ՀՈԲ 22

22
Երրորդ խոսակցությունը
(22.1–27.23)
1Եղիփազ Թեմանացին պատասխանեց.
2«Մի՞թե մարդն Աստծու համար օգտակար է. խելացին միայն իր համար է օգտակար։
3Ամենակարողին հաճելի կլինի՞, եթե արդար լինես, կամ շահ կլինի՞, եթե քո ճանապարհներն ուղիղ անես։
4Մի՞թե աստվածավախության համար է քեզ հանդիմանում և քո դեմ ամբաստանություններ անում։
5Չէ՞ որ քո չարությունը շատ է, ու քո հանցանքներին վերջ չկա։
6Որովհետև դու քո եղբորից զուր տեղը գրավ էիր վերցնում և մերկերի հագուստներն էիր հափշտակում։
7Ծարավին ջուր չէիր խմեցնում ու սովածից հացը խնայում էիր։
8Երկիրն ուժեղ մարդունն էր, և պատվավորն էր այնտեղ բնակվում։
9Որբևայրիներին դատարկ էիր ճանապարհ դնում, ու որբերի բազուկները կոտրվում էին։
10Դրա համար քո շուրջը որոգայթներ կան, և հանկարծահաս վախը քեզ զարհուրեցրել է։
11Կամ թե խավարի պատճառով չես տեսնում, և ջրերի շատությունը քեզ ծածկել է։
12Մի՞թե Աստված երկնքի բարձրերում չէ։ Աստղերի բարձրությա՛նը նայիր. ի՜նչ բարձր են։
13Բայց դու ասում ես. “Աստված ի՞նչ գիտե. խավար մառախուղի միջի՞ց պիտի դատի։
14Ամպերը նրա համար ծածկույթ են, ու նա չի նկատի. երկնքի կամարի վրա է շրջում”։
15Մի՞թե վաղեմի ճանապարհն ես պահում, որով անօրեն մարդիկ գնացին,
16Որոնք ժամանակից շուտ հափշտակվեցին. գետը տարավ նրանց հիմքերը,
17Ովքեր Աստծուն ասում էին. “Հեռացի՛ր մեզանից”, “Ամենակալը մեզ ի՞նչ է կարող է անել”,
18Բայց նա բարիքով էր լցրել նրանց տները։ Ամբարիշտների խորհուրդը թող ինձանից հեռու լինի։
19Արդարները պիտի տեսնեն և ուրախանան, իսկ անմեղները նրանց պիտի ծաղրեն՝
20 Ասելով. “Մեր թշնամիները ճշմարիտ կորել են, ու նրանց մնացորդին կրակն է լափել իրավ”։
21Աստծուն հնազանդվի՛ր և խաղաղության մե՛ջ եղիր նրա հետ. դրանով քեզ բարիք կգա։
22Նրա բերանից ընդունի՛ր օրենքը և նրա խոսքերը սրտիդ մե՛ջ դիր։
23Եթե Ամենակարողին վերադառնաս, կբարգավաճես, եթե անիրավությունն էլ քո վրանից հեռացնես։
24Եթե ոսկու կտորի հետ հողի պես վարվես, Ոփիրի ոսկու հետ էլ՝ հեղեղատների քարերի պես,
25Այն ժամանակ Ամենակարողը կլինի քո ոսկու կտորն ու քո փայլուն արծաթը։
26Որովհետև այն ժամանակ Ամենակարողով կցնծաս ու դեմքդ դեպի Աստված կբարձրացնես։
27Դու նրան կաղաչես, ու նա քեզ կլսի. քո ուխտերը կկատարես։
28Մտադրություն ունենաս, դա քեզ կհաջողվի. քո ճանապարհների վրա լույս կծագի։
29Երբ մեկին ցածրացնեն, դու կասես՝ բարձրությո՜ւն, և խոնարհ մարդուն նա կփրկի։
30Նա նույնիսկ անմեղ չեղողին կազատի. նա քո ձեռքերի մաքրությամբ կազատվի»։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 22: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում