YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 49

49
Հարստությանը վստահելու հիմարությունը
Երգողների գլխավորին։ Կորխի որդիների սաղմոս։
1Լսեցե՛ք այս, ո՛վ համայն ժողովուրդներ, և ակա՛նջ դրեք, ո՛վ աշխարհի բոլոր բնակիչներ։
2Հասարակ ու մե՛ծ մարդիկ, հարուստ և աղքա՛տ՝ բոլորդ.
3Բերանս պիտի իմաստություն խոսի, և սրտիս խորհուրդը՝ գիտություն։
4Ես ականջս պիտի խոնարհեցնեմ դեպի առակը և քնարով բացեմ խրթին խոսքս։
5Ինչո՞ւ վախենամ ես չար օրերին, թե խորամանկ թշնամուս անօրենությունը պատում է ինձ,
6Որ նրանք, իրենց ունեցվածքի վրա հույս դրած, պարծենում են իրենց մեծ հարստությամբ։
7Մարդը չի կարող փրկել իր եղբորը և ոչ էլ նրա փրկանքը տալ Աստծուն,
8(Որովհետև թանկ է նրանց անձերի փրկանքը և հավիտյան չի կարող վճարվել),
9Որպեսզի ապրի հավիտյան և ապականություն չտեսնի։
10Որովհետև տեսնում է, որ իմաստունները մեռնում են, ինչպես որ կորչում են հիմարներն ու անմիտները և իրենց հարստությունը թողնում են ուրիշներին։
11Նրանց միտքն այս է, թե իրենց տունը հավիտյան է, իրենց բնակությունը՝ սերնդից սերունդ. իրենց երկրներն էլ կկոչվեն իրենց անուններով։
12Բայց մարդը պատվի մեջ չի մնում. անասունների նման է, որոնք կորչում են։
13Սա է նրանց ճանապարհը, ովքեր հիմար են, սակայն նրանց հետևողները հավանում են նրանց խոսքը։ (Սելա)։
14Ոչխարների պես նրանք գերեզմանի պիտի մատնվեն. մահը նրանց հովիվն է, և ուղիղները նրանց կտիրեն առավոտից. և նրանց կերպարանքը կմաշվի գերեզմանում՝ իրենց բնակարաններից դուրս։
15Բայց Տերն իմ անձը կփրկի գերեզմանի ձեռքից, որովհետև նա ընդունում է ինձ։ (Սելա)։
16Մի՛ վախեցիր, երբ մարդը հարստանում է, երբ շատանում է նրա տան փառքը։
17Որովհետև նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան չի տանելու իր հետ. նրա փառքը չի գնալու նրա հետևից։
18Թեև նա իր անձն օրհնում է իր կյանքում, բայց քեզ կգովեն, որ բարիք ես անում քեզ։
19Բայց նա էլ կմտնի իր հայրերի ազգի մոտ և լույս չի տեսնի մինչև հավիտյան։
20Մարդը, որ պատվի մեջ է և իմաստուն չէ, նման է անասուններին, որոնք կորչում են։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy