Ա Կորնթացիներին 9

9
Առաքյալի ազատությունն ու պարտավորությունները
1Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքյալ եմ, չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին տեսել եմ, չէ՞ որ դուք իմ գործն եք Տիրոջով։ 2Թեկուզ ուրիշների համար առաքյալ չեմ, բայց հենց ձեզ համար առաքյալ եմ. իմ առաքելության կնիքը դուք եք Տիրոջով։ 3Ինձ հարցաքննողների դեմ իմ պատասխանը սա է։ 4Մի՞թե մենք ուտելու և խմելու իրավունք չունենք։ 5Մի՞թե մեզ հետ քույր, կին պտտեցնելու իրավունք չունենք, ինչպես ուրիշ առաքյալները, Տիրոջ եղբայրներն ու Կեփասը։ 6Կամ մի՞թե միայն ես և Բառնաբասը չաշխատելու իրավունք չունենք։ 7Ո՞վ է, որ երբևէ իր սեփական ծախսերով է զինվորություն անում։ Ո՞վ է, որ այգի է տնկում և նրա պտղից չի ուտում։ Ո՞վ է, որ հոտ է արածեցնում և հոտի կաթից չի խմում։ 8Մի՞թե ես այս մարդկայնորեն եմ ասում, կամ չէ՞ որ օրենքն էլ է նույն բաներն ասում, 9որովհետև Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4)։ Մի՞թե Աստված եզների համար էր հոգում։ 10Իհարկե մեզ համար է ասում, որովհետև մեր մասին է գրված, որ հերկողը պետք է հույսով հերկի, և կալսողն իր հույսը վայելելու հույսով կալսի։ 11Եթե մենք ձեր մեջ հոգևոր սերմեր ցանեցինք, մե՞ծ բան է, որ ձեզանից նյութական բարիք հնձենք։ 12Եթե ուրիշները ձեզ վրա այդ իրավունքն ունեն, չէ՞ որ մենք՝ առավել ևս։ Բայց մենք այդ իրավունքը չբանեցրինք, այլ ամեն բանի համբերում ենք, որ Քրիստոսի Ավետարանին արգելք չլինենք։ 13Չգիտե՞ք, որ նրանք, ովքեր տաճարում են գործում, տաճարից են սնվում, իսկ նրանք, ովքեր զոհասեղանին են սպասավորում, զոհասեղանից են բաժին ստանում։ 14Նույն կերպ էլ Տերը հրաման տվեց Ավետարանը քարոզողներին Ավետարանից ապրել։ 15Բայց ես սրանցից ոչ մեկն էլ չգործադրեցի, ոչ էլ այս բաները գրեցի, որ ինձ համար այդպես լինի, որովհետև ավելի լավ է՝ ես մեռնեմ, քան թե մեկն իմ պարծանքը ունայն համարի։ 16Որովհետև եթե Ավետարանը քարոզեմ, դա ինձ համար պարծանք չի լինի, քանի որ դա ինձ վրա դրված պարտավորություն է, և վա՛յ ինձ, եթե Ավետարանը չքարոզեմ։ 17Եթե դա իմ կամքով անեմ, վարձ կունենամ, իսկ եթե ոչ, ապա դա ինձ Տիրոջից վստահված տնտեսություն է։ 18Հապա իմ վարձն ի՞նչ է. այն, որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքից, որ Ավետարանից է։
19Բոլորից ազատ լինելով՝ ինքս ինձ բոլորին ծառա եմ դարձրել, որ շատերին շահեմ։ 20Հրեաների հետ հրեայի պես եղա, որ հրեաներին շահեմ։ 21Օրենքի տակ եղողների հետ օրենքի տակ եղողի պես եղա, որպեսզի օրենքի տակ եղողներին շահեմ։ Օրենք չունեցողների հետ օրենք չունեցողի պես եղա, իբր ոչ թե ես Աստծու առաջ օրենք չունեի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի, որպեսզի օրենք չունեցողներին շահեմ։ 22Տկարների հետ տկարի պես եղա, որ տկարներին շահեմ։ Ամենքի հետ ամեն ինչ եղա, որ ինչ էլ լինի, ոմանց փրկեմ։ 23Այս ամենն անում եմ Ավետարանի համար, որպեսզի նրան հաղորդակից լինեմ։
24Չգիտե՞ք, որ մրցասպարեզում վազողները բոլորն են վազում, բայց մեկն է մրցանակը ստանում. դուք այնպե՛ս վազեք, որ մրցանակի հասնեք։ 25Եվ ամեն ոք, ով մրցում է, ամեն ինչում ժուժկալ է լինում։ Արդ նրանք մրցում են, որ մի ապականելի պսակ ստանան, իսկ մենք՝ անապական։ 26Ուրեմն ես այդպե՛ս եմ վազում, ոչ թե աննպատակ։ Այդպե՛ս եմ մրցում, ոչ թե օդը ծեծելով, 27այլ իմ մարմինը ճնշման եմ ենթարկում և հնազանդեցնում, որպեսզի չլինի թե ուրիշներին քարոզելով՝ ինքս անպիտան լինեմ։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում