Բ ՕՐԵՆՔ 1

1
Ներածություն
1Սրանք են այն խոսքերը, որ Մովսեսն ասաց բոլոր իսրայելացիներին Հորդանան գետի այն կողմում՝ անապատում, Սուփի դիմացի հարթավայրում՝ Փառանի, Տոփելի, Ղոբանի, Ասերոթի և Տիզահաբի միջև. 2(Քորեբից մինչև Կադես-Բառնեա տասնմեկ օրվա ճանապարհ է Սեիր լեռան ճանապարհով)։ 3Քառասուներորդ տարվա տասնմեկերորդ ամսի մեկին Մովսեսը Իսրայելի բոլոր որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը նրանց մասին պատվիրել էր իրեն. 4Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորին և Աստարովթի ու Եդրայիում բնակվող Բասանի Օգ թագավորին հարվածելուց հետո։ 5Հորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսեսն սկսեց բացատրել այս օրենքը՝ ասելով. 6«Մեր Տեր Աստվածը, Քորեբ լեռան վրա խոսելով մեզ հետ, ասաց. “Բավական է, որքան մնացիք այս սարում. 7Շրջվե՛ք ու մեկնե՛ք. գնացե՛ք դեպի ամորհացիների լեռնային շրջանը, նրա բոլոր բնակիչների մոտ, դեպի հարթավայրը, լեռներն ու հովիտները, հարավային կողմը, ծովեզերքը, քանանացիների երկիրը և Լիբանան, մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը։ 8Ահա ձեզ եմ տվել այդ երկիրը, գնացե՛ք և ժառանգե՛ք այն երկիրը, որը Տերը երդվեց տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին ու նրանցից հետո նրանց զավակներին”։
Մովսեսը դատավորներ է կարգում
(Ելք 18.13-27)
9Այն ժամանակ ես խոսեցի ձեզ հետ՝ ասելով. “Ես մենակ չեմ կարող ձեզ տանել։ 10Ձեր Տեր Աստվածը ձեզ բազմացրել է, և ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ եք։ 11(Ձեր հայրերի Տեր Աստվածը թող հազարապատիկ ձեզ ավելացնի և ձեզ օրհնի, ինչպես որ ասել է ձեզ)։ 12Ես մենակ ինչպե՞ս կրեմ ձեր նեղությունը, ձեր բեռը, ձեր վեճերը։ 13Դուք ձեր ցեղերից իմաստուն, փորձառու և շրջահայաց մարդի՛կ տվեք, և ես նրանց ձեզ վրա իշխաններ կարգեմ”։ 14Իսկ դուք ինձ պատասխանեցիք և ասացիք. “Ինչ որ ասում ես անելու, լավ է”։ 15Եվ ես ձեզանից վերցրի ձեր ցեղերի գլխավորներին՝ իմաստուն և շրջահայաց մարդկանց, և նրանց ձեզ վրա, ըստ ձեր ցեղերի, կարգեցի իշխաններ՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ և զորականներ։
16Այն ժամանակ ես պատվիրեցի ձեր դատավորներին՝ ասելով. “Լսե՛ք ձեր եղբայրների միջև եղած դատերը և արդարությա՛մբ դատեք ամեն մարդու դատը թե՛ իր եղբոր և թե՛ օտարականի հետ։ 17Դատաստան անելիս աչառություն չանեք, փոքրին լսե՛ք մեծի նման, ոչ մի մարդուց բնավ մի՛ վախեցեք, որովհետև դատաստանը Աստծունն է։ Այն դատը, որ ձեզ համար դժվար կլինի վճռել, ի՛նձ ներկայացրեք, և ես կլսեմ այն”։ 18Այն ժամանակ ես ձեզ պատվիրել եմ այն ամենը, ինչ պետք է անեք։
Կադես-Բառնեայից հետախուզողներ են ուղարկվում
(Թվ. 13.1-33)
19Հետո մեկնեցինք Քորեբից և ամբողջությամբ անցանք ձեր տեսած այդ մեծ և ահավոր անապատը ամորհացիների լեռնային ճանապարհով, ինչպես մեր Տեր Աստվածը պատվիրել էր մեզ, և եկանք մինչև Կադես-Բառնեա։ 20Ես ձեզ ասացի. “Դուք եկաք ամորհացիների լեռը, որ մեր Տեր Աստվածը տալիս է մեզ։ 21Տե՛ս, քո Տեր Աստվածը այդ երկիրը տվել է քեզ. բարձրացի՛ր, ժառանգի՛ր այն, ինչպես քո հայրերի Տեր Աստվածն ասաց քեզ։ Մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր”։
22Դուք ամենքդ ինձ մոտ եկաք և ասացիք ինձ. “Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, որ մեզ համար հետախուզեն երկիրը և մեզ լուր բերեն այն ճանապարհի մասին, որով պիտի բարձրանանք, և այն քաղաքների մասին, ուր մուտք պիտի գործենք”։ 23Այս խոսքն ինձ հաճո թվաց։ Ես ձեզանից վերցրի տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մի մարդ։ 24Նրանք գնացին, բարձրացան լեռը, հասան մինչև Եսքողի ձորը և հետախուզեցին այդ երկիրը։ 25Նրանք իրենց ձեռքն առան այդ երկրի պտուղներից, բերեցին մեզ մոտ և մեզ տեղեկություն տալով՝ ասացին. “Լավ է այն երկիրը, որ մեր Տեր Աստվածը տալիս է մեզ”։ 26Բայց դուք չուզեցիք բարձրանալ և հակառակվեցիք ձեր Տեր Աստծու հրամանին։ 27Եվ տրտնջալով ձեր վրանների մեջ՝ ասացիք. “Տերը, մեզ ատելով, մեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, որպեսզի մեզ հանձնի ամորհացիների ձեռքը՝ մեզ կորստյան մատնելու համար։ 28Մենք ո՞ւր բարձրանանք. մեր եղբայրները թուլացրին մեր սրտերը՝ ասելով. "Այդ ժողովուրդը մեզանից մեծ և բարձրահասակ ազգ է, քաղաքները մեծ են, և նրանց պարիսպները հասնում են մինչև երկինք. այնտեղ տեսանք նաև Ենակի որդիներին"”։ 29Ես ձեզ ասացի. “Մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք նրանցից։ 30Ձեր Տեր Աստվածը, որ գնում է ձեր առջևից, կպատերազմի ձեզ համար, ինչպես որ ձեր աչքի առաջ դա արեց ձեզ համար Եգիպտոսում։ 31Այս անապատում էլ, որ տեսար, թե քո Տեր Աստվածը քեզ տարավ, ինչպես մի մարդ տանում է իր զավակին, ձեր գնացած ամբողջ ճանապարհին, մինչև որ եկաք հասաք այստեղ”։ 32Սրանից հետո էլ չհավատացիք ձեր Տեր Աստծուն, 33որ ձեր առջևից գնում էր ձեր ճանապարհին, որպեսզի ձեզ համար վրաններ խփելու մի տեղ որոնի և որպեսզի ձեր գնալու ճանապարհը ցույց տա ձեզ գիշերը կրակով, իսկ ցերեկը՝ ամպով։
Տերը պատժում է Իսրայելին
(Թվ. 14.20-45)
34Տերը լսեց ձեր խոսքերի ձայնը, բարկացավ և երդում արեց՝ ասելով. 35“Այս մարդկանցից, այս չար ազգից ո՛չ մեկը չի տեսնելու այն լավ երկիրը, որ երդվեցի տալ ձեր հայրերին, 36բացի Հեփոնեի որդի Քաղեբից. նա կտեսնի այն, և ես նրան ու նրա որդիներին կտամ այն երկիրը, որի վրա նա ոտք է դրել, որովհետև նա կատարելապես հետևեց Տիրոջը”։ 37Տերը ձեր պատճառով ինձ վրա էլ բարկացավ և ասաց. “Դու էլ չես մտնի այնտեղ։ 38Նավեի որդի Հեսուն՝ քո առաջ կանգնողը, նա՛ կմտնի այնտեղ. զորացրո՛ւ նրան, որովհետև նա՛ պիտի այդ երկիրը ժառանգել տա Իսրայելին։ 39Ձեր այն երեխաները, որոնց մասին ասում էիք, թե ավար կդառնան, և ձեր այն որդիները, որոնք այսօր դեռ չգիտեն բարին ու չարը, նրա՛նք կմտնեն այնտեղ, նրա՛նց պիտի տամ այդ երկիրը, նրա՛նք պիտի ժառանգեն այն։ 40Բայց դուք ե՛տ դարձեք և Կարմիր ծովի ճանապարհով մեկնե՛ք դեպի անապատը”։
41Այն ժամանակ դուք պատասխանեցիք ինձ և ասացիք. “Մեղք գործեցինք Տիրոջ առջև. վեր ելնենք, պատերազմենք, ինչպես մեզ պատվիրեց մեր Տեր Աստվածը”։ Եվ ամեն մեկդ ձեր պատերազմական զենքն առնելով՝ թեթևամտությամբ ուզեցիք բարձրանալ լեռը։ 42Տերն ինձ ասաց. “Ասա՛ նրանց. "Մի՛ բարձրացեք և մի՛ պատերազմեք, որովհետև ես ձեր մեջ չեմ. գուցե ձեր թշնամիների առաջ կոտորվեք"”։ 43Ես էլ ձեզ հետ խոսեցի, բայց դուք չլսեցիք ինձ, այլ հակառակվեցիք Տիրոջ հրամանին, համառություն արեցիք ու բարձրացաք լեռը։ 44Այդ լեռան վրա բնակվող ամորհացիները, դուրս գալով ձեր դեմ, մեղուների նման հալածեցին ձեզ ու կոտորեցին Սեիրում՝ մինչև Հորմա։ 45Ետ դառնալով՝ լաց եղաք Տիրոջ առջև, բայց Տերը չլսեց ձեզ, ականջ չդրեց ձեր ձայնին։ 46Դուք Կադեսում շատ օրեր, իսկապես երկար մնացիք»։

Արդեն Ընտրված.

Բ ՕՐԵՆՔ 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում