ՀՈԲ 21

21
1Հոբը պատասխանեց.
2«Խոսքս լա՛վ լսեցեք, և սա թող լինի ձեր՝ ինձ տված մխիթարությունը։
3Համբերո՛ղ եղեք, որ ես խոսեմ, ու իմ խոսելուց հետո՛ ծաղրեցեք։
4Ես որ կամ, իմ գանգատը մի՞թե մարդու դեմ է, և հոգիս ինչո՞ւ չնեղվի։
5Ինձ նայե՛ք ու ապշեցե՛ք. ձեռքներդ բերանների՛դ դրեք։
6Հենց որ հիշում եմ, զարհուրում եմ, ու մարմինս դողն է բռնում։
7Ամբարիշտներն ինչո՞ւ են ապրում, ծերանում, նաև ուժով զորանում են։
8Նրանց սերունդն իրենց հետ, իրենց առաջ հաստատուն է, նրանց զավակները՝ իրենց աչքի դեմ։
9Նրանց տներն ապահով են, երկյուղից ազատ, և Աստծու գավազանը նրանց վրա չէ։
10Նրանց եզը զուգավորվում է, նրանց կովը չի վիժում և ծնում է։
11Նրանք իրենց մանուկներին ոչխարի հոտի պես են դուրս հանում, և նրանց տղաները ոստոստում են։
12Թմբուկով ու քնարով են երգում և սրնգի ձայնով ուրախանում։
13Նրանք իրենց օրերը ճոխության մեջ են անցկացնում և հանգիստ գերեզման#21.13 Կամ մեռյալների բնակարանը, գրաբար՝ դժոխք։ կիջնեն։
14Նրանք Աստծուն ասում են. “Մեզանից հեռացի՛ր, մենք քո ճանապարհները չենք ուզում իմանալ։
15Ամենակարողն ո՞վ է, որ նրան ծառայենք, և մենք ի՞նչ օգուտ ունենք, որ նրան աղերսենք”։
16Տե՛ս, նրանց բարիքներն իրենց ձեռքում չեն. ամբարիշտների խորհուրդը ինձանից հեռու լինի։
17Ամբարիշտների ճրագը քանի՞ անգամ կհանգչի, և նրանց տառապանքն իրենց վրա կգա՞։ Աստված իր բարկությամբ նրանց համար ցավեր կբաժանի՞։
18Նրանք կլինե՞ն, ինչպես հարդը՝ քամու առաջ, և ինչպես մղեղը, որին մրրիկն է հափշտակել։
19 Ասում ես. “Աստված նրա հանցանքը նրա զավակների համար է պահում. թող հենց նրան հատուցի, որ ինքը հասկանա։
20Թող նրա աչքերն իր կորուստը տեսնեն, և թող նա Ամենակարողի բարկությունից խմի,
21Որովհետև նա իրենից հետո իր տան մասին ի՞նչ հոգս կունենա, երբ նրան հատկացված ամիսները վերջացել են”։
22Մի՞թե կարելի է Աստծուն գիտություն ուսուցանել, քանի ինքն է բարձրերին դատում։
23Մեկը մեռնում է իր առույգության մեջ՝ բոլորովին ապահով ու հանգիստ.
24Նրա մարմինը լիքն է, և նրա ոսկորները՝ լեցուն ծուծքով։
25Իսկ մյուսը մեռնում է դառն հոգով, բարիք չճաշակած։
26 Բայց երկուսն էլ հողի մեջ միասին են պառկում, և նրանք որդերով են ծածկվում։
27Ահա ձեր խորհուրդները գիտեմ, նաև այն հնարքները, որ իմ դեմ նյութել եք։
28Որ ասում եք. “Ազնվականի տունը որտե՞ղ է, և որտե՞ղ է ամբարիշտների բնակության վրանը”։
29Ճանապարհորդներին չե՞ք հարցրել ու նրանց նշանները չե՞ք հասկանում,
30Թե կորստյան օրը չարը պահպանվում է, բարկության օրն այն ազատվում է։
31Նրա դիմաց ո՞վ կդատապարտի նրա ընթացքը, և նրա արածի համար ո՞վ նրան կհատուցի։
32Բայց նա գերեզմանոց է տարվում, և նրա տապանի վրա պահապան են դնում։
33Հովտի կոշտերը նրա համար քաղցր են, և բոլոր մարդիկ նրա ետևից են գնում. նրա առաջից ընթացողներին թիվ չկա։
34Ինձ փուչ բանով ինչպե՞ս եք մխիթարում, մինչ ձեր պատասխաններում ստություն է մնում»։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 21: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում