ԵԼՔ 14

14
Անցում Կարմիր ծովով
1Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2«Ասա՛ Իսրայելի որդիներին, որ ետ դառնան և բնակություն հաստատեն Փիաիրոթի առջև՝ Մագդողի ու ծովի միջև, Բեեղսեփոնի դիմաց։ Դրա դիմաց՝ ծովի մոտ, բնակություն կհաստատեք։ 3Փարավոնը Իսրայելի որդիների մասին կասի, թե՝ “Մոլորվել են այս երկրում, անապատը շրջափակել է նրանց”։ 4Կկարծրացնեմ փարավոնի սիրտը, և նա կհետապնդի նրանց. ես կփառավորվեմ փարավոնի ու նրա ամբողջ զորքի վրա, և եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը»։ Եվ նրանք այդպես էլ արեցին։
5Եգիպտոսի թագավորին հայտնեցին, թե ժողովուրդը փախել է. փարավոնի ու նրա ծառաների սրտերը փոխվեցին ժողովրդի նկատմամբ, և ասացին. «Այս ի՞նչ արեցինք մենք, որ թույլ տվեցինք իսրայելացիներին՝ զրկվելով մեզ ծառայություն անելուց»։ 6Փարավոնը պատրաստեց իր կառքը ու ժողովրդին վերցրեց իր հետ։ 7Նա վերցրեց վեց հարյուր ընտիր կառքեր և Եգիպտոսի բոլոր կառքերը, և դրանց բոլորի վրա՝ զորականներ։ 8Տերը կարծրացրեց Եգիպտոսի թագավոր փարավոնի սիրտը, և նա հետապնդեց Իսրայելի որդիներին։ Իսրայելի որդիները դուրս եկան՝ ձեռքերը բարձր պահած։ 9Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերը, նրա ձիավորներն ու զորքերը հասան և գտան նրանց բանակատեղ դրած ծովի մոտ՝ Փիաիրոթին մոտիկ, Բեեղսեփոնի դիմաց։
10Փարավոնը մոտեցավ, և Իսրայելի որդիները բարձրացրին իրենց աչքերն ու տեսան, որ եգիպտացիները գալիս էին իրենց ետևից։ Իսրայելի որդիները շատ վախեցան և աղաղակեցին Տիրոջը։ 11Եվ ասացին Մովսեսին. «Մի՞թե Եգիպտոսում գերեզմաններ չկային, որ մեզ բերեցիր անապատում մեռնելու. այս ի՞նչ արեցիր մեզ՝ դուրս հանելով Եգիպտոսից։ 12Սա այն խոսքը չէ՞, որ ասում էինք քեզ Եգիպտոսում, թե՝ “Թո՛ւյլ տուր մեզ, որ ծառայենք եգիպտացիներին, որովհետև մեզ համար ավելի լավ է ծառայել եգիպտացիներին, քան թե մեռնել անապատում”»։ 13Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, կանգնե՛ք ձեր տեղում և տեսե՛ք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար. որովհետև այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլևս հավիտյան չեք տեսնելու։ 14Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք»։
15Տերն ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես ինձ աղաղակում. ասա՛ Իսրայելի որդիներին, որ գնան։ 16Իսկ դու բարձրացրո՛ւ գավազանդ, մեկնի՛ր ձեռքդ ծովի վրա, ճեղքի՛ր այն, և Իսրայելի որդիները ծովի միջով գնան ցամաքով։ 17Եվ ես ահա պիտի կարծրացնեմ եգիպտացիների սիրտը, ու նրանք պիտի գնան սրանց ետևից. և ես պիտի փառավորվեմ փարավոնի, նրա բոլոր զորքերի, նրա կառքերի ու նրա ձիավորների առաջ։ 18Եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ ես փառավորվեմ փարավոնի, նրա կառքերի և նրա ձիավորների առաջ»։ 19Աստծու հրեշտակը, որ գնում էր Իսրայելի բանակի առջևից, ելավ ու գնաց նրանց ետևից. ամպի սյունն էլ ելավ նրանց առջևից և կանգնեց նրանց ետևում, 20եգիպտացիների բանակի և Իսրայելի բանակի մեջտեղը եկավ, և ամպ ու խավար եղավ մի կողմի համար, բայց մյուս կողմի համար գիշերը լույս էր տալիս։ Եվ բանակներն ամբողջ գիշեր չմոտեցան միմյանց։
21Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա։ Տերն արևելյան սաստիկ քամիով ամբողջ գիշեր քշեց ծովը և ցամաքեցրեց այն, ու ջրերը ճեղքվեցին։ 22Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնացին։ Ջրերը նրանց աջ և ձախ կողմերից պարիսպ դարձան։
23Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերն ու ձիավորները նրանց ետևից գնացին ծովի մեջտեղը։ 24Առավոտը դեռ չբացված՝ Տերը կրակի և ամպի սյունից նայեց եգիպտացիների բանակին և խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։ 25Հանեց նրանց կառքերի անիվները, ու դժվարությամբ էին առաջ շարժվում. այնպես որ եգիպտացիներն ասում էին. «Փախչենք իսրայելացիներից, որովհետև Տերը նրանց համար պատերազմում է եգիպտացիների դեմ»։
26Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ ծովի վրա, որպեսզի ջրերը ետ դառնան եգիպտացիների վրա, նրանց կառքերի ու նրանց ձիավորների վրա»։ 27Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և առավոտյան դեմ ծովը ետ դարձավ իր ընթացքից։ Եգիպտացիները նրա դիմացից փախան, և Տերը եգիպտացիներին թափեց ծովը։ 28Ջրերը վերադարձան և ծածկեցին փարավոնի կառքերը, ձիավորներին ու բոլոր զորքերին, որոնք ծովն էին մտել իսրայելացիների ետևից։ Նրանցից մեկն էլ չմնաց։ 29Բայց Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնում էին, իսկ ջրերը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էին նրանց համար։ 30Տերն այդ օրը Իսրայելին ազատեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը ծովի ափին մեռած տեսավ եգիպտացիներին։ 31Իսրայելը տեսավ այն հզոր ձեռքը, որ Տերը ցույց տվեց եգիպտացիների վրա։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից, հավատաց Տիրոջն ու նրա ծառա Մովսեսին։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 14: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում