ԹՎԵՐ 36

36
Ամուսնացած կանանց ժառանգությունը
1Հովսեփի որդիների տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիների տոհմի իշխանները մոտեցան Մովսեսին և Իսրայելի որդիների նահապետների ընտանիքների իշխաններին 2ու ասացին. «Տերը մեր տիրոջը հրամայել է՝ վիճակ գցելով երկիրը Իսրայելի որդիներին տա որպես ժառանգություն, և մեր տերը Տիրոջից հրաման է ստացել, որ մեր եղբայր Սալպաադի ժառանգությունը տա նրա աղջիկներին։ 3Եթե նրանք ամուսնանան Իսրայելի որդիների մեկ այլ ցեղի որդիների հետ, ապա նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ժառանգությունից և պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին կնության կգնան։ Այսպիսով պիտի պակասի վիճակով մեզ հասանելիք ժառանգությունը։ 4Եվ երբ գա Իսրայելի որդիների հոբելյանը, նրանց ժառանգությունը պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին նրանք կնության են գնացել, և նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ցեղի ժառանգությունից»։
5Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն պատվիրեց Իսրայելի որդիներին և ասաց. «Հովսեփի որդիների ցեղը ուղիղ է խոսում։ 6Սալպաադի աղջիկների մասին Տիրոջ հրամանը հետևյալն է. “Նրանք թող ամուսնանան, ում հետ որ կկամենան, միայն թե իրենց հայրական ցեղից եղողներին կին լինեն։ 7Իսրայելի որդիների ժառանգությունը մի ցեղից ուրիշ ցեղի թող չանցնի, որովհետև Իսրայելի որդիները բոլորն էլ իրենց հայրերի ցեղի ժառանգությանը պիտի հարեն։ 8Իսրայելի որդիների ցեղերի մեջ ժառանգություն ստացած ամեն աղջիկ իր հայրական ցեղից եղող մեկին կին թող դառնա, որպեսզի Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն իր հայրերի ժառանգությունը ժառանգի։ 9Ժառանգությունը մի ցեղից մյուս ցեղին չպետք է անցնի, այլ Իսրայելի որդիների ցեղերից ամեն մեկն իր ժառանգությանը պետք է հարի”»։
10Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, Սալպաադի աղջիկներն այդպես էլ արեցին։ 11Եվ Մաալան, Թերսան, Էգղան, Մեղքան և Նուան՝ Սալպաադի աղջիկները, ամուսնացան իրենց հորեղբայրների որդիների հետ։ 12Նրանք Հովսեփի որդի Մանասեի որդիների տոհմերից եղողների կանայք դարձան, և նրանց ժառանգությունը մնաց իրենց հայրական ցեղի ազգատոհմի մեջ։
13Սրանք են այն պատվիրաններն ու դատաստանները, որ Տերը Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի որդիներին Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 36: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում