YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 48

48
Աստված է ապագայի Տերը
1«Լսե՛ք այս, ո՛վ Հակոբի տուն, որ կոչված եք Իսրայելի անունով, որ Հուդայի աղբյուրից#48.1 Բռց. ջրերից։ եք դուրս եկել, որ երդվում եք Տիրոջ անունով, հիշատակում եք Իսրայելի Աստծուն, բայց ո՛չ ճշմարտությամբ, ո՛չ արդարությամբ։ 2Արդարև, նրանք կոչվում են սուրբ քաղաքի անունով և հենվում Իսրայելի Աստծու վրա, որի անունը Զորությունների Տեր է։ 3Նախկին եղելությունների մասին վաղուց եմ հայտարարել, դրանք իմ բերանից դուրս եկան, և ես դրանք իմացրի. ես հանկարծ դրանք կատարեցի, և դրանք եղան։ 4Որովհետև գիտեի, որ դու համառ ես, քո պարանոցը երկաթե ջղերից է, և քո ճակատը՝ պղնձից։ 5Դրա համար ես քեզ վաղուց հայտարարեցի այդ մասին, դեռ չեղած՝ իմացրի քեզ, որպեսզի չասես. “Իմ կուռքն է կատարել դրանք, իմ քանդակած ու ձուլած արձանն է հրամայել դա”։ 6Դու լսեցիր, հիմա տե՛ս այս ամենը. դու և՞ս չես ընդունելու#48.6 Բռց. հայտարարելու։։ Այսուհետև քեզ նոր բաների մասին եմ իմացնելու, ծածուկ բաների մասին, որ դու չգիտես։ 7Դրանք հիմա են ստեղծվել և ոչ թե վաղուց։ Այս օրից առաջ դու դրանց մասին չես լսել, ուրեմն չասես. “Ահա ես գիտեի դրանք”։ 8Դու ո՛չ լսել ես, ո՛չ իմացել, և ո՛չ էլ քո ականջը բաց էր նախկինում, որովհետև ես գիտեի, որ դու խիստ անհավատարիմ ես, որ դեռ որովայնից քեզ ըմբոստ են կոչել։ 9Հանուն իմ անվան հետաձգում եմ իմ բարկությունը և հանուն իմ գովաբանության ինձ հետ կպահեմ քեզ ոչնչացնելուց։ 10Ահավասիկ ես քեզ զտեցի, բայց ոչ որպես արծաթ, ես քեզ փորձեցի նեղությա՛ն հալոցում։ 11Հանուն ինձ, հանուն ինձ պիտի գործեմ, որովհետև ինչպե՜ս է անարգվելու իմ անունը. ես իմ փառքը ուրիշին չեմ տա։
Կյուրոսը՝ Տիրոջ ընտրած առաջնորդը
12Լսի՛ր ինձ, ո՛վ Հակոբ, և դու, Իսրայե՛լ, որին ես կանչեցի. ես նա եմ, ես եմ առաջինը և ես եմ վերջինը։ 13Իմ ձեռքն է հիմնել երկիրը, և իմ աջն է տարածել երկինքը. երբ կանչեմ նրանց, միասին կկանգնեն»։ 14Հավաքվե՛ք բոլորդ և լսե՛ք. նրանցից ո՞ր մեկն է պատմել այս բաները։ Ում Տերը սիրում է, նա՛ կկատարի նրա կամքը Բաբելոնի դեմ, և նրա բազուկը կծանրանա քաղդեացիների վրա։ 15Ես, ե՛ս եմ խոսել և ե՛ս եմ կանչել նրան, ե՛ս եմ նրան բերել, և նրա ճանապարհը կհաջողվի։ 16Մոտեցե՛ք ինձ, լսե՛ք այս բանը. ես սկզբից ծածուկ չեմ խոսել. դրա գոյանալու ժամանակից ես այնտեղ եմ։ Եվ հիմա Տեր Աստված է ինձ ուղարկել և իր հոգին։
Տիրոջ ծրագիրը իր ժողովրդի համար
17Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը, Իսրայելի Սուրբը. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ ուսուցանում եմ, ինչ որ օգտակար է, որ քեզ առաջնորդում եմ այն ճանապարհով, որ դու պետք է գնաս։ 18Երանի՜ ուշադիր լինեիր իմ հրամաններին. այն ժամանակ քո խաղաղությունը գետի նման կլիներ, և քո արդարությունը՝ ծովի ալիքների նման. 19քո սերունդը կլիներ ավազի նման, և քո երանքից ծնվածները՝ դրա հատիկների չափ. նրանց անունը չէր ջնջվի և չէր բնաջնջվի իմ առաջ»։
20Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ցնծալի ձայնով հայտարարե՛ք, հռչակե՛ք այս, տարածե՛ք մինչև երկրի ծայրը. ասացե՛ք. «Տերը փրկել է իր ծառա Հակոբին»։ 21Եվ նրանք չծարավեցին, երբ նա անապատում առաջնորդեց նրանց. նրանց համար քարից ջուր հոսեցրեց, պատռեց քարը, և ջրերը բխեցին։ 22«Ամբարիշտները խաղաղություն չունեն»,- ասում է Տերը։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 48: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy