YouVersion Logo
Search Icon

Հայտնություն 1

1
Նախաբան
1Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց նրան՝ իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, և իմացրեց իր հրեշտակի միջոցով՝ ուղարկելով իր Հովհաննես ծառային, 2որ վկայեց Աստծու խոսքը և Հիսուս Քրիստոսի վկայությունը, ինչ որ տեսավ։ 3Երանի նրան, ով կարդում է այս մարգարեության խոսքերը և ով լսում ու պահում է այն, ինչ գրված է դրա մեջ, որովհետև ժամանակը մոտ է։
Ողջույն Ասիայի յոթ եկեղեցիներին
4Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղություն նրանից, որ Է, նաև որ էր և որ գալու է, և այն յոթ Հոգիներից, որ նրա գահի առաջ են, 5և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելներից և իշխանը երկրի թագավորների։
Նա, որ սիրեց մեզ ու մեզ ազատեց մեր մեղքերից իր արյամբ 6և արքայության անդամներ և Աստծու ու իր Հոր քահանաներ դարձրեց մեզ. նրան փա՜ռք և զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
7«Ահա նա գալիս է ամպերով,
և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը,
նաև նրանք, որ խոցեցին նրան,
և նրա վրա պիտի ողբան երկրի բոլոր ազգերը։
Այո՛, ամե՛ն»։
8«Ես եմ Ալֆան ու Օմեգան (սկիզբն ու վերջը)»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։
Քրիստոսի գալստյան տեսիլքը
9Ես՝ Հովհաննեսս՝ ձեր եղբայրը, Հիսուսով ընկերակիցը նեղության, արքայության և համբերության, Աստծու խոսքի և Հիսուս Քրիստոսի վկայության համար եղա Պատմոս կոչված կղզում։ 10Կիրակի օրը լցվեցի Հոգով և իմ հետևից փողի ձայնի պես մի բարձր ձայն լսեցի, 11որ ասում էր. «Ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և ուղարկի՛ր Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում գտնվող յոթ եկեղեցիներին»։
12Ես շրջվեցի տեսնելու, թե ում ձայնն է ինձ հետ խոսում, և երբ շրջվեցի, յոթ ոսկե ճրագակալներ տեսա։ 13Իսկ յոթ ճրագակալների մեջտեղում՝ մարդու Որդուն նման մեկին՝ երկարաքղանցք պատմուճան հագած, կրծքին ոսկե գոտի կապած։ 14Նրա գլուխը և մազերը սպիտակ էին, ինչպես բուրդը, և ճերմակ, ինչպես ձյունը, և նրա աչքերը կրակի բոցի պես էին։ 15Նրա ոտքերը նման էին հնոցի մեջ շիկացած պղնձի, իսկ նրա ձայնը՝ առատահոս ջրերի ձայնի։ 16Իր աջ ձեռքում յոթ աստղեր ուներ. նրա բերանից սրած երկսայրի սուր էր ելնում, իսկ նրա երեսը ճառագում էր, ինչպես արեգակն իր զորությամբ։ 17Երբ նրան տեսա, մեռածի պես նրա ոտքերի առաջ ընկա, իսկ նա իր աջն ինձ վրա դրեց ու ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Առաջինն ու Վերջինը 18և ողջը։ Ես մեռա և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ ունեմ դժոխքի ու մահվան բանալիները։ 19Գրի՛ր, ինչ որ տեսնում ես, ինչ որ կա, և ինչ որ նրանից հետո լինելու է։
20Ահավասիկ այն յոթ աստղերի և յոթ ոսկե ճրագակալների խորհուրդը, որ տեսար իմ աջ ձեռքին։ Յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, իսկ յոթ ճրագակալները՝ յոթ եկեղեցիները»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy