YouVersion Logo
Search Icon

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 33

33
Հուդայի Մանասե թագավորը
(Դ Թագ. 21.1-9)
1Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ 2Նա Տիրոջ առաջ չարիք գործեց այն ազգերի գարշելի գործերի նման, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։ 3Եվ դարձյալ կառուցեց այն Բարձր տեղերը, որ քանդել էր նրա հայրը՝ Եզեկիան։ Նա Բահաղիմի համար զոհասեղաններ կանգնեցրեց, Աստարովթի կուռքեր շինեց, երկրպագեց երկնքի բոլոր զորություններին և ծառայեց նրանց։ 4Զոհասեղաններ շինեց Տիրոջ տանը, որի մասին Տերն ասել էր. «Իմ անունը Երուսաղեմո՛ւմ կլինի հավիտյան»։ 5Զոհասեղաններ շինեց նաև Տիրոջ տան երկու գավիթներում՝ երկնքի բոլոր զորությունների համար։ 6Նա իր որդիներին Ենոմի որդու ձորում անցկացրեց կրակի միջով և գուշակություն, հմայություն ու դյութություն էր անում և հոգեհարցուկներից ու կախարդներից խորհուրդ էր հարցնում։ Նա շատ չարիք գործեց Տիրոջ առաջ և բարկացրեց նրան։ 7Իր շինած ու քանդակած կուռքը դրեց Աստծու տանը, որի մասին Աստված ասել էր Դավթին և նրա որդի Սողոմոնին. «Այս տան մեջ և Երուսաղեմում, որ ես ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ հավիտյան։ 8Իսրայելի ոտքն այլևս չպիտի շարժեմ այն երկրից, ուր հաստատեցի ձեր հայրերին, միայն թե զգուշությամբ անեն այն ամենը, որ պատվիրեցի իրենց, այն բոլոր օրենքները, պատվիրաններն ու կանոնները, որ տրված են Մովսեսի միջոցով»։ 9Բայց Մանասեն մոլորեցրեց Հուդայի և Երուսաղեմի բնակիչներին, որոնք չարիք գործեցին ավելի, քան այն ազգերը, որոնց բնաջնջեց Տերը Իսրայելի որդիների առաջ։ 10Տերը խոսեց Մանասեի և նրա ժողովրդի հետ, սակայն նրանք ականջ չդրեցին։
Մանասեի զղջումը
11Տերը նրանց դեմ բերեց Ասորեստանի թագավորի զորագլուխներին, որոնք Մանասեին բռնեցին կարթերով, նրան կապեցին պղնձե կրկնակի ոտնակապերով ու տարան Բաբելոն։ 12Երբ նա նեղության մեջ էր, փնտրեց իր Տեր Աստծուն և շատ խոնարհվեց իր հայրերի Աստծու առաջ։ 13Նա աղոթեց նրան, և Տերն ընդունեց նրա աղոթքը, լսեց նրա աղաչանքը և նրան վերադարձրեց Երուսաղեմ, իր թագավորությանը, և Մանասեն իմացավ, որ Տերն է Աստված։ 14Դրանից հետո նա Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմտյան կողմում, հեղեղատում մի պարիսպ կառուցեց, որը ձգվում էր մինչև Ձկների դռան մուտքը, և շրջափակելով Օփաղը՝ այն շատ բարձրացրեց։ Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում նա զորապետներ դրեց։ 15Տիրոջ տնից վերացրեց օտար աստվածներն ու կուռքերը, նաև այն բոլոր զոհասեղանները, որ ինքը շինել էր Տիրոջ տան լեռան վրա ու Երուսաղեմում, և դրանք գցեց քաղաքից դուրս։ 16Նա վերաշինեց Տիրոջ զոհասեղանը և դրա վրա մատուցեց խաղաղության և շնորհակալության զոհեր։ Նա Հուդային պատվիրեց, որ ծառայեն Իսրայելի Տեր Աստծուն։ 17Սակայն ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում Բարձր տեղերում, թեպետ իր Տեր Աստծու համար։
Մանասեի թագավորության վախճանը
(Դ Թագ. 21.17-18)
18Մանասեի գործերի մնացած մասը, նրա աղոթքն առ Աստված և Իսրայելի Տեր Աստծու անունով նրա հետ խոսող տեսանողների խոսքերը, ահա դրանք Իսրայելի թագավորների պատմության մեջ են։ 19Նրա աղոթքը, Աստծուց նրա ընդունվելը, նրա բոլոր մեղքերն ու անօրենությունը և այն տեղերը, ուր նա Բարձր տեղեր էր կառուցել և Աստարովթի կուռքեր կանգնեցրել նախքան իր խոնարհվելը, ահա դրանք գրված են Տեսանողների#33.19 Կամ Հոզայի։ հիշատակարանում։ 20Մանասեն ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր տանը։ Նրա որդի Ամոնը թագավոր դարձավ նրա փոխարեն։
Հուդայի Ամոն թագավորը
(Դ Թագ. 21.19-26)
21Ամոնը քսաներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երկու տարի թագավորեց Երուսաղեմում։ 22Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպես որ գործել էր իր հայրը՝ Մանասեն, և զոհեր մատուցեց ու ծառայեց այն բոլոր կուռքերին, որ պատրաստել էր իր հայր Մանասեն։ 23Նա չխոնարհվեց Տիրոջ առաջ, ինչպես որ խոնարհվել էր իր հայր Մանասեն, այլ այս Ամոնն ավելացրեց իր հանցանքը։ 24Նրա ծառաները դավաճանություն արեցին նրա դեմ և նրան սպանեցին իր տան մեջ։ 25Բայց երկրի ժողովուրդը սպանեց Ամոն թագավորի դեմ դավաճանություն անողներին, և երկրի ժողովուրդը նրա փոխարեն թագավոր դարձրեց նրա որդի Հովսիային։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy