YouVersion Logo
Search Icon

ՍՈՓՈՆԻԱ 3

3
Երուսաղեմի մեղքը և փրկությունը
1Վա՜յ ապստամբին և պիղծին, կեղեքող քաղաքին։ 2Ձայնին ականջ չդրեց, խրատ չընդունեց, Տիրոջը չապավինեց, իր Աստծուն չմոտեցավ։ 3Նրա իշխանները նրա մեջ մռնչացող առյուծներ են, նրա դատավորները երեկոյան գայլեր են, որոնք առավոտվա համար մի բան չեն թողնում։ 4Նրա մարգարեները սնապարծ, խարդախ մարդիկ են, նրա քահանաները եղծում են ինչը որ սուրբ է, բռնացել են օրենքի վրա։ 5Արդար Տերը նրա մեջ է, նա անարդարություն չի անում, առավոտից առավոտ նա անխոնջ ի լույս է հանում իր իրավունքը և չի թերանում, բայց անարդարն ամոթ չգիտի։ 6Ես բնաջնջել եմ ազգերին, ամայացրել եմ նրա աշտարակները, ավերել եմ նրանց փողոցները, որ անցնող չլինի, ավերակ են դարձել նրանց քաղաքները՝ անմարդ, որ բնակիչ չլինի։ 7Ասացի. «Վախենա ինձանից, խրա՛տ կընդունի», և նրա բնակավայրը չի բնաջնջվի, որքան էլ նրան պատժելու լինեմ։ Սակայն նրանք կրկին ու կրկին ապականեցին իրենց բոլոր արարքները։
8«Ուրեմն ինձ սպասե՛ք,- ասում է Տերը,- մինչև իմ վկայության կանգնելու օրը. որովհետև իմ վճիռն է ազգերը ժողովել, թագավորությունները հավաքել, որ նրանց վրա թափեմ իմ ցասումը, իմ բարկության ամբողջ բորբոքումը, որովհետև իմ նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը։
9Այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր պիտի դարձնեմ, որպեսզի ամենքը կանչեն Տիրոջ անունը՝ նրան համախոհ կերպով ծառայելու համար. 10Եթովպիայի գետերի այն կողմից ինձ թախանձողները՝ իմ ցրվածների դուստրը, ինձ ընծա պիտի բերեն։ 11Այդ օրը չպիտի ամաչես քո բոլոր արարքների համար, որոնցով իմ դեմ հանցանք գործեցիր, որովհետև այն ժամանակ քո միջից կհեռացնեմ քո հպարտությամբ զվարճացողներին, և մյուս անգամ այլևս չես գոռոզանա իմ սուրբ լեռան վրա։ 12Եվ քո մեջ մնացորդ պիտի թողնեմ մի խոնարհ և աղքատ ժողովրդի, և նրանք պիտի ապավինեն Տիրոջ անվանը. 13Իսրայելի մնացորդներն անօրենություն չեն անելու և սուտ չեն խոսելու, և նրանց բերանում խաբեության լեզու չի գտնվելու, որովհետև նրանք պիտի արածեն և մակաղեն, և վախեցնող չի լինի»։
Ցնծության երգ
14Ցնծա՛, ո՛վ Սիոնի դուստր, աղաղակի՛ր, ո՛վ Իսրայել, ուրախացի՛ր և հրճվի՛ր ամբողջ սրտով, ո՛վ Երուսաղեմի դուստր։ 15Տերը վերացրեց քո դատավճիռները. նա վռնդել է քո թշնամուն, Իսրայելի թագավորը՝ Տերը, քո մեջ է, այլևս չարիք չես տեսնելու։
16Այդ օրը Երուսաղեմին պիտի ասվի. «Մի՛ վախեցիր, ո՛վ Սիոն, ձեռքերդ թող չթուլանան։ 17Տերը՝ քո Աստվածը, զորավոր է քո մեջ. նա փրկում է, նա ուրախությամբ պիտի հրճվի քեզ համար, նա կհանդարտեցնի իր սիրով և ցնծությամբ պիտի գոչի քեզ համար»։ 18«Հանդիսավոր օրերից հեռու՝ տրտմածներին պիտի ժողովեմ, նրանք քեզանից են, ում վրա բեռ է նախատինքը։ 19Ահա ես այն ժամանակ պիտի վարվեմ քեզ բոլոր տառապեցնողների հետ և պիտի ազատեմ կաղին և պիտի ժողովեմ աքսորվածին և նրանց գովելի ու անվանի պիտի անեմ նրանց, ում նախատինքը բոլոր երկրներում էր։ 20Այն ժամանակ ձեզ պիտի բերեմ և այն ժամանակ պիտի հավաքեմ ձեզ, որովհետև ձեզ անվանի և գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդների մեջ, երբ որ ձեր գերությունը վերադարձնեմ ձեր աչքի առաջ»,- ասում է Տերը։

Currently Selected:

ՍՈՓՈՆԻԱ 3: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy