YouVersion Logo
Search Icon

ԴԱՆԻԵԼ 5

5
Բաղդասարի խնջույքը
1Բաղդասար թագավորն իր մեծամեծներից հազարի համար մեծ հացկերույթ տվեց և այդ հազարի առաջ գինի խմեց։ 2Երբ գինին էր համտեսում, Բաղդասարը հրամայեց, որ բերեն ոսկե և արծաթե այն անոթները, որոնք Երուսաղեմի տաճարից վերցրել էր իր հայրը՝#5.2 Կամ նախահայր։ Նաբուգոդոնոսորը, որպեսզի նրանցով խմեն թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։ 3Այդ ժամանակ բերեցին ոսկե այն անոթները, որոնք վերցրել էին Երուսաղեմում գտնվող Աստծու տաճարից, և նրանցով խմեցին թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։ 4Խմեցին գինին և գովեցին ոսկե ու արծաթե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին։
5Այդ պահին մարդկային ձեռքի մատներ երևացին և աշտանակի դիմաց գրեցին թագավորական պալատի պատի ծեփի վրա։ Եվ թագավորը տեսավ այն ձեռքը, որը գրում էր։ 6Այդ ժամանակ թագավորի գույնը փոխվեց, և նրա խորհուրդները խռովեցին նրան, նրա մեջքի հոդերը քանդվում էին, իսկ նրա ծնկները մեկմեկի էին խփում։ 7Թագավորն ուժգին գոչեց, որ բերեն հմայողներին, քաղդեաներին և բախտագուշակներին։ Թագավորն ասաց Բաբելոնի իմաստուններին. «Ով կարդա այս գրվածքը և մեկնությունն ինձ իմացնի, նա ծիրանի պիտի հագնի, ոսկյա մանյակ կլինի նրա պարանոցին, և թագավորության մեջ երրորդ իշխանավորը պիտի դառնա»։ 8Այն ժամանակ ներս եկան թագավորի բոլոր իմաստունները, բայց չկարողացան կարդալ գրվածքը և մեկնությունն իմացնել թագավորին։ 9Այն ժամանակ Բաղդասար թագավորը սաստիկ խռովվեց, նրա գույնը փոխվեց, և նրա մեծամեծները սահմռկեցին։
10Թագավորի և նրա մեծամեծների ձայնը լսելով՝#5.10 Բռց. ձայնի պատճառով։ թագուհին եկավ խնջույքի տունը։ Թագուհին ասաց. «Թագավո՛ր, հավիտյա՛ն ապրիր, թող քո խորհուրդները չխռովեն քեզ, և գույնդ չփոխվի։ 11Քո թագավորության մեջ մի մարդ կա, որի մեջ սուրբ աստվածների հոգին կա, և քո հոր օրերին լուսավորություն, ըմբռնողություն և աստվածների իմաստության նման իմաստություն գտնվեց նրա մեջ։ Եվ հայրդ՝ Նաբուգոդոնոսոր թագավորը, նրան մոգերի, հմայողների, քաղդեաների, բախտագուշակների գլխավոր կարգեց, քո հայրը, ո՛վ թագավոր, 12որովհետև մի գերազանց հոգի, գիտություն և ըմբռնողություն կա նրա մեջ՝ երազներ մեկնելու, խրթնաբանությունները հայտնելու և կնճիռներ լուծելու. այդ Դանիելի մեջ, որի անունը թագավորը Բաղդասասար դրեց։ Թող կանչվի Դանիելը, և նա կասի մեկնությունը»։
Դանիելը մեկնում է գրությունը
13Այդ ժամանակ Դանիելը տարվեց թագավորի առաջ։ Թագավորն ասաց Դանիելին. «Դո՞ւ ես Դանիելն այն տարագիրներից, որոնց իմ հայրը բերեց Հուդայից։ 14Քո մասին ես լսել եմ, որ աստվածների հոգի կա քեզանում, և լուսավորություն, ըմբռնողություն և գերազանց իմաստություն կա քո մեջ։ 15Հիմա իմ առաջ բերվեցին իմաստունները և հմայողները, որպեսզի այս գրվածքը կարդային և նրա մեկնությունն ինձ իմացնեին, բայց չկարողացան իմացնել այս խոսքի մեկնությունը։ 16Ես լսեցի քո մասին, որ կարող ես մեկնություն անել և կնճիռներ լուծել. արդ եթե կարող ես կարդալ գրվածքը և նրա մեկնությունն ինձ իմացնել, ծիրանի կհագնես, ոսկյա մանյակ կլինի քո պարանոցին, և թագավորության մեջ երրորդ իշխանավորը կլինես»։
17Այդ ժամանակ Դանիելը թագավորի առաջ պատասխանեց. «Պարգևներդ քեզ լինեն, իսկ ընծաներդ ուրիշի՛ տուր. ես թագավորի համար կկարդամ գրվածքը և մեկնությունը կիմացնեմ նրան։ 18Ո՛վ թագավոր, Բարձրյալ Աստված թագավորություն և մեծություն, պատիվ ու փառք պարգևեց քո հորը՝ Նաբուգոդոնոսորին։ 19Եվ նրան տրված այն մեծության պատճառով բոլոր ժողովուրդները, ազգերն ու լեզուները դողում ու վախենում էին նրանից։ Ում ուզում էր, սպանում էր, և ում ուզում էր, ապրեցնում էր, և ում ուզում էր, բարձրացնում էր, և ում ուզում էր, ցածրացնում էր։ 20Բայց երբ նրա սիրտը գոռոզացավ, և նրա հոգին խստացավ ամբարտավանությամբ, նա ընկավ իր թագավորական աթոռից, նրա պատիվն առնվեց նրանից։ 21Եվ արտաքսվեց մարդկանց որդիների միջից, և նրա միտքը անասունների պես եղավ, նրա բնակությունը վայրի էշերի հետ էր, նրան արջառների պես խոտ էին ուտեցնում, և երկնքի ցողով էր թրջվում նրա մարմինը, մինչև իմացավ, որ Բարձրյալ Աստվածն է տիրում մարդկանց թագավորության վրա. ում ուզում է, դնում է նրա վրա։ 22Եվ դու՝ նրա որդին, Բաղդասա՛ր, չխոնարհեցրիր քո սիրտը, թեև այս ամենը գիտեիր։ 23Այլ քեզ բարձրացրիր երկնքի Տիրոջ դեմ, և նրա տան անոթները բերվեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները և քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով։ Եվ գովաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ իմանում։ Բայց չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը, որինն են քո բոլոր ճանապարհները։ 24Ուստի այն ձեռքն ուղարկվեց նրա կողմից, և այս գրվածքը գրվեց։ 25Եվ այս է գրված այն գրությունը՝ ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ՈՒ ՓԱՐՍԻՆ։ 26Այս է խոսքի մեկնությունը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորության օրերը և այն վերջացրեց. 27Թեկել՝ կշեռքով կշռվեցիր և պակաս գտնվեցիր. 28Փարես՝ բաժանվեց քո թագավորությունը և տրվեց մարերին ու պարսիկներին»։
29Այն ժամանակ Բաղդասարը հրամայեց, և Դանիելին ծիրանի հագցրին ու ոսկյա մանյակ գցեցին նրա պարանոցին և մունետիկ կանչել տվեցին նրա մասին, որ երրորդ իշխանն է լինելու թագավորության մեջ։
30Նույն գիշերը քաղդեացիների Բաղդասար թագավորը սպանվեց։ 31Եվ մարերի Դարեհ#5.31 Բռց. Դարեհ Մարը։ թագավորը վերցրեց թագավորությունը, երբ վաթսուներկու տարեկան էր։

Currently Selected:

ԴԱՆԻԵԼ 5: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy