YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 49

49
Իսրայելը՝ ազգերի լույս
1Լսե՛ք ինձ, ո՛վ ծովեզրեր, ուշադի՛ր եղեք, ո՛վ հեռվի ժողովուրդներ. Տերն ինձ կանչել է դեռ արգանդից, իմ մոր որովայնից է հիշատակել իմ անունը։ 2Նա իմ բերանը դարձրել է սրած թրի նման, ինձ ծածկել է իր ձեռքի հովանու տակ, փայլուն նետ է շինել ինձ և թաքցրել իր կապարճում։ 3Նա ինձ ասել է. «Դու իմ ծառան ես, ո՛վ Իսրայել, ես քեզանով կփառավորվեմ»։ 4Իսկ ես ասում էի. «Իզուր եմ հոգնել, զուր և ունայն տեղն եմ սպառել իմ ուժը. սակայն իմ իրավունքը Տիրոջ մոտ է, և իմ վարձը՝ իմ Աստծու մոտ։ 5Եվ հիմա այսպես է ասում Տերը, որ ինձ դեռ որովայնից իր համար ծառա ստեղծեց, որ Հակոբին վերադարձնեմ [իր մոտ և Իսրայելին հավաքեմ իր համար], Տերը պատվել է ինձ, և իմ Աստված է իմ զորությունը»։ 6Նա ասում է. «Դա դեռ քիչ է, որ դու իմ ծառան լինես՝ Հակոբի տոհմերը վերականգնելու և Իսրայելի վերապրածներին վերադարձնելու համար. ես քեզ նաև ազգերի համար լույս կդարձնեմ, որպեսզի իմ փրկությունը հասնի մինչև երկրի ծայրերը»։
7Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Փրկիչը՝ նրա Սուրբը, անարգված անձին, ազգերի ատելիին և իշխանավորների ծառային. «Թագավորները կտեսնեն և ոտքի կկանգնեն. իշխանները կերկրպագեն Տիրոջը, որը հավատարիմ է, Իսրայելի Սրբի համար, որն ընտրել է քեզ»։
Երուսաղեմի վերականգնումը
8Այսպես է ասում Տերը. «Ընդունելի ժամանակին քեզ պատասխանեցի, փրկության օրը քեզ օգնեցի, քեզ պահպանեցի և քեզ որպես ուխտ դրեցի ժողովրդին, որպեսզի վերականգնես երկիրը, որ բաժանես ավերված ժառանգությունները 9և ասես կալանավորներին. “Դո՛ւրս ելեք”, իսկ խավարի մեջ եղողներին՝ “Երևացե՛ք”։ Նրանք պիտի արածեն ճանապարհներին, նրանց համար արոտավայր կլինի բոլոր բլուրների վրա։ 10Նրանք քաղց չպիտի զգան ու չպիտի ծարավեն, խորշակն ու արևը չպիտի խփեն նրանց, որովհետև նրանց գթացողը նրանց պիտի առաջնորդի և նրանց պիտի տանի ջրի աղբյուրների մոտ։ 11Իմ բոլոր լեռները ճանապարհ պիտի դարձնեմ, և իմ պողոտաները պիտի բարձրացվեն։ 12Ահա սրանք հեռվից են գալիս, ահա նրանք՝ հյուսիսից և արևմուտքից, իսկ մյուսները՝ սինեացիների երկրից։ 13Ցնծա՛, ո՛վ երկինք, ուրախացի՛ր, ո՛վ երկիր, և ցնծությամբ պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, որովհետև Տերը մխիթարել է իր ժողովրդին և գթացել է նրա թշվառներին»։
14Բայց Սիոնն ասաց. «Տերն ինձ լքել է, իմ Տերն ինձ մոռացել է»։ 15Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը և չի՞ գթա իր որովայնի ծնունդին. եթե նա մոռանա իսկ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա։ 16Ահա ես իմ ձեռքերի ափերի մեջ փորագրել եմ քեզ, քո պարիսպներն իմ դիմացն են միշտ։ 17Քո զավակները շտապում են, քեզ քանդողներն ու ավերողները դուրս կելնեն քո միջից։ 18Բարձրացրո՛ւ աչքերդ քո շուրջը և տե՛ս. բոլորը հավաքվում գալիս են քեզ մոտ։ Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- դու նրանց ամենքին էլ հագնելու ես իբրև զարդ և նրանցով գոտևորվելու ես հարսի նման։ 19Արդարև, քո ավերակներն ու ամայի վայրերը, քո փլատակված երկիրը հիմա նեղ պիտի գա քո բնակիչների համար, և քեզ կուլ տվողները հեռվում կլինեն։ 20Զրկանքի ժամանակ ծնած որդիները#49.20 Այսինքն՝ զավակները, որ կորան, երբ Սիոնը գերության տարվեց կամ գերության մեջ ծնված Սիոնի զավակները։ քո ականջներին դեռ պիտի ասեն. «Այս տեղը նեղ է ինձ համար, տե՛ղ տուր ինձ, որ բնակվեմ»։ 21Եվ դու կասես քո սրտում. «Սրանց ո՞վ ծնեց ինձ համար, քանի որ ես անզավակ և ամուլ էի, ես գերի էի և աքսորված, սրանց ո՞վ է մեծացրել. ես մենակ էի մնացել, սրանք որտեղի՞ց են եկել»։
22Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա իմ ձեռքը բարձրացնում եմ ազգերի վրա և իմ դրոշը կանգնեցնում ժողովուրդների մեջ, և նրանք քո որդիներին կբերեն իրենց գրկում և քո դուստրերին կկրեն ուսերի վրա։ 23Թագավորները քո խնամատարները կլինեն, և նրանց թագուհիները՝ դայակները. նրանք երեսնիվայր պիտի երկրպագեն քեզ, պիտի լիզեն քո ոտքերի փոշին, և դու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը, և որ ինձ հուսացողները չեն ամաչելու։ 24Մի՞թե հզորից կվերցվի ավարը, կամ հաղթողի#49.24 Բռց. արդարի։ գերյալը կազատագրվի՞»։ 25Որովհետև այսպես է ասում Տերը. «Այո՛, հզորի գերյալն էլ կազատվի, և բռնակալի ավարն էլ կվերցվի։ Քեզ հետ վիճողների հետ ես ինքս կվիճեմ և քո որդիներին ե՛ս կփրկեմ։ 26Քեզ կեղեքողներին իրենց իսկ միսը պիտի ուտեցնեմ, և նրանք պիտի հարբեն իրենց արյունով, ինչպես հարբում են գինիով։ Եվ ամեն մարմին պիտի իմանա, որ ես եմ Տերը՝ քո Փրկիչը և քեզ փրկողը՝ Հակոբի Հզորը»։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 49: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy