YouVersion Logo
Search Icon

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19

19
Եղիան Սինա լեռան վրա
1Աքաաբը Հեզաբելին պատմեց այն բոլորը, ինչ արել էր Եղիան, և թե ինչպես էր նա սրով սպանել բոլոր մարգարեներին։ 2Եվ Հեզաբելը պատգամավոր ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Աստվածներն ինձ այսպես անեն և սրանից էլ ավելին անեն, եթե վաղն այս ժամանակ քո անձը նրանցից մեկի անձի տեղը չդնեմ»։
3Եվ այդ լսելով՝ վեր կացավ գնաց իր անձն ազատելու և հասավ Հուդայի Բերսաբեե. և իր ծառային թողեց այնտեղ։ 4Իսկ ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց անապատում, եկավ ու նստեց մի գիհի ծառի տակ և սրտանց ուզեց, որ մեռնի, և ասաց. «Արդեն բավական է, ո՛վ Տեր, ա՛ռ իմ հոգին, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ»։ 5Եվ պառկեց ու քնեց գիհու տակ. և ահա մի հրեշտակ դիպավ նրան և ասաց նրան. «Վե՛ր կաց, կե՛ր»։ 6Եղիան նայեց, և ահա նրա գլխի կողմում, տաք քարի վրա մի թխած նկանակ կար և մի կուժ ջուր։ Նա կերավ, խմեց և դարձյալ քնեց։ 7Եվ Տիրոջ հրեշտակը դարձյալ եկավ, դիպավ նրան և ասաց. «Վե՛ր կաց, կե՛ր, որովհետև ճանապարհը շատ երկար պիտի լինի քեզ համար»։ 8Եվ նա վեր կացավ, կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր գնաց մինչև Աստծու սարը՝ Քորեբ։
9Եվ այնտեղ մտավ մի քարայր և օթևանեց այնտեղ, և ահա Տերը խոսեց ու ասաց նրան. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա՛»։ 10Եվ նա ասաց. «Ես մեծ նախանձախնդրություն ունեցա Զորությունների Տեր Աստծու համար, քանի որ Իսրայելի որդիները լքել են քո ուխտը, քանդել են քո սեղանները և քո մարգարեներին սպանել սրով. մենակ ես եմ մնացել, ինձ էլ որոնում են, որ սպանեն»։ 11Եվ նա ասաց. «Դո՛ւրս եկ և սարի վրա կանգնի՛ր Տիրոջ առջև»։ Եվ ահա Տերը անց էր կենում. և մի մեծ ու զորավոր հողմ պատառոտեց սարերը և կոտրատեց ապառաժները Տիրոջ առջև. բայց Տերն այդ հողմի մեջ չէր։ Եվ հողմից հետո երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ չէր։ 12Երկրաշարժից հետո՝ կրակ. բայց Տերը կրակի մեջ չէր. և կրակից հետո՝ մի մեղմ ու նուրբ ձայն։ 13Երբ Եղիան լսեց այն, իր երեսը ծածկեց իր վերարկուով, դուրս եկավ ու կանգնեց քարայրի դռանը, և ահա մի ձայն եղավ նրան ու ասաց. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա՛»։ 14Եվ նա ասաց. «Մեծ նախանձախնդրություն ունեցա Զորությունների Տեր Աստծու համար, քանի որ Իսրայելի որդիները լքել են քո ուխտը, քանդել են քո սեղանները և քո մարգարեներին սպանել են սրով. մենակ ես եմ մնացել, ինձ էլ որոնում են, որ սպանեն»։ 15Եվ Տերն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, անապատով գնա՛ Դամասկոս և երբ հասնես, Ազայելին թագավո՛ր օծիր ասորիների վրա։ 16Եվ Նամեսսիի որդի Հեուին էլ թագավո՛ր օծիր Իսրայելի վրա և աբել-մաուլացի Սափատի որդի Եղիսեին էլ մարգարե՛ օծիր քո փոխարեն։ 17Եվ կլինի այնպես, որ Ազայելի սրից ազատվողին Հեուն կսպանի, և Հեուի սրից ազատվողին կսպանի Եղիսեն։ 18Ինձ համար Իսրայելում թողնելու եմ յոթ հազար հոգի, բոլորն էլ այնպիսի մարդիկ, որոնք չծնրադրեցին Բահաղին, և բոլորն էլ իրենց բերանով չհամբուրեցին նրան»։
Եղիսեի կոչումը
19Եվ այնտեղից գնաց ու գտավ Սափատի որդի Եղիսեին, և նա վար էր անում՝ տասներկու լուծ եզ իր առաջ, և ինքը տասներկուերորդի հետ էր. և Եղիան անցավ նրա մոտով ու իր վերարկուն գցեց նրա վրա։ 20Նա թողեց եզները, վազեց Եղիայի ետևից և ասաց. «Թող համբուրեմ հորս ու մորս և հետո հետևեմ քեզ». և նա ասաց նրան. «Գնա՛ ու վերադարձի՛ր, որովհետև ես քեզ ի՞նչ եմ արել»։ 21Եվ նա ետ դարձավ նրա մոտից, մի լուծ եզ վերցրեց ու զոհեց և եզների լծափայտերով եփեց նրանց միսն ու տվեց ժողովրդին, և նրանք կերան այն. և վեր կացավ ու գնաց Եղիայի ետևից և ծառայում էր նրան։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy