Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 13

13
Աբիան պատերազմում է Հերոբովամի հետ
(Գ Թագ. 15.1-8)
1Հերոբովամի թագավորության տասնութերորդ տարում Աբիան թագավոր եղավ Հուդայի վրա։ 2Նա երեք տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Միքայիա՝ դուստրը գաբաացի Ուրիելի։ Պատերազմ կար Աբիայի և Հերոբովամի միջև։ 3Աբիան պատերազմ կազմակերպեց զորեղ մարտիկներով՝ չորս հարյուր հազար ընտիր մարդկանցով, իսկ Հերոբովամը նրա դեմ պատերազմի դուրս ելավ ութ հարյուր հազար ընտիր, քաջազուն մարդկանցով։
4Աբիան կանգնեց Սեմարիմ լեռան վրա, որը Եփրեմի լեռնակողմում էր, և ասաց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ Հերոբովամ և բոլոր իսրայելացիներ. 5մի՞թե ձեզ հայտնի չէ, որ Իսրայելի Տեր Աստվածը աղի ուխտով#13.5 Այսինքն՝ անբեկանելի ուխտով։ Իսրայելի թագավորությունը հավիտյան տվել է Դավթին, նրան և նրա որդիներին։ 6Բայց Դավթի որդի Սողոմոնի ծառան՝ Նաբատի որդի Հերոբովամը, վեր կացավ և ապստամբեց իր տիրոջ դեմ։ 7Նրա մոտ հավաքվեցին դատարկ, անօրեն մարդիկ և ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին, բայց Ռոբովամը երեխա էր, փափուկ սիրտ ուներ և նրանց դեմ չելավ։ 8Եվ հիմա դուք կարծում եք, թե դե՞մ կկանգնեք Տիրոջ թագավորությանը, որը Դավթի որդիների ձեռքին է։ Դուք մեծ բազմություն եք, և ձեզ հետ են ոսկե հորթերը, որոնց Հերոբովամը ձեզ համար աստվածներ է արել։ 9Մի՞թե դուք դուրս չքշեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին ու ղևտացիներին, և ձեզ համար քահանաներ ընտրեցիք, ինչպես ուրիշ երկրների ժողովուրդները։ Քահանա դառնալու համար ով որ գալիս էր մեկ զվարակով և յոթ խոյերով, քահանա էր լինում չաստվածների համար։ 10Բայց մեր Աստվածը Տերն է, և մենք նրան չլքեցինք։ Տիրոջը ծառայող քահանաները Ահարոնի որդիներն են, և ղևտացիները՝ իրենց պաշտոնին։ 11Նրանք ամեն առավոտ և ամեն երեկո ողջակեզներ են զոհում Տիրոջը, անուշահոտ խունկ են ծխում, մաքուր սեղանի վրա շարում են առաջավորության հացը և պատրաստում ոսկե աշտանակն ու նրա ճրագները՝ ամեն երեկո վառելու համար, որովհետև մենք պահում ենք մեր Տեր Աստծու պահպանությունը, իսկ դուք նրան լքել եք։ 12Ահա Աստված մեզ հետ է իբրև գլխավոր, և նրա քահանաներն ու ազդարարող փողերը, որ հնչեն ձեր դեմ։ Իսրայելի՛ որդիներ, մի՛ պատերազմեք ձեր հայրերի Տեր Աստծու դեմ, որովհետև հաջողություն չեք ունենա»։
13Բայց Հերոբովամը շրջանցել տվեց դարանակալներին, որպեսզի գան նրանց հետևի կողմից. իրենք լինեն հուդայականների դիմաց, իսկ դարանակալները՝ նրանց հետևում։ 14Հուդայականները հետ նայեցին ու տեսան, որ պատերազմն ահա իրենց առջևից և հետևից էր, ուստի աղաղակեցին Տիրոջը, իսկ քահանաները հնչեցրին փողերը։ 15Հուդայի երկրի մարդիկ աղաղակ բարձրացրին։ Երբ հուդայականներն աղաղակեցին, Աստված հարվածեց Հերոբովամին ու ամբողջ Իսրայելին Աբիայի և Հուդայի առջև։ 16Իսրայելի որդիները փախան Հուդայի առջևից, և Աստված սրանց մատնեց նրանց ձեռքը։ 17Աբիան և նրա զորքը մեծ ջարդ տվեցին նրանց, և Իսրայելից հինգ հարյուր հազար ընտիր մարդ կոտորվեց։ 18Այդ ժամանակ Իսրայելի որդիները նվաճվեցին, իսկ Հուդայի որդիները զորացան, որովհետև ապավինել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։ 19Աբիան հալածեց Հերոբովամին և նրանից վերցրեց քաղաքներ՝ Բեթելն ու նրա գյուղերը, Հեսանան ու նրա գյուղերը և Եփրոնն ու նրա գյուղերը։ 20Աբիայի օրոք Հերոբովամն այլևս ուժ չունեցավ։ Տերը հարվածեց նրան, և նա մեռավ։
21Աբիան հզորացավ. նա տասնչորս կին առավ և ունեցավ քսաներկու տղա և տասնվեց աղջիկ։ 22Աբիայի մնացած պատմությունը, նրա ընթացքն ու խոսքերը գրված են Ադդով մարգարեի հիշատակարանում։

Արդեն Ընտրված.

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 13: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում