YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 40

40
Փառաբանության երգ
Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։
1Սպասելով սպասեցի Տիրոջը, և նա ինձ նայեց ու լսեց իմ աղաղակը։
2Ինձ հանեց կորստի հորից՝ տղմոտ ցեխից, ոտքերս կանգնեցրեց վեմի վրա ու քայլվածքս հաստատուն դարձրեց։
3Եվ նոր երգ դրեց իմ բերանը՝ մեր Աստծու օրհնությունը. շատերը պիտի տեսնեն և վախենան և իրենց հույսը դնեն Տիրոջ վրա։
4Երանի՜ այն մարդուն, որ իր հույսը դարձնում է Տիրոջը և չի հետևում ամբարտավաններին և ստության հետևողներին։
5Շատ են քո հրաշքները, որոնք դու ես արել, ո՜վ Տեր իմ Աստված, և քո խորհուրդները, որ մեզ համար են. ոչ ոք հավասար չէ քեզ. կպատմեի և կխոսեի նրանց մասին, բայց դրանք շատ են թիվ ու համարից։
6Հաճելի չհամարեցիր զոհն ու ընծան, մինչդեռ բացեցիր իմ ականջները, ողջակեզ ու մեղքի համար զոհ չպահանջեցիր։
7Հետո ասացի. «Ահա ես գալիս եմ. գրքի թերթերում գրված է իմ մասին.
8Քո կամքը կատարել կամեցա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքն իմ սրտի մեջ է»։
9Ես արդարություն եմ քարոզում մեծ ժողովրդի մեջ. ահա չեմ արգելում իմ շրթունքներին, Տե՛ր. դու գիտես այդ։
10Քո արդարությունը չեմ թաքցնում սրտիս մեջ. պատմեցի քո ճշմարտությունն ու փրկությունը, քո ողորմությունն ու հավատարմությունը չեմ ծածկում մեծ բազմության առաջ։
11Բայց դու, Տե՛ր, մի՛ հեռացրու ինձնից քո գթությունը. քո ողորմությունն ու հավատարմությունը թող միշտ պաշտպանեն ինձ։
Աղոթք օգնության համար
12Որովհետև անթիվ չարիքներ են պատել ինձ, իմ անօրենությունները հասան ինձ վրա, և ես չեմ կարող տեսնել. դրանք իմ գլխի մազերից ավելի շատ են, և իմ սիրտը լքեց ինձ։
13Տե՛ր, բարեհաճի՛ր ինձ փրկել. Տե՛ր, փութա՛ օգնելու ինձ։
14Թող ամաչեն իրար հետ և ամոթահար լինեն իմ անձը կորցնել փնտրողները. թող ետ դառնան և խայտառակ լինեն ինձ չար կամեցողները։
15Իրենց ամոթի պատճառով թող զարհուրեն նրանք, որոնք ինձ ասում են. «Վա՜հ, վա՜հ...»
16Թող քեզնով ցնծան և ուրախանան բոլոր նրանք, որ փնտրում են քեզ. քո փրկությունը սիրողները թող միշտ ասեն. «Մեծ է փառքդ, Տե՛ր»։
17Բայց ես խեղճ եմ և աղքատ. Տերը հոգ է տանում ինձ համար. դու ես իմ օգնությունն ու փրկությունը, ո՛վ իմ Աստված, մի՛ ուշացիր։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy