Ա Կորնթացիներին 10

10
Չփորձել Աստծուն, ինչպես փորձեց Իսրայելը
1Եղբայրնե՛ր, չեմ ուզում անտեղյակ լինեք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի ներքո էին ու բոլորն էլ ծովով անցան։ 2Բոլորը, Մովսեսին հետևելով, ամպի մեջ և ծովում մկրտվեցին։ 3Ու բոլորն էլ նույն հոգևոր կերակուրը կերան։ 4Բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև այն հոգևոր վեմից էին խմում, որ նրանց հետ էր գնում, և այդ վեմը Քրիստոսն էր։ 5Բայց Աստված նրանցից շատերին չհավանեց, ուստի անապատում ընկան մեռան։ 6Եվ սրանք մեզ օրինակ եղան, որպեսզի մենք չար բաներ ցանկացող չլինենք, ինչպես որ նրանք ցանկացան։ 7Եվ կռապաշտ մի՛ եղեք, ինչպես նրանցից ոմանք, ինչպես որ գրված է. «Ժողովուրդն ուտելու և խմելու նստեց, ապա ելան զվարճանալու» (Ելք 32.6)։ 8Ոչ էլ պոռնկություն անենք, ինչպես նրանցից ոմանք պոռնկացան, ու մեկ օրում քսաներեք հազար հոգի ընկան։ 9Եվ ոչ էլ Քրիստոսին փորձենք, ինչպես նրանցից ոմանք փորձեցին ու օձերից կոտորվեցին։ 10Եվ չտրտնջաք, ինչպես որ նրանցից ոմանք տրտնջացին ու կործանիչի ձեռքով կորսվեցին։ 11Եվ այդ ամենը նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որոնց համար հասել է ժամանակի վերջը։ 12Ուրեմն ով համարում է, թե հաստատուն կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի։ 13Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։
14Դրա համար, իմ սիրելինե՛ր, կռապաշտությունից փախե՛ք։ 15Ձեզ հետ որպես ողջամիտների հետ եմ խոսում. դուք ինքնե՛րդ դատեք, ինչ ասում եմ։ 16Օրհնության այն բաժակը, որ օրհնում ենք, հաղորդություն չէ՞ Քրիստոսի արյանը։ Այն հացը, որ կտրում ենք, հաղորդություն չէ՞ Քրիստոսի մարմնին։ 17Մենք շատերս մեկ հաց, մեկ մարմին ենք, քանի որ ամենքս այն մեկ հացից ենք հաղորդվում։ 18Նայե՛ք մարմնավոր Իսրայելին. մատուցված զոհից ուտողները հաղորդակից չե՞ն սեղանին։ 19Արդ ի՞նչ ասեմ. մի՞թե կուռքը կամ կուռքերին զոհաբերվածը արժեք ունեն։ 20Ո՛չ։ Այն, ինչ հեթանոսները զոհաբերում են, դևերին են զոհ մատուցում և ոչ Աստծուն։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք. չեք կարող և՛ Տիրոջ բաժակը խմել, և՛ դևերի բաժակը։ 21Չեք կարող հաղորդվել և՛ Տիրոջ սեղանից, և՛ դևերի սեղանից։ 22Կամ թե ուզում ես Տիրոջ նախա՞նձը գրգռել. մի՞թե նրանից ավելի զորավոր ենք։
Քրիստոնեական ազատություն
23Ինձ ամեն բան թույլատրված է, բայց ամեն բան օգտակար չէ. ինձ ամեն բան թույլատրված է, բայց ամեն բան չի ամրացնում։ 24Ոչ ոք թող միայն իր օգուտը չորոնի, այլ նաև ընկերոջինը։ 25Այն ամենը, ինչ մսի շուկայում վաճառվում է, կերե՛ք՝ առանց խղճմտանքի պատճառով որևէ բան հարցնելու, 26որովհետև երկիրն ու նրա ողջ լիությունը Տիրոջն են (Սաղ. 24.1)։ 27Եթե անհավատներից մեկը ձեզ կանչի, դուք էլ ցանկանաք գնալ, ամեն բան, ինչ որ ձեր առաջ դրվի, կերե՛ք՝ առանց խղճմտանքի պատճառով որևէ բան հարցնելու։ 28Բայց եթե մեկը ձեզ ասի. «Դա կուռքին զոհաբերված միս է», մի՛ կերեք այն պատճառով, որ ձեզ հայտնեց, և խղճմտանքի պատճառով։ 29Բայց խղճմտանք ասելով նկատի ունեմ ոչ թե ձերը, այլ ընկերոջինը, որովհետև իմ ազատությունն ինչո՞ւ պետք է դատապարտվի ուրիշի խղճմտանքից։ 30Եթե ես գոհությամբ եմ ճաշակում, ինչո՞ւ հայհոյվեմ այն բանի համար, ինչի համար ես գոհանում եմ։ 31Ուրեմն ուտեք թե խմեք, ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համա՛ր արեք։ 32Գայթակղության պատճառ մի՛ եղեք ո՛չ հրեաներին, ո՛չ հույներին և ո՛չ էլ Աստծու եկեղեցուն։ 33Ինչպես որ ես էլ ամեն բանով բոլորին հաճելի եմ լինում՝ իմ օգուտը չփնտրելով, այլ շատերինը, որպեսզի փրկվեն։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում