YouVersion Logo
Search Icon

Հռոմեացիներին 15

15
Անձնուրացություն և համբերություն
1Մենք, որ զորավոր ենք, պարտավոր ենք տկարների տկարությունը տանել և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինել։ 2Մեզանից ամեն մեկը թող ընկերոջը հաճելի լինի բարին գործելու մեջ՝ նրան ամրապնդելու համար։ 3Որովհետև Քրիստոսն էլ ոչ թե ինքն իրեն հաճելի եղավ, այլ ինչպես որ գրված է. «Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրա ընկան» (Սաղ. 69.9բ)։ 4Ինչ որ գրվել է, մեր սովորելու համար է գրվել, որպեսզի համբերությամբ և Գրքերի մխիթարությամբ հույս ունենանք։ 5Եվ համբերության ու մխիթարության Աստվածը թող շնորհի ձեզ միմյանց հետ համախոհ լինել ըստ Քրիստոս Հիսուսի, 6որպեսզի միաբան ու միաբերան փառավորեք Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը։
7Դրա համար միմյանց ընդունե՛ք, ինչպես որ Քրիստոսը ձեզ ընդունեց Աստծու փառքի համար։
Ավետարանը սահմանված է բոլոր ազգերի համար
8Բայց ասում եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծու ճշմարտության համար թլփատվածների սպասավոր եղավ, որպեսզի հայրերին տրված խոստումները հաստատի։ 9Իսկ հեթանոսները ողորմության համար փառավորում են Աստծուն, ինչպես որ գրված է.
«Դրա համար գոհություն պիտի հայտնեմ քեզ հեթանոսների մեջ
ու քո անվանը սաղմոս պիտի երգեմ» (Բ Թագ. 22.50, Սաղ. 18.49)։
10Եվ դարձյալ ասում է.
«Ուրախացե՜ք, հեթանոսնե՛ր, նրա ժողովրդի հետ» (հմմտ. Բ Օր. 32.43)։
11Եվ դարձյալ՝
«Օրհնե՛ք Տիրոջը, բոլո՛ր հեթանոսներ,
և գովե՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ» (Սաղ. 117.1)։
12Եվ դարձյալ Եսային ասում է.
«Հեսսեի արմատը պիտի ելնի,
և նա, որ հեթանոսների իշխան պիտի կանգնի,
հեթանոսները հույսը նրա վրա պիտի դնեն» (հմմտ. Ես. 11.10)։
13Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։
Պողոսի ծառայությունը հեթանոսներին
14Ես ինքս էլ, եղբայրնե՛ր իմ, ձեզ համար համոզված եմ, որ դուք լի եք բարությամբ, լի եք ամենայն գիտությամբ, որ կարող եք միմյանց խրատել։ 15Բայց մասամբ ավելի համարձակ գրեցի ձեզ, որպեսզի հիշեցնեմ ձեզ Աստծուց ինձ տրված շնորհի մասին. 16որ ես հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորն եմ, Աստծու Ավետարանը մատուցողը, որպեսզի ընդունելի լինի հեթանոսների ընծան՝ սրբագործված Սուրբ Հոգով։ 17Արդ Աստծու առաջ Քրիստոս Հիսուսով պարծենալու բան ունեմ։ 18Չեմ համարձակվում խոսել այն բանի մասին, ինչ Քրիստոսը չի գործել իմ միջոցով հեթանոսներին հնազանդեցնելու համար՝ խոսքով ու գործով, 19նշանների և հրաշքների զորությամբ, Աստծու Հոգու զորությամբ. այնպես որ ես, Երուսաղեմից սկսած շրջելով մինչև լյուրիկացիների կողմերը, տարածել եմ Քրիստոսի Ավետարանը։ 20Այսպես արժանի համարեցի Ավետարանը քարոզել այնտեղ, որտեղ Քրիստոսի անունը հռչակված չէր, որպեսզի չլինի թե ուրիշի դրած հիմքի վրա կառուցեմ, 21այլ ինչպես որ գրված է.
«Նրանք, որոնց նրա մասին չի պատմվել, պիտի տեսնեն,
և ովքեր չէին լսել, պիտի ընկալեն» (Ես. 52.15բ)։
Պողոսի ճամփորդության ծրագիրը
22Դրա համար շատ անգամ ձեզ մոտ գալու արգելքներ եղան։ 23Բայց այժմ, երբ այս կողմերում այլևս գործելու տեղ չկա, և շատ տարիներ ի վեր ձեզ մոտ գալու փափագ ունեմ, 24երբ Իսպանիա գնամ, հույս ունեմ անցնելիս ձեզ տեսնել և ձեր օգնությամբ այնտեղ ճանապարհվել, եթե նախ ձեզանով փոքր-ինչ լիանամ։ 25Բայց հիմա գնում եմ Երուսաղեմ՝ սրբերին ծառայելու։ 26Որովհետև մակեդոնացիներն ու աքայացիները հաճեցին մասնակից լինել Երուսաղեմում գտնվող աղքատ սրբերի կարիքների օժանդակությանը։ 27Հաճեցին, քանզի նաև պարտական են նրանց, որովհետև եթե հեթանոսները նրանց հոգևոր բարիքներին հաղորդակից եղան, պարտավոր են նաև նրանց նյութական կարիքներին ծառայել։ 28Արդ, այս կատարելով ու հավաքած արդյունքը նրանց հանձնելով՝ ձեր մոտով Իսպանիա կանցնեմ։ 29Գիտեմ, որ երբ ձեզ մոտ գամ, Քրիստոսի Ավետարանի առատ օրհնությամբ կգամ։
30Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսով և Հոգու սիրով, որ ինձ մարտակից լինեք՝ ինձ համար առ Աստված աղոթելով, 31որպեսզի ազատվեմ այն անհնազանդներից, որ Հրեաստանում են, և իմ ծառայությունը, որ մատուցելու եմ Երուսաղեմում, սրբերին ընդունելի լինի, 32որ Աստծու կամքով ուրախությամբ ձեզ մոտ գամ ու ձեզ հետ հանգստանամ։ 33Եվ խաղաղության Աստվածը թող ձեզ բոլորիդ հետ լինի. ամեն։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy