YouVersion Logo
Search Icon

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32

32
Ասորեստանը սպառնում է Երուսաղեմին
(Դ Թագ. 18.13-37, 19.14-19,  35-37, Ես. 36.1-22, 37.8-38)
1Այս գործերից և հավատարմությունից հետո եկավ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը, մտավ Հուդայի երկիրը և բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների դիմաց և մտածում էր գրավել դրանք։ 2Երբ Եզեկիան տեսավ, որ Սենեքերիմը եկել է և դիտավորություն ունի պատերազմելու Երուսաղեմի դեմ, 3խորհրդակցեց իր իշխանների և զորականների հետ, որպեսզի փակի քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը, և նրանք օգնեցին իրեն։ 4Շատ ժողովուրդ հավաքվեց, և նրանք փակեցին բոլոր աղբյուրներն ու երկրի միջով անցնող հեղեղատը՝ ասելով. «Ինչո՞ւ Ասորեստանի թագավորները գան և առատ ջուր գտնեն»։ 5Եզեկիան ուժեղացավ, վերաշինեց բոլոր քանդված պարիսպները, բարձրացրեց աշտարակները, դրսից մի ուրիշ պարիսպ կառուցեց, նորոգեց Դավթի քաղաքում գտնվող Մելոնը և շատ զենքեր ու ասպարներ պատրաստեց։ 6Նա զորապետներ նշանակեց ժողովրդի վրա, նրանց հավաքեց քաղաքի դռան հրապարակում՝ իր մոտ, և քաղցրությամբ խոսելով նրանց հետ՝ ասաց. 7«Զորացե՛ք և քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք Ասորեստանի թագավորից ու նրա հետ եղած ամբողջ բազմությունից, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են նրա հետ եղողներից։ 8Նրա հետ մարմնեղեն բազուկ կա, իսկ մեզ հետ է մեր Աստվածը՝ Տերը, որ մեզ օգնի և մեր պատերազմն ինքը մղի»։ Եվ ժողովուրդը քաջալերվեց Հուդայի երկրի թագավոր Եզեկիայի խոսքերից։
9Դրանից հետո Ասորեստանի թագավոր Սենեքերիմն իր ծառաներին ուղարկեց Երուսաղեմ, երբ ինքն իր ամբողջ զորքով Լաքիսի դիմացն էր, Հուդայի Եզեկիա թագավորի և Երուսաղեմում գտնվող Հուդայի բոլոր մարդկանց մոտ՝ ասելով. 10«Այսպես է ասում Ասորեստանի Սենեքերիմ թագավորը. “Դուք ի՞նչ բանի եք ապավինել Երուսաղեմի պաշարման ժամանակ։ 11Չէ՞ որ Եզեկիան ձեզ մոլորեցնում է, որպեսզի ձեզ սովի ու ծարավի միջոցով մահվան մատնի՝ ասելով, թե՝ "Մեր Աստվածը՝ Տերը, մեզ կազատի Ասորեստանի թագավորի ձեռքից"։ 12Չէ՞ որ նա ինքը՝ Եզեկիան, վերացրեց նրա Բարձր տեղերն ու զոհասեղանները և ասաց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին, թե՝ "Մեկ զոհասեղանի առջև՛ երկրպագություն արեք և դրա վրա՛ խունկ ծխեք"։ 13Դուք գիտեք, թե ես և իմ հայրերը ինչ արեցինք բոլոր մյուս երկրների ժողովուրդներին։ Մի՞թե այդ երկրների ազգերի աստվածները կարողացան նրանց երկիրն ազատել իմ ձեռքից։ 14Իմ հայրերի բնաջնջած ազգերի բոլոր աստվածներից ո՞ր մեկն է, որ կարողացավ իր ժողովրդին ազատել իմ ձեռքից, որ ձեր Աստվածը կարողանա ձեզ ազատել իմ ձեռքից։ 15Ապա ուրեմն թող Եզեկիան ձեզ չխաբի և այդպես չմոլորեցնի ձեզ։ Մի՛ հավատացեք նրան, որովհետև ոչ մի ազգի և ոչ մի թագավորության ոչ մի աստված չի կարող իր ժողովրդին ազատել իմ և իմ հայրերի ձեռքից, էլ ո՛ւր մնաց ձեր Աստվածը, որ ձեզ չի ազատի իմ ձեռքից”»։ 16Եվ դեռ ավելին խոսեցին նրա ծառաները Տեր Աստծու և նրա ծառա Եզեկիայի մասին։ 17Սենեքերիմը նամակներ գրեց՝ հայհոյելով Իսրայելի Տեր Աստծուն և նրա մասին այսպես ասելով. «Ինչպես որ ուրիշ երկրների ազգերի աստվածներն իրենց ժողովրդին չազատեցին իմ ձեռքից, այդպես էլ Եզեկիայի Աստվածը չի ազատի իր ժողովրդին իմ ձեռքից»։ 18Եվ եբրայերեն բարձրաձայն կանչեցին պարսպի վրա եղած Երուսաղեմի ժողովրդին, որպեսզի վախեցնեն ու շփոթեցնեն նրանց և կարողանան գրավել քաղաքը։ 19Երուսաղեմի Աստծու մասին խոսեցին այնպես, ինչպես ուրիշ երկրի ժողովուրդների աստվածների մասին, որոնք մարդու ձեռքի գործ են։
20Եզեկիա թագավորը և Ամոսի որդի Եսայի մարգարեն աղոթեցին այս բանի համար և աղաղակեցին դեպի երկինք։ 21Տերը մի հրեշտակ ուղարկեց և բնաջնջեց Ասորեստանի թագավորի բանակում գտնվող բոլոր քաջարի զորականներին, զորավարներին և իշխաններին, և նա ամոթապարտ վերադարձավ իր երկիրը, մտավ իր աստծու տունը, և այնտեղ նրա երանքից ելած որդիները սրով սպանեցին նրան։ 22Այսպես Տերը Եզեկիային և Երուսաղեմի բնակիչներին ազատեց Ասորեստանի Սենեքերիմ թագավորի ու բոլորի ձեռքից և ամեն կողմից պաշտպանեց նրանց։ 23Շատերն ընծաներ էին բերում Երուսաղեմ՝ Տիրոջ համար և թանկարժեք բաներ՝ Հուդայի Եզեկիա թագավորի համար։ Դրանից հետո Եզեկիան բարձրացավ բոլոր ազգերի աչքին։
Եզեկիայի հիվանդությունը և հպարտությունը
(Դ Թագ. 20.1-3,  12-19, Ես. 28.1-3, 39.1-8)
24Այդ ժամանակներում Եզեկիան մերձիմահ հիվանդացավ և աղոթեց Տիրոջը։ Տերը խոսեց նրա հետ և մի նշան ցույց տվեց նրան։ 25Բայց Եզեկիան իր նկատմամբ եղած բարերարության համեմատ չհատուցեց, որովհետև նրա սիրտը հպարտացավ, և Տիրոջ բարկությունն իջավ նրա վրա, ինչպես և Հուդայի և Երուսաղեմի վրա։ 26Սակայն Եզեկիան զղջաց իր սրտի հպարտության համար և խոնարհվեց, նույնպես և Երուսաղեմի բնակիչները, որի համար էլ Եզեկիայի օրոք Տիրոջ բարկությունը չիջավ նրանց վրա։
Եզեկիայի հարստությունն ու փառքը
27Եզեկիան շատ մեծ հարստություն և փառք ունեցավ և իր համար գանձարաններ շինեց արծաթի, ոսկու, թանկարժեք քարերի, խնկեղենի, ասպարների և ամեն տեսակ ցանկալի անոթների համար, 28շտեմարաններ՝ ցորենի, գինու և յուղի բերքերի համար, ախոռներ՝ ամեն տեսակ անասունների համար և փարախներ՝ հոտերի համար։ 29Նա իր համար քաղաքներ կառուցեց և շատ ոչխարներ ու արջառներ ունեցավ, որովհետև Աստված նրան չափազանց շատ ստացվածք էր տվել։ 30Այս Եզեկիան փակեց Գեհոնի վերին ջրանցքը և ջրի ընթացքն ուղղեց դեպի Դավթի քաղաքի արևմտյան ցածրադիր կողմը։ Եզեկիան հաջողություն ունեցավ իր բոլոր գործերում։ 31Այսպես, երբ Բաբելոնի իշխանները դեսպաններ էին ուղարկել նրա մոտ՝ հարցնելու այն նշանի մասին, որ տեղի էր ունեցել երկրում, Աստված նրան թույլ տվեց, որ նրան փորձի և իմանա այն ամենը, ինչ կար նրա սրտում։
Եզեկիայի թագավորության վախճանը
(Դ Թագ. 20.20-21)
32Եզեկիայի պատմության մնացած մասը, նրա առաքինի գործերը գրի են առնված Ամոսի որդի Եսայի մարգարեի տեսիլքների գրքում, նաև Հուդայի ու Իսրայելի թագավորների գրքում։ 33Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի որդիների վերին գերեզմաններում։ Նրա մահվան ժամանակ նրան պատիվ տվեցին ամբողջ Հուդայի երկիրն ու Երուսաղեմի բնակիչները։ Նրա որդի Մանասեն թագավոր դարձավ նրա փոխարեն։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy