YouVersion Logo
Search Icon

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18

18
Եղիան և Բահաղի մարգարեները
1Շատ օրեր անցնելուց հետո՝ երրորդ տարում, Տիրոջ խոսքը եղավ Եղիային՝ ասելով. «Գնա՛, երևա՛ Աքաաբին, և ես անձրև պիտի տամ երկրին»։ 2Եվ Եղիան գնաց Աքաաբին երևալու համար. և սովը սաստիկ էր Սամարիայում։
3Աքաաբը կանչեց իր տան վերակացու Աբդիային, իսկ Աբդիան շատ աստվածավախ մարդ էր, 4և երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, այն ժամանակ Աբդիան հարյուր մարգարե վերցրեց և հիսուն-հիսուն մարդ տարավ ու թաքցրեց քարայրներում և նրանց կերակրեց հացով ու ջրով։ 5Եվ Աքաաբն ասաց Աբդիային. «Գնա՛ այս երկրի ջրի բոլոր աղբյուրների և հեղեղատների մոտ, գուցե խոտ գտնենք և կեր տանք մեր ձիերին ու ջորիներին և չզրկվենք անասուններից»։ 6Եվ նրանք իրենց միջև բաժանեցին երկիրը՝ նրա մեջ շրջելու համար. Աքաաբը մի ճանապարհով գնաց առանձին, և Աբդիան էլ մի այլ ճանապարհով գնաց առանձին։
7Եվ երբ Աբդիան ճանապարհին էր, Եղիան ահա հանդիպեց նրան, և Աբդիան ճանաչեց նրան, ընկավ իր երեսի վրա և ասաց. «Այդ դո՞ւ ես, տե՛ր իմ Եղիա»։ 8Եվ նա ասաց. «Ես եմ. գնա ասա՛ քո տիրոջը՝ ահա Եղիան»։ 9Եվ նա ասաց. «Ես ինչո՞վ եմ մեղանչել, որ քո ծառային Աքաաբի ձեռքն ես տալիս, որ ինձ սպանի։ 10Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. չկա մի ազգ ու թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, բայց երբ ասում էին՝ չկա, նա երդվել էր տալիս այդ ազգին ու թագավորությանը, որ քեզ չեն գտել։ 11Եվ հիմա դու ասում ես. “Գնա ասա՛ քո տիրոջը՝ ահա Եղիան”։ 12Բայց եթե ես քո մոտից գնամ, և Տիրոջ հոգին քեզ վերցնի ու տանի մի տեղ, որը ես չգիտեմ, և ես գնամ Աքաաբին իմացնեմ, և նա քեզ չգտնի, այն ժամանակ նա կսպանի ինձ. մինչդեռ քո ծառան՝ ես, Տիրոջից երկյուղած եմ իմ մանկությունից։ 13Մի՞թե իմ տիրոջը չեն իմացրել, թե ի՛նչ եմ արել. Հեզաբելի Տիրոջ մարգարեներին սպանելիս ես Տիրոջ մարգարեներից հարյուր մարդ հիսուն-հիսուն թաքցրեցի քարայրներում և նրանց կերակրեցի հացով ու ջրով։ 14Եվ հիմա դու ասում ես. “Գնա ասա՛ քո տիրոջը, թե՝ ահա Եղիան”, որ ինձ սպանի»։ 15Եվ Եղիան ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ, որ այսօր պիտի երևամ նրան»։
16Աբդիան գնաց ու դիմավորեց Աքաաբին և հայտնեց նրան. և Աքաաբը գնաց Եղիային դիմավորելու։ 17Եվ հենց որ Աքաաբը Եղիային տեսավ, իսկույն նրան ասաց. «Այդ դո՞ւ ես, ո՛վ Իսրայելի նեղիչ»։ 18Նա ասաց. «Ես չեմ նեղել Իսրայելին, այլ դու և քո հոր տունը, որ Տիրոջ պատվերները թողնելով՝ գնում ես բահաղների ետևից։ 19Եվ հիմա մա՛րդ ուղարկի՛ր և հավաքի՛ր ամբողջ Իսրայելին ինձ մոտ՝ Կարմեղոս սարի վրա. և՛ Բահաղի չորս հարյուր հիսուն մարգարեներին, և՛ Աստարովթի չորս հարյուր մարգարեներին, որոնք կերակրվում են Հեզաբելի սեղանից»։ 20Եվ Աքաաբը մարդ ուղարկեց Իսրայելի բոլոր որդիների մոտ և հավաքեց մարգարեներին Կարմեղոս սարի վրա։
21Եվ Եղիան մոտեցավ ամբողջ ժողովրդին և ասաց. «Մինչև ե՞րբ դուք պիտի կաղաք երկու կողմի վրա. եթե Տերն է Աստվածը, գնացե՛ք նրա ետևից, և եթե Բահաղն է, նրա ետևի՛ց գնացեք». բայց ժողովուրդը նրան ոչ մի պատասխան չտվեց։ 22Եվ Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարե, իսկ Բահաղի մարգարեները չորս հարյուր հիսուն հոգի են։ 23Արդ թող մեզ երկու զվարակ տան. և նրանք թող իրենց համար ընտրեն մեկ զվարակը, կտրտեն այն և դնեն փայտերի վրա, բայց կրակ չվառեն. ես էլ պատրաստեմ մյուս զվարակը և դնեմ փայտերի վրա, բայց կրակ չվառեմ։ 24Հետո դուք կանչե՛ք ձեր աստծու անունը, իսկ ես կանչեմ Տիրոջ անունը. և այն աստվածը, որ կրակով պատասխան կտա, նա է Աստվածը». և ամբողջ ժողովուրդը պատասխանեց. «Լավ խոսք է»։
25Եվ Եղիան ասաց Բահաղի մարգարեներին. «Ընտրե՛ք ձեզ համար մի զվարակը և առաջ դո՛ւք պատրաստեք, որովհետև դուք շատ եք, և կանչե՛ք ձեր աստծու անունը, բայց կրակ մի՛ վառեք»։ 26Նրանք վերցրին իրենց տրված զվարակը, պատրաստեցին և կանչեցին Բահաղի անունը առավոտից մինչև կեսօր՝ ասելով. «Ո՜վ Բահաղ, պատասխա՛ն տուր մեզ». բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխանող, և ցատկոտում էին իրենց շինած զոհասեղանի մոտ։ 27Երբ կեսօր էր դարձել, Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձր ձայնո՛վ կանչեք, քանզի նա աստված է, գուցե խոր մտածության մեջ է կամ զբաղված է և կամ ճանապարհորդում է, գուցե նա քնած է և պիտի զարթնի»։ 28Եվ նրանք բարձր ձայնով կանչում էին և ըստ իրենց օրենքի՝ սրերով և գեղարդներով ծակծկում էին իրենց մարմինները, մինչև որ արյուն էր թափվում իրենց վրայից։ 29Կեսօրն էլ անցավ, նրանք դեռ մարգարեանում էին մինչև հացի ընծայի մատուցման ժամանակը, բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան տվող և ո՛չ էլ լսող։
30Այդ ժամանակ Եղիան ասաց ամբողջ ժողովրդին. «Եկե՛ք ինձ մոտ». և ամբողջ ժողովուրդը գնաց նրա մոտ, և նա նորոգեց Տիրոջ քանդված զոհասեղանը։ 31Եվ Եղիան վերցրեց տասներկու քար՝ ըստ Հակոբի որդիների թվի, ինչպես Տերն էր ասել նրան, թե՝ «Իսրայել լինի քո անունը»։ 32Նա այդ քարերից մի զոհասեղան շինեց Տիրոջ անունով և զոհասեղանի շուրջը փորեց մի փոս, որը երկու գրիվ սերմ կտաներ։ 33Եվ փայտերը շարեց, կտրտեց զվարակը և դրեց փայտերի վրա։ 34Եվ ասաց. «Չորս սափոր ջո՛ւր լցրեք և ածե՛ք ողջակեզի ու փայտերի վրա». և ասաց. «Կրկի՛ն արեք». և կրկին արեցին. և ասաց. «Երրորդ անգա՛մ արեք», և երրորդ անգամ արեցին։ 35Եվ ջրերը տարածվում էին սեղանի շուրջը, և փոսն էլ լցվեց ջրով։
36Երեկոյան զոհի ժամանակն էր, երբ Եղիա մարգարեն մոտեցավ և ասաց. «Ո՜վ Տեր՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստվա՛ծ, թող այսօր իմացվի, որ դու ես Աստվածը Իսրայելի մեջ, և ես քո ծառան եմ և ես քո խոսքով եմ արել այս բոլորը։ 37Պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, պատասխա՛ն տուր ինձ, որ այս ժողովուրդն իմանա, որ դու՝ Տերդ ես Աստվածը և դու ես նրանց սրտերը ետ դարձնողը»։ 38Եվ Տիրոջ կրակն իջավ դեպի ցած, կլանեց ողջակեզը, փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ լափեց։ 39Եվ ամբողջ ժողովուրդը տեսավ, և վայր ընկան իրենց երեսների վրա ու ասացին. «Տերն է Աստվածը, Տերն է Աստվածը»։
Երաշտի ավարտը
40Եվ Եղիան ասաց նրանց. «Բռնեցե՛ք Բահաղի մարգարեներին, թող ոչ մի մարդ չպրծնի նրանցից». նրանց բռնեցին, և Եղիան նրանց իջեցրեց Կիսոն հեղեղատի մոտ ու նրանց սպանեց այնտեղ։
41Եվ Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, գնա կե՛ր ու խմի՛ր, որովհետև սաստիկ անձրևի ձայն է լսվում»։ 42Եվ Աքաաբը գնաց ուտելու և խմելու, բայց Եղիան բարձրացավ Կարմեղոսի գլուխը, խոնարհվեց մինչև գետին և երեսը դրեց իր ծնկների միջև։ 43Եվ ասաց իր ծառային. «Ելի՛ր և գնա նայի՛ր դեպի ծովի կողմը». և նա ելավ գնաց ու նայեց և ասաց. «Ոչ մի բան չկա»։ Եվ Եղիան յոթ անգամ ասաց. «Դարձյա՛լ գնա, յոթ անգամ»։ 44Եվ յոթերորդ անգամ ասաց. «Ահա մարդու ձեռքի չափ մի փոքր ամպ է բարձրանում ծովից»։ Եվ Եղիան ասաց. «Գնա ասա՛ Աքաաբին. “Լծի՛ր կառքդ և իջի՛ր, որ անձրևը չբռնի քեզ”»։ 45Եվ մինչ այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և հորդ անձրև սկսեց. և Աքաաբը կառք նստեց ու գնաց Հեզրայել։ 46Տիրոջ ձեռքը Եղիայի վրա էր, և նա իր մեջքը պինդ կապեց ու վազեց Աքաաբի առջևից մինչև Հեզրայել։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy