YouVersion Logo
Search Icon

Բ ՕՐԵՆՔ 29

29
Տիրոջ ուխտը Իսրայելի հետ
1Սրանք են այն ուխտի խոսքերը, որ Տերը հրամայեց Մովսեսին անել Իսրայելի որդիների հետ մովաբացիների երկրում, բացի այն ուխտից, որ արել էր նրանց հետ Քորեբի վրա։
2Մովսեսը կանչեց բոլոր իսրայելացիներին և ասաց նրանց. «Դուք տեսաք այն ամենը, ինչ ձեր աչքերի առաջ արեց Տերը Եգիպտոսի երկրում փարավոնին, նրա բոլոր ծառաներին ու նրա ամբողջ երկրին, 3այսինքն՝ այն մեծ փորձությունները, որ քո աչքերը տեսան, այն նշաններն ու մեծ հրաշքները։ 4Տերը մինչև այսօր ձեզ չտվեց մի այնպիսի միտք#29.4 Եբր. սիրտ։, որ իմանաք, աչքեր, որ տեսնեք, և ականջներ, որ լսեք։ 5Քառասուն տարի ես ձեզ ման ածեցի անապատում. ձեր հագուստները չհնացան ձեզ վրա, և ձեր ոտքերի կոշիկները չմաշվեցին. 6հաց չկերաք և գինի ու օղի չխմեցիք, որպեսզի գիտենաք, թե ես եմ ձեր Տեր Աստվածը։ 7Երբ այստեղ եկաք, Եսեբոնի Սեհոն թագավորը և Բասանի Օգ թագավորը դուրս եկան մեր առաջ՝ պատերազմելու մեր դեմ, և մենք հարվածեցինք նրանց. 8գրավեցինք նրանց երկիրը և այն որպես ժառանգություն տվեցինք Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղին։ 9Ուրեմն պահե՛ք այս ուխտի խոսքերը և կատարե՛ք դրանք, որպեսզի հաջողություն ունենաք ձեր բոլոր գործերի մեջ։
10Այսօր ձեր Տեր Աստծու առջև կանգնած եք դուք բոլորդ՝ ձեր իշխանները, ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր հրամանատարները, Իսրայելի բոլոր տղամարդիկ, 11ձեր զավակներն ու ձեր կանայք, ձեր բանակատեղիում գտնվող օտարականը, ձեր փայտահատից մինչև ձեր ջրկիրը, 12որպեսզի մտնեք ձեր Տեր Աստծու ուխտի և նրա երդումի մեջ, որ այսօր ձեր Տեր Աստվածը կնքում է ձեզ հետ, 13որպեսզի քեզ այսօր դարձնի իր ժողովուրդը և հենց ինքը քեզ համար լինի Աստված, ինչպես քեզ ասաց և ինչպես երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։ 14Ես ոչ միայն ձեզ հետ եմ անում այս ուխտն ու այս երդումը, 15այլև այսօր այստեղ մեզ հետ մեր Տեր Աստծու առջև կանգնողների հետ, նաև նրանց հետ, ովքեր այսօր մեզ հետ այստեղ չեն։ 16Դուք գիտեք, թե ինչպես բնակվեցինք Եգիպտոսի երկրում և թե ինչպես անցանք այն ազգերի միջից, որ դուք անցաք։ 17Դուք տեսաք նրանց գարշելի գործերը և նրանց փայտե, քարե, արծաթե և ոսկե կուռքերը, որ նրանց մոտ էին։ 18Ձեր մեջ թող չգտնվի մի տղամարդ, մի կին, մի ազգատոհմ կամ մի ցեղ, որ իր սիրտն այսօր շեղի մեր Տեր Աստծուց՝ գնալ ծառայելու համար այդ ազգերի աստվածներին։ Ձեր մեջ թող չգտնվի մի արմատ, որ թույն ու դառնություն բերի։ 19Եվ երբ մեկը այս անեծքի խոսքերը լսի և իր սրտում ինքն իրեն օրհնելով՝ ասի. “Ես խաղաղություն կունենամ, եթե իմ սրտի համառությամբ ընթանամ”, որպեսզի իր ծարավին գինովություն ավելացնի, 20Տերը չի կամենա խնայել նրան, այլ այն ժամանակ կբորբոքվեն Տիրոջ բարկությունն ու նախանձը այդ մարդու վրա, և այս գրքում գրված բոլոր անեծքները կթափվեն նրա գլխին, և Տերը նրա անունը կջնջի երկնքի տակից։ 21Տերը նրան կբաժանի Իսրայելի բոլոր ցեղերից՝ չարիքի համար այս օրենքի գրքում գրված ուխտի բոլոր անեծքների համեմատ։ 22Հետագա սերունդները, այսինքն՝ ձեզանից հետո ծնվող ձեր զավակները, և հեռավոր երկրից եկող օտարականը, կտեսնեն այն հարվածներն ու նեղությունները, որոնցով Տերը պիտի նեղի այդ երկիրը. 23ծծումբ, աղ և այրվածք կլինի նրա ամբողջ երկրում, որտեղ ոչ մի բան չի ցանվի, ոչ մի բան չի բուսնի, և ոչ մի խոտ չի բարձրանա ավերված Սոդոմի, Գոմորի, Ադմայի և Սեբոյիմի պես, որոնք Տերը կործանեց իր բարկությամբ և սրտմտությամբ։ 24Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այսպես վարվեց այս երկրի հետ, ի՞նչն է այս մեծ սրտմտության և բարկության պատճառը”։ 25Եվ կասեն. “Որովհետև նրանք դրժեցին իրենց հայրերի Տեր Աստծու ուխտը, որ նա արել էր Եգիպտոսի երկրից նրանց դուրս հանելու ժամանակ. 26նրանք գնացին ծառայեցին ուրիշ աստվածների և երկրպագեցին դրանց, աստվածներ, որոնց բնավ չէին ճանաչել, և Տերը դրանք չէր սահմանել նրանց համար։ 27Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց այդ երկրի դեմ, որպեսզի այս գրքում գրված բոլոր անեծքները թափի նրա վրա։ 28Տերը բարկությամբ, սրտմտությամբ և մեծ զայրույթով նրանց արմատից պոկեց իրենց երկրից և նետեց մի ուրիշ երկիր, ինչպես տեսնում ենք այսօր”։ 29Ծածուկ բաները մեր Տեր Աստծու համար են, իսկ հայտնի բաները՝ մեզ և մեր որդիների համար հավիտյան, որպեսզի կատարենք այս օրենքի բոլոր խոսքերը»։

Currently Selected:

Բ ՕՐԵՆՔ 29: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy