YouVersion Logo
Search Icon

Բ ՕՐԵՆՔ 28

28
Հնազանդության օրհնությունները
(Ղևտ. 26.3-13, Բ Օր. 7.12-24)
1«Եթե ուշադրությամբ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, որպեսզի զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա քո Տեր Աստվածն էլ քեզ երկրի բոլոր ազգերից բարձր կդասի։ 2Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին։ 3Դու օրհնյալ կլինես քաղաքում և օրհնյալ՝ դաշտում։ 4Օրհնյալ կլինեն քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, քո կովերի ծնունդը և քո ոչխարների հոտերը։ 5Օրհնյալ կլինեն քո կողովը և քո խմորի տաշտը։ 6Օրհնյալ կլինես դու մտնելիս և օրհնյալ կլինես դուրս ելնելիս։ 7Տերը քո առջև կոտորել կտա քեզ վրա հարձակվող քո թշնամիներին. նրանք դուրս կգան քո դեմ մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քո առաջից։ 8Տերն օրհնությունը կուղարկի քեզ քո շտեմարաններում և քո բոլոր ձեռնարկումներում։ Նա քեզ կօրհնի քո Տեր Աստծու՝ քեզ տված երկրում։ 9Եթե քո Տեր Աստծու հրամանները պահես և գնաս նրա ճանապարհներով, Տերը քեզ իր համար սուրբ ժողովուրդ կհաստատի, ինչպես որ երդվել է քեզ։ 10Եվ երկրի բոլոր ժողովուրդները կտեսնեն, որ Տիրոջ անունը կոչված է քեզ վրա, ու կվախենան քեզանից։ 11Տերն առատություն կտա քեզ քո բարության համար՝ բազմացնելով քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո հողի պտուղն այն երկրում, որ Տերը երդվել է քո հայրերին՝ քեզ տալու համար։ 12Տերն իր բարության գանձը, այսինքն՝ երկինքը կբացի քեզ համար, որպեսզի իր ժամանակին անձրև տա քո երկրին և օրհնի քո ձեռքի բոլոր գործերը. դու փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ փոխ չես առնի։ 13Տերը քեզ կդարձնի գլուխ և ոչ թե պոչ. դու միշտ վերևում կլինես և ներքևում չես լինի, եթե հնազանդվես քո Տեր Աստծու պատվիրաններին, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, որ պահես ու կատարես 14և աջ կամ ձախ չշեղվես այն բոլոր խոսքերից, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, չգնաս օտար աստվածների ետևից՝ ծառայելու համար նրանց։
Անհնազանդության հետևանքները
(Ղևտ. 26.14-46)
15Բայց եթե չհնազանդվես քո Տեր Աստծու խոսքին և չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա այս բոլոր անեծքները կգան քեզ վրա, կհասնեն քեզ։ 16Անիծյալ կլինես դու քաղաքում և անիծյալ՝ դաշտում։ 17Անիծյալ կլինեն քո կողովն ու քո խմորի տաշտը, 18անիծյալ՝ քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո կովերի ծնունդներն ու ոչխարների հոտերը։ 19Անիծյալ կլինես դու մտնելիս և անիծյալ՝ դուրս ելնելիս։ 20Տերն անեծք, տառապանք և հանդիմանություն կուղարկի քո դեմ քո ձեռնարկած և արած բոլոր գործերում, մինչև որ բնաջինջ լինես և իսկույն կորչես քո չար գործերի համար, որ լքեցիր ինձ։ 21Տերը ժանտախտ կկպցնի քեզ, մինչև որ քեզ վերացնի այն երկրից, ուր որ դու մտնելու ես այն ժառանգելու։ 22Տերը քեզ կհարվածի հյուծախտով, հրատագնապ տենդով, ջերմով և այրող տաքությամբ, երաշտով, խորշակահարությամբ և բույսերի դալկությամբ, որոնք կհալածեն քեզ, մինչև որ կորչես։ 23Քո գլխի վրայի երկինքը պղնձի կվերածվի, իսկ քո տակի երկիրը՝ երկաթի։ 24Տերն անձրևի փոխարեն հող ու փոշի կտա քո երկրին, որոնք երկնքից կթափվեն քեզ վրա, մինչև որ բնաջինջ լինես։ 25Տերը կոտորել կտա քեզ քո թշնամիների առաջ. դու նրանց դեմ կելնես մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանց առաջից և երկրի բոլոր թագավորությունների մեջ թափառական կլինես։ 26Քո մարմինը կերակուր կլինի երկնքի բոլոր թռչուններին և երկրի գազաններին, և դրանց քշող չի լինի։ 27Տերը քեզ կհարվածի եգիպտական պալարներով, թանչով, քոսով, գոնջությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել դրանցից։ 28Տերը քեզ կհարվածի խելագարությամբ, կուրությամբ և սրտադողով։ 29Օրը ցերեկով դու կխարխափես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ, և հաջողություն չես ունենա քո ճանապարհներին։ Միշտ զրկված ու կողոպտված կլինես, և ազատող չի լինի։ 30Դու մի կնոջ հետ կնշանվես, բայց ուրիշը կպառկի նրա հետ, տուն կշինես, բայց նրա մեջ չես բնակվի, այգի կտնկես, բայց նրա խաղողը չես հավաքի։ 31Եզդ կմորթվի քո աչքի առաջ, բայց դու չես ուտի դրանից։ Էշդ կհափշտակվի քո առաջից և հետ չի տրվի քեզ։ Հոտերդ կմատնվեն քո թշնամիներին, և քեզ համար ազատող չի լինի։ 32Քո տղաներն ու աղջիկները ուրիշ ժողովրդի կտրվեն, և քո աչքերը կտեսնեն ու ամբողջ օրը կնվաղեն նրանց համար, բայց քո ձեռքում ուժ չի լինի։ 33Մի ժողովուրդ, որին դու չես ճանաչում, կուտի քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը, և դու ամեն օր միայն զրկված ու ճնշված կլինես։ 34Եվ կխելագարվես քո աչքերի տեսածից։ 35Տերը քո ծնկներն ու սրունքները, ոտքերիդ թաթերից մինչև գլխիդ գագաթը կհարվածի չարորակ պալարներով, որ չկարողանաս բուժվել։ 36Տերը քեզ և քեզ վրա քո դրած թագավորին կտանի այն ազգին, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն էին ճանաչում, և այնտեղ դու կծառայես օտար՝ փայտե ու քարե աստվածների։ 37Դու զարմանքի, առակի և ծաղրուծանակի առարկա կդառնաս այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնց մոտ կտանի քեզ Տերը։ 38Շատ սերմ կտանես քո արտը, բայց քիչ բերք կհավաքես, որովհետև մորեխները պիտի ուտեն այն։ 39Այգիներ կտնկես ու կմշակես, բայց գինին չես խմի և խաղողը չես հավաքի, որովհետև որդերը պիտի ուտեն այն։ 40Ձիթենիներ կունենաս քո բոլոր սահմաններում, բայց յուղով չես օծվի, որովհետև քո ձիթապտուղները պիտի թափվեն։ 41Տղաներ ու աղջիկներ կծնես, բայց նրանք քոնը չեն լինի, այլ գերության կգնան։ 42Քո բոլոր ծառերն ու քո հողի բերքը մանր մարախները կոչնչացնեն։ 43Քո մեջ բնակվող օտարականը քեզանից գերազանց կլինի և քեզանից ավելի կբարձրանա, իսկ դու ավելի ցած կիջնես։ 44Նա քեզ փոխ կտա, բայց դու նրան փոխ չես տա. նա գլուխ կլինի, իսկ դու պոչ կլինես։ 45Այս բոլոր անեծքները քեզ վրա կգան, կհալածեն քեզ և կհասնեն քեզ, մինչև որ բնաջինջ լինես, որովհետև չլսեցիր քո Տեր Աստծու խոսքը, որպեսզի պահեիր քեզ հրամայած պատվիրաններն ու կանոնները։ 46Դրանք քեզ վրա և քո սերնդի վրա հավիտյան նշաններ ու հրաշքներ կլինեն։ 47Քանի որ դու ուրախությամբ և հոժար սրտով չծառայեցիր քո Տեր Աստծուն ամեն բանի առատության համար, 48դրա համար էլ սովի, ծարավի, մերկության և ամեն տեսակ կարիքի մեջ դու կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո պարանոցին, մինչև որ բնաջինջ անի քեզ։ 49Տերը հեռվից՝ երկրի ծայրից, արծվի թռիչքի նման քեզ վրա մի ազգ կհանի, մի ազգ, որի լեզուն դու չես հասկանա, 50մի խստադեմ ազգ, որ ծերերին չի հարգի և երեխաներին չի խղճա։ 51Նա կուտի քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը, մինչև որ դու բնաջինջ լինես։ Նա քեզ չի թողնի ո՛չ ցորեն, ո՛չ գինի, ո՛չ յուղ, կխլի քո կովերի ծնունդներն ու քո ոչխարների հոտերը, մինչև որ բնաջինջ անի քեզ։ 52Քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, մինչև որ կործանվեն քո բարձր և ամուր պարիսպները, որոնց դու ապավինում ես քո ամբողջ երկրում. քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, քո ամբողջ երկրում, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։ 53Քո պաշարման ժամանակ և քո թշնամու քեզ պատճառած նեղության ժամանակ դու կուտես քո որովայնի ծնունդները՝ քո Տեր Աստծու քեզ տված քո տղաների և աղջիկների միսը։ 54Քո մեջ գտնվող քնքուշ և շատ փափկասուն տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբորը, իր ծոցում պառկող կնոջն ու ողջ թողած իր որդիներին, 55որպեսզի նրանցից ոչ մեկին չտա իր կերած որդիների մսից, որովհետև պաշարման ժամանակ և քո բոլոր քաղաքներում քո թշնամու քեզ պատճառած նեղության ժամանակ ուտելու ոչ մի բան չի մնալու նրան։ 56Քո մեջ գտնվող քնքուշ և փափկասուն կինը, որն իր քնքշության ու փափկության պատճառով սովոր չէր ոտքը գետնի վրա դնելու, ծուռ աչքով պիտի նայի իր ծոցում պառկող ամուսնուն, իր տղային, իր աղջկան, 57իր ոտքերի արանքից դուրս եկած ընկերքին ու իր ծնած զավակներին, որովհետև պաշարման ժամանակ և քո քաղաքներում քո թշնամիների քեզ պատճառած նեղության ժամանակ ամեն ինչի պակասության պատճառով ծածկաբար պիտի ուտի նրանց։
58Եթե զգուշությամբ չկատարես այս օրենքի բոլոր խոսքերը, որոնք գրված են այս գրքում, որ վախենաս այն պատվական և ահավոր անունից՝ ՏԻՐՈՋԻՑ՝ ՔՈ ԱՍՏԾՈՒՑ, 59ապա Տերն էլ անսովոր հարվածներով, մեծ և երկարատև հարվածներով, չարաղետ և տևական հիվանդություններով կպատուհասի քեզ և քո սերնդին։ 60Նա քեզ վրա կբերի Եգիպտոսի բոլոր հիվանդությունները, որոնցից դու վախենում ես, և դրանք կկպչեն քեզ։ 61Տերը քեզ վրա կբերի նաև ամեն տեսակ հիվանդություն ու հարված, որ գրված չեն օրենքների այս գրքում, մինչև որ դու բնաջինջ լինես։ 62Դուք, որ երկնքի աստղերի չափ շատ էիք, սակավաթիվ կմնաք, որովհետև չլսեցիք ձեր Տեր Աստծու խոսքը։ 63Եվ ինչպես որ Տերն ուրախացավ՝ ձեզ բարություն անելով և ձեզ բազմացնելով, այնպես էլ Տերը կուրախանա՝ ձեզ կորստյան մատնելով ու բնաջինջ անելով, և դուք կվերանաք այն երկրի երեսից, ուր այժմ գնում եք՝ այն ժառանգելու։ 64Տերը քեզ կգցի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կծառայես օտար՝ փայտե և քարե աստվածների, որոնց չէիք ճանաչել ո՛չ դու, ո՛չ էլ քո հայրերը։ 65Այդ ազգերի մեջ հանգստություն չես գտնի և քո ոտքի թաթերը հանգչեցնելու տեղ չես ունենա. այնտեղ Տերը քեզ կտա տագնապող սիրտ, աչքերի նվաղում և հոգու տրտմություն։ 66Կյանքդ քո առաջ կախված կլինի, գիշեր-ցերեկ ահուդողի կմատնվես և կյանքումդ ապահով չես լինի։ 67Քո սրտի ահուդողից և քո աչքերի տեսած բաներից առավոտյան կասես. “Երանի՜ թե երեկո լիներ”, իսկ երեկոյան կասես. “Երանի՜ թե առավոտ լիներ”։ 68Տերը նավերով քեզ կվերադարձնի Եգիպտոս այն ճանապարհով, որի մասին քեզ ասացի, թե՝ “Այլևս այն չես տեսնի”։ Այնտեղ դուք իբրև ստրուկներ և աղախիններ կծախվեք ձեր թշնամիներին, բայց ձեզ գնող չի լինի»։

Currently Selected:

Բ ՕՐԵՆՔ 28: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy