YouVersion Logo
Search Icon

ԴԱՆԻԵԼ 6

6
Դանիելը առյուծների գբի մեջ
1Դարեհին հաճելի թվաց, որ թագավորության վրա հարյուր քսան սատրապներ#6.1 Այսինքն՝ կուսակալներ։ կարգի ամբողջ թագավորության մեջ։ 2Եվ նրանց վրա երեք վերակացու կարգեց, դրանցից մեկը Դանիելն էր, որոնց այդ սատրապները հաշվետու լինեն, որպեսզի թագավորին վնաս չլինի։ 3Այն ժամանակ այս Դանիելը վերակացուներից և սատրապներից ավելի անվանի դարձավ, որովհետև նրա մեջ գերազանց հոգի կար, և թագավորը մտածում էր նրան ամբողջ թագավորության վրա կարգելու մասին։ 4Այն ժամանակ վերակացուներն ու սատրապներն աշխատում էին Դանիելի դեմ՝ կառավարման մեջ մի պատրվակ գտնելու, բայց ոչ մի պատճառ ու չարություն չկարողացան գտնել, որովհետև նա հավատարիմ էր, և ոչ մի հանցանք ու չար բան չգտնվեց նրա վրա։ 5Այն ժամանակ այս մարդիկ ասացին. «Մենք Դանիելի դեմ մի պատրվակ անգամ չենք գտնի, բացի եթե նրա դեմ մի բան գտնենք իր Աստծու օրենքից»։ 6Այն ժամանակ վերակացուները ու սատրապները հավաքվեցին թագավորի մոտ և այսպես ասացին նրան. 7«Ո՛վ Դարեհ թագավոր, հավիտյա՛ն ապրիր։ Խորհրդակցել են թագավորության բոլոր վերակացուները, կառավարիչներն ու սատրապները, խորհրդականներն ու կուսակալները, որ թագավորը մի հրաման արձակի, և արգելանք պարտադրվի, որ ոչ ոք, քեզնից բացի, ո՛վ թագավոր, երեսուն օր ոչինչ չխնդրի որևէ աստծուց կամ մարդուց, այլապես նա առյուծների գուբը գցվի։ 8Հիմա, ո՛վ թագավոր, հաստատի՛ր այս արգելանքը և ստորագրի՛ր հրովարտակը, որ այն մարերի և պարսիկների օրենքի նման, որ անխափանելի է, անփոփոխելի լինի»։ 9Ուստի Դարեհ թագավորը ստորագրեց հրովարտակը և արգելանքը։
10Երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց իր տունը. նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր։ 11Ապա այդ մարդիկ խմբվեցին և Դանիելին գտան, երբ նա իր Աստծու առաջ խնդրում և աղաչում էր։ 12Ուստի մոտեցան թագավորին և ասացին թագավորական արգելանքի մասին. «Չէ՞ որ դու մի արգելանք ստորագրեցիր, որ եթե մեկը, քեզնից բացի, որևէ աստծուց և մարդուց երեսուն օր մի բան խնդրի, ո՛վ թագավոր, առյուծների գուբը պիտի գցվի»։ Թագավորը պատասխանեց և ասաց. «Այս բանը հաստատ է մարերի և պարսիկների օրենքի նման, որ չի խափանվում»։ 13Այն ժամանակ պատասխանեցին և ասացին թագավորին. «Դանիելը, որ Հրեաստանի գերիներից է, ո՛վ թագավոր, քեզ և քո ստորագրած արգելանքն անտեսում է և օրը երեք անգամ խնդրանք է մատուցում իր Աստծուն»։ 14Այդ ժամանակ, երբ թագավորը լսեց այս խոսքը, շատ տրտմեց ինքն իր մեջ և մտադրվեց ազատել Դանիելին և մինչև արեգակի մայր մտնելը ջանք էր թափում նրան ազատելու համար։ 15Այդ ժամանակ հավաքվեցին թագավորի մոտ և ասացին. «Իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ մարերի և պարսիկների օրենքն այս է, որ թագավորի հաստատած ամեն արգելանքն ու օրենքը անփոփոխելի են»։ 16Այդ ժամանակ թագավորը հրամայեց, և բերեցին Դանիելին ու նրան գցեցին առյուծների գուբը։ Թագավորն ասաց Դանիելին. «Քո Աստվածը, որին դու անդադար պաշտում ես, թող ազատի քեզ»։ 17Եվ մի քար բերեցին ու դրեցին գբի բերանին. թագավորն այն կնքեց իր կնիքով և իր մեծամեծների կնիքներով, որպեսզի Դանիելի նկատմամբ ոչինչ չփոխվի։ 18Հետո թագավորը գնաց իր պալատը և գիշերն անցկացրեց ծոմապահությամբ. նվագարաններ բերել չտվեց իր առաջ, և քունը փախավ նրանից։
19Ապա թագավորն արշալույսին կանուխ վեր կացավ և շտապ գնաց առյուծների գուբը. 20երբ գբին մոտեցավ, տրտմագին ձայնով կանչեց Դանիելին։ Թագավորը խոսեց և ասաց Դանիելին. «Ո՛վ Դանիել, կենդանի Աստծու ծառա՛, քո Աստվածը, որին անդադար պաշտում ես դու, կարողացա՞վ քեզ ազատել առյուծներից»։ 21Այն ժամանակ Դանիելը խոսեց թագավորի հետ. «Ո՛վ թագավոր, հավիտյա՛ն ապրիր։ 22Իմ Աստվածն ուղարկեց իր հրեշտակին, և նա փակեց առյուծների բերանը, ու նրանք ինձ չվնասեցին, որովհետև նրա առաջ ես անմեղ գտնվեցի։ Քո առաջ ևս, ո՛վ թագավոր, ոչ մի հանցանք չեմ գործել»։ 23Այդ ժամանակ թագավորը շատ ուրախացավ և հրամայեց, որ Դանիելին դուրս բերեն գբից։ Եվ նրա վրա ոչ մի վնասվածք չգտնվեց, որովհետև վստահել էր իր Աստծուն։ 24Թագավորը հրամայեց, և բերեցին այն մարդկանց, որոնք Դանիելի դեմ չարախոսությունն էին արել, և գցեցին առյուծների գուբը. նրանց, նրանց որդիներին և նրանց կանանց։ Նրանք դեռ չէին հասել գբի հատակին, երբ առյուծները հափշտակեցին նրանց և փշրեցին նրանց ոսկորները։ 25Այն ժամանակ Դարեհ թագավորը գրեց բոլոր ժողովուրդներին, ազգերին և լեզուներին, որոնք բնակվում էին ամբողջ երկրի վրա. «Թող շատանա ձեր խաղաղությունը։ 26Ես հրամայում եմ, որ իմ թագավորության ամբողջ իշխանության մեջ մարդիկ դողան և երկյուղեն Դանիելի Աստծու երեսից, որովհետև նա է կենդանի Աստվածը և հավիտենական է. նրա թագավորությունը չի կործանվելու, և նրա իշխանությունը չի ավարտվելու։ 27Նա է ազատում և փրկում, նշաններ ու հրաշալիքներ գործում երկնքում և երկրի վրա. նա՛ Դանիելին ազատեց առյուծների զորությունից»։
28Եվ այսպես Դանիելը հաջողություն գտավ Դարեհի թագավորության և Կյուրոս Պարսիկի թագավորության շրջանում։

Currently Selected:

ԴԱՆԻԵԼ 6: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy