակով բաժին ընկավ, քանի որ Հովսեփի անդրանիկ որդին էր։ Մանասեի անդրանիկը՝ Մաքիրը՝ Գաղաադի հայրը, քանի որ պատերազմող մարդ էր, բաժին ստացավ Գաղաադն ու Բասանը։ 2Մանասեի մյուս որդիներին՝ Աբիեզերի որդիներին, Քեղեքի որդիներին, Ասրիելի որդիներին, Սյուքեմի որդիներին, Ոփերի որդիներին և Սեմիդայի որդիներին, ժառանգություն հասավ ըստ իրենց տոհմերի։ Սրանք էին Հովսեփի որդու՝ Մանասեի արու զավակներն ըստ իրենց տոհմերի։ 3Մանասեի որդու՝ Մաքիրի որդու՝ Գաղաադի որդու՝ Ոփերի որդին՝ Սալպաադը, տղաներ չուներ, այլ միայն աղջիկներ։ Նրա աղջիկների անունները սրանք են՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։ 4Սրանք ներկայացան Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին և իշխաններին ու ասացին. «Տերը Մովսեսին հրամայեց, որ մեզ ժառանգություն տա մեր եղբայրների մեջ»։ Եվ Հեսուն Տիրոջ հրամանով նրանց ժառանգություն տվեց իրենց հորեղբայրների մեջ։ 5Մանասեին ընկավ տասը բաժին Հորդանան գետի այն կողմում, բացի Գաղաադի և Բասանի երկրից, 6որովհետև Մանասեի աղջիկները ժառանգություն ստացան նրա որդիների մեջ, և Գաղաադի երկիրը Մանասեի մյուս որդիներինը եղավ։
7Մանասեի սահմանը եղավ Ասերից մինչև Մաքմեթաթ, որ Սյուքեմի դիմացն է. այս սահմանը գնում է դեպի աջ մինչև Թափուայի աղբյուրի բնակիչների մոտ։ 8Թափուայի երկիրը Մանասեինը եղավ, իսկ Մանասեի սահմանի վրա գտնվող Թափուա քաղաքը Եփրեմի որդիներինը եղավ։ 9Այս սահմանն իջնում է Կանա հեղեղատը. հեղեղատի հարավային կողմում Մանասեի քաղաքներն են։ Մանասեի սահմանը հեղեղատի հյուսիսային կողմից գնալով հասնում է ծովը։ 10Հարավային կողմը Եփրեմինը, իսկ հյուսիսային կողմը Մանասեինը լինելով՝ նրանց սահմանը ծովը եղավ. հյուսիսային կողմից դրանք դիպչում էին Ասերին, իսկ արևելյան կողմից՝ Իսաքարին։ 11Իսաքարի և Ասերի միջև Մանասեինն էին Բեթսանն ու նրա գյուղաքաղաքները, Հեբղաամն ու նրա գյուղաքաղաքները, Դորի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, Ենդորի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, Թանաքի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները և Մակեդդովի բնակիչներն ու նրա գյուղաքաղաքները, այս երեք գավառները։ 12Մանասեի որդիները չկարողացան հալածել այս քաղաքների բնակիչներին, և քանանացիները շարունակեցին բնակվել այդ երկրում։ 13Երբ Իսրայելի որդիները զորացան, հարկատու դարձրին քանանացիներին, բայց նրանց ամբողջովին չհալածեցին։
Եփրեմը և Մանասեի ցեղի արևմտյան կեսը նոր հող են ցանկանում
14Հովսեփի որդիները Հեսուի հետ խոսեցին և ասացին. «Ինչո՞ւ ինձ միայն մեկ վիճակ և մեկ բաժին ժառանգություն տվեցիր, երբ ես բազմաքանակ ժողովուրդ եմ, որովհետև Տերն ինձ այսչափ օրհնեց»։ 15Հեսուն նրանց ասաց. «Եթե դու բազմաքանակ ժողովուրդ ես, ապա բարձրացի՛ր անտառ և այնտեղ քեզ համար տե՛ղ պատրաստիր փերեզացիների և Ռափայինների երկրում, քանի որ Եփրեմի լեռը քեզ համար նեղ է»։ 16Հովսեփի որդիներն ասացին. «Լեռը մեզ չի մնա, և բոլոր քանանացիները, որոնք բնակվում են հովտում՝ Բեթսանում ու նրա գյուղաքաղաքներում, ինչպես նաև Հեզրայելի հովտում, երկաթե կառքեր ունեն»։ 17Հեսուն Հովսեփի տան՝ Եփրեմի ու Մանասեի հետ խոսեց և ասաց. «Դու բազմաքանակ ժողովուրդ ես և շատ զորություն ունես. թող քեզ մեկ վիճակ չլինի, 18այլ լեռը քոնը լինի, որովհետև դա անտառ է, կմաքրեք այն, և մինչև ծայրը այն քոնը կլինի, որովհետև դու այնտեղից կհալածես քանանացիներին, ինչքան էլ նրանք երկաթե կառքեր ունենան և զորավոր լինեն»։

Currently Selected:

ՀԵՍՈՒ 17: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy