ԵԼՔ 15

15
Մովսեսի երգը
1Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը՝ ասելով.
«Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված.
Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։
2Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է
Եվ իմ փրկությունը եղավ։
Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան.
Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։
3Տերը հզոր պատերազմող է.
Տեր է անունը նրա։
4Փարավոնի կառքերն ու նրա զորքերը ծովը գցեց.
Նրա ընտիր կառամարտիկներն ընկղմվեցին Կարմիր ծովում։
5Անդունդները ծածկեցին նրանց.
Նրանք իջան խորքերը, ինչպես քար։
6Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, փառավորվեց զորությամբ.
Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, խորտակեց թշնամուն։
7Դու քո փառքի մեծությամբ խորտակում ես քո դեմ վեր կացողներին.
Ուղարկում ես քո բարկությունը, և ուտում է հարդի պես։
8Քո շնչի փչելով հավաքվեցին ջրերը,
Հեղեղները կանգնեցին դեզի պես,
Անդունդները քարացան ծովում։
9Թշնամին ասաց. “Հալածեմ, հասնեմ,
Ավարը բաժանեմ, անձս հագենա նրանցից,
քաշեմ սուրս, ձեռքս հափշտակի նրանց”։
10Փչեցիր քո քամիով, ծովը ծածկեց նրանց.
Կապարի պես ընկղմվեցին զորավոր ջրերի մեջ։
11Աստվածների մեջ ո՞վ է քեզ նման, ո՛վ Տեր.
Ո՞վ է քեզ նման սրբության մեջ փառավորված սքանչելի օրհնություններով,
Հրաշքներ անող։
12Մեկնեցիր քո աջ ձեռքը,
Երկիրը կուլ տվեց նրանց։
13Քո ողորմությամբ առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր.
Քո զորությամբ տարար նրանց քո սուրբ բնակարանը։
14Ժողովուրդները լսում են և կսարսափեն.
Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին։
15Այն ժամանակ կտագնապեն Եդովմի իշխանները.
Մովաբի զորավորներին դող է բռնելու.
Կհալվեն Քանանի բոլոր բնակիչները։
16Ահ ու դող կընկնի նրանց վրա.
Քո բազկի մեծությունից կսառչեն քարի պես,
Մինչև որ անցնի քո ժողովուրդը, ո՛վ Տեր,
Մինչև որ անցնի այս ժողովուրդը, որին ստացար։
17Դու կբերես նրանց և կտնկես նրանց քո ժառանգության սարի վրա,
Այն վայրը, որ դու պատրաստեցիր քո բնակության համար, ո՛վ Տեր.
Այն սրբարանը, Տե՛ր, որ քո ձեռքերը շինեցին։
18Տերը պիտի թագավորի հավիտյանս հավիտենից,
19Որովհետև փարավոնի ձիերը նրա կառքերով ու ձիավորներով ծովը մտան,
և Տերը ծովի ջրերը թափեց նրանց վրա,
բայց Իսրայելի որդիները ցամաքով գնացին ծովի միջով»։
Մարիամի երգը
20Ահարոնի քույր Մարիամ մարգարեուհին իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք թմբուկներով ու պարերով դուրս եկան նրա ետևից։ 21Մարիամը երգեց նրանց.
«Օրհներգե՛ք Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված.
Ձիուն ու ձիավորին ծովը գցեց»։
Դառը ջուրը
22Մովսեսն Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, ու նրանք հասան Սուր կոչված անապատը։ Երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց ջուր չգտան։ 23Եկան Մեռա, բայց չկարողացան խմել Մեռայի ջրից, որովհետև այն դառն էր. դրա համար այդ վայրը կոչվեց Մեռա#15.23 Դառնություն։։ 24Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. «Ի՞նչ խմենք»։ 25Մովսեսն աղաղակեց Տիրոջը, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ Այստեղ Տերը նրանց օրենք ու դատաստան տվեց և այստեղ փորձեց նրանց։ 26Եվ ասաց. «Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծու ձայնը, անես այն, ինչ ուղիղ է նրա աչքին, և հնազանդվես նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև ես եմ Տերը՝ քո բժիշկը»։
27Եվ եկան Եղիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի։ Նրանք այնտեղ՝ ջրերի մոտ կանգ առան։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 15: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում