YouVersion Logo
Search Icon

Հայտնություն 21

21
Նոր երկինք, նոր երկիր
1Տեսա նոր երկինք ու նոր երկիր, որովհետև առաջին երկինքն ու երկիրն անցան, և այլևս ծով չկա։ 2Տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից, պատրաստված և ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։ 3Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Ահա Աստծու խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։
4Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»։
Խոստումը
5Եվ գահի վրա նստողն ասաց. «Ահա ամեն բան նոր եմ դարձնում»։ Եվ ասաց. «Գրի՛ր, որ այս խոսքերը ճշմարիտ ու հավաստի են»։
6Եվ ինձ ասաց. «Եղա՛վ. ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբն ու Վերջը։ Ես եմ ծարավածին ձրի տալու կենաց ջրի աղբյուրից։ 7Հաղթողն է դա ժառանգելու. ես նրա Աստվածն եմ լինելու, իսկ նա իմ որդին է լինելու։ 8Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծմբով այրվող այս լճում է, որ երկրորդ մահն է»։
Նոր՝ երկնային Երուսաղեմը
9Եվ եկավ մեկն այն յոթ հրեշտակներից, որոնք վերջին յոթ պատուհասներով լի յոթ գավաթներն ունեին։ Նա խոսեց ինձ հետ ու ասաց. «Արի՛, քեզ պիտի ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը»։ 10Եվ ինձ Հոգով տարավ մի մեծ ու բարձր լեռ և ցույց տվեց ինձ սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից։ 11Նա Աստծու փառքն ուներ, և նրա լուսավորությունը թանկարժեք քարի էր նման, ինչպես բյուրեղյա հասպիսը։ 12Նա ուներ մեծ ու բարձր պարիսպ, տասներկու դռներ և դռների վրա՝ տասներկու հրեշտակներ և նրանց գրված անունները, որոնք Իսրայելի տասներկու ցեղերի անուններն են։ 13Արևելյան կողմից՝ երեք դուռ, հյուսիսայինից՝ երեք դուռ, հարավայինից՝ երեք դուռ և արևմտյանից՝ երեք դուռ։ 14Քաղաքի պարիսպը տասներկու հիմքեր ուներ, դրանց վրա՝ Գառան տասներկու առաքյալների անունները։
15Ինձ հետ խոսողը մի ոսկե եղեգյա երիզաչափ ուներ, որպեսզի չափեր քաղաքը, նրա դռներն ու պարիսպները։ 16Քաղաքը քառակուսի էր. նրա երկարությունը հավասար էր լայնությանը։ Եվ չափեց քաղաքը եղեգով՝ տասներկու հազար ասպարեզ.#21.16 Տասներկու հազար ասպարեզը 2400 կմ է (1 ասպարեզը 200 մ է)։ նրա երկարությունը, լայնությունը և բարձրությունը հավասար էին։ 17Չափեց նրա պարիսպը՝ հարյուր քառասունչորս կանգուն,#21.17 Հարյուր քառասունչորս կանգունը 60-70 մ է։ մարդու չափով, որ գործածում էր հրեշտակը։ 18Եվ նրա պարսպի շինվածքը հասպիսից էր։ Քաղաքը մաքուր ոսկի էր, մաքուր ապակու նման։ 19Քաղաքի պարսպի հիմքերը զարդարված էին ամեն տեսակ թանկարժեք քարերով. առաջին հիմքը՝ հասպիս, երկրորդը՝ շափյուղա, երրորդը՝ ագաթ, չորրորդը՝ զմրուխտ, 20հինգերորդը՝ եղնգնաքար, վեցերորդը՝ սարդիոն, յոթերորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բյուրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ ոսկեկանաչ, տասնմեկերորդը՝ հակինթ, տասներկուերորդը՝ մեղեսիկ։ 21Եվ տասներկու դռները՝ տասներկու մարգարիտներից, յուրաքանչյուր դուռը՝ մեկ մարգարիտից. քաղաքի հրապարակը՝ մաքուր ոսկի, ինչպես թափանցիկ ապակի։
22Եվ նրա մեջ տաճար չտեսա, որովհետև Տեր Աստված Ամենակալը և Գառն է նրա տաճարը։ 23Քաղաքը ո՛չ արևի, ո՛չ էլ լուսնի կարիք ունի, որպեսզի իրեն լուսավորեն, որովհետև Աստծու փառքն է լուսավորում նրան, և Գառը՝ նրա ճրագը։ 24Եվ ազգերն ընթանալու են նրա լույսով, և երկրի թագավորներն իրենց փառքը նրան են բերելու։ 25Նրա դռները ցերեկը չեն փակվելու, որովհետև այնտեղ գիշեր չի լինելու։ 26Եվ ազգերի փառքն ու պատիվը այնտեղ են բերվելու։ 27Եվ նրա մեջ չի մտնելու ոչ մի անմաքրություն, ոչ էլ պղծություն և ստություն անողը, այլ միայն նրանք, ովքեր գրված են Գառան կենաց գրքում։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy