Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14

14
Ասա թագավորը հաղթում է եթովպացիներին
1Աբիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Ասան։ Նրա օրոք երկիրը տասը տարի հանգիստ մնաց։ 2Ասան բարի և ուղիղ գործեր արեց իր Տեր Աստծու աչքի առաջ։ 3Նա վերացրեց օտար զոհասեղաններն ու Բարձր տեղերը, կոտրատեց արձանները և կտրտեց աստարովթները։ 4Նա հրամայեց Հուդային, որ փնտրեն իրենց հայրերի Տեր Աստծուն և կատարեն նրա օրենքն ու պատվիրանները։ 5Նա Հուդայի բոլոր քաղաքներից վերացրեց Բարձր տեղերն ու խունկի սեղանները, և թագավորությունը հանգստություն գտավ նրա առաջ։ 6Հուդայում նա պարսպապատ քաղաքներ կառուցեց, որովհետև երկիրը հանգիստ էր, և այդ տարիներին պատերազմ չկար նրա դեմ, քանի որ Տերը նրան հանգստություն էր տվել։ 7Ասան Հուդայի մարդկանց ասաց. «Կառուցենք այս քաղաքները, դրանք շրջապատենք պարիսպներով, աշտարակներով, դռներով ու նիգերով. երկիրը տակավին մերն է, որովհետև մենք փնտրեցինք մեր Տեր Աստծուն, փնտրեցինք նրան, և նա մեզ հանգստություն տվեց բոլոր կողմերից»։ Նրանք կառուցեցին և հաջողություն ունեցան։ 8Ասան Հուդայում վահան և նիզակ կրող երեք հարյուր հազար զորք ուներ, իսկ Բենիամինում՝ ասպար կրող և աղեղ քաշող երկու հարյուր ութսուն հազար զորք։ Սրանք բոլորը զորավոր քաջեր էին։
9Եթովպացի Զարան մեկ միլիոն#14.9 Եբր. հազար անգամ հազար։ զորքով և երեք հարյուր մարտակառքով նրանց դեմ ելավ ու եկավ մինչև Մարեսա։ 10Ասան դուրս եկավ նրա դիմաց, և նրանք պատերազմի համար շարվեցին Մարեսայի Սեփաթա ձորում։ 11Ասան աղաղակեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Տեր, քեզ համար մի մեծ բան չէ թե՛ հզորին, թե՛ տկարին օգնելը. օգնի՛ր մեզ, ո՛վ մեր Տեր Աստված, որովհետև մենք քեզ ենք ապավինել և քո անունով ենք եկել այս բազմության դեմ։ Ո՛վ Տեր, դու ես մեր Աստվածը. թող մարդը քեզանից ուժեղ չլինի»։ 12Եվ Տերը եթովպացիներին հարվածեց Ասայի և Հուդայի առաջ, ու եթովպացիները փախան։
13Ասան և նրա հետ եղող բանակը նրանց հալածեցին մինչև Գերարա, և եթովպացիներից ընկան, այնպես որ նրանցից կենդանի մնացող չեղավ, որովհետև նրանք ջարդվեցին Տիրոջ առաջ և նրա բանակի առաջ, և շատ մեծ ավար վերցրին։ 14Նրանք ավերեցին Գերարայի շրջակա քաղաքները, որովհետև Տիրոջ վախը պատել էր նրանց, և կողոպտեցին բոլոր քաղաքները, որովհետև շատ ավար կար դրանց մեջ։ 15Նրանք ավերեցին նաև հովիվների վրաններն ու քշեցին տարան բազում ոչխարներ և ուղտեր ու վերադարձան Երուսաղեմ։

Արդեն Ընտրված.

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում