YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 37

37
Չարի և բարու վիճակը
Դավթի (սաղմոս)։
1Մի՛ բարկացիր չարերի վրա, մի՛ նախանձիր անօրենություն գործողներին,
2Որովհետև նրանք շուտով կտրվելու են խոտի պես և թառամելու են կանաչ խոտի նման։
3Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։
4Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ։
5Տիրո՛ջը հանձնիր քո ճանապարհը և վստահի՛ր նրան, և նա ամեն ինչ կտնօրինի։
6Եվ լույսի նման դուրս կհանի քո արդարությունը և քո իրավունքը՝ կեսօրվա պես։
7Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը. մի՛ բարկացիր այն մարդու վրա, որ իր չար խորհուրդներն է կատարում, և նրա ճանապարհը հաջողվում է։
8Դադարի՛ր բարկությունից և թո՛ղ զայրույթդ, մի՛ բորբոքվիր, որ չարություն չգործես,
9Որովհետև չարերը կոչնչանան, բայց Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը։
10Դեռ մի քիչ ժամանակ էլ, և ամբարիշտը չի լինի, և երբ որ նայես նրա տեղին, նա այլևս չի լինի։
11Բայց խոնարհները ժառանգելու են երկիրը և ուրախանալու են առատ խաղաղությամբ։
12Ամբարիշտը չար է մտածում արդարի դեմ և իր ատամները կրճտացնում է նրա վրա։
13Տերը ծիծաղում է նրա վրա, որովհետև տեսնում է, որ նրա օրը եկել է։
14Ամբարիշտները հանում են սուրը և լարում իրենց աղեղները, որ ցած գցեն խեղճին ու աղքատին և սպանեն ուղիղ վարքով ապրողներին։
15Բայց նրանց սուրը իրենց սիրտը կմտնի, և նրանց աղեղները կփշրվեն։
16Արդարի քիչն ավելի լավ է, քան շատ ամբարիշտների ճոխությունը։
17Որովհետև ամբարիշտների բազուկները կփշրվեն, իսկ արդարներին հաստատ է պահում Տերը։
18Տերը գիտի արդարների օրերը, և նրանց ժառանգությունը հավիտյան է լինելու։
19Նրանք չեն ամաչելու չար ժամանակներում և սովի օրերին կշտանալու են։
20Որովհետև ամբարիշտները կկորչեն, և Տիրոջ թշնամիները կոչնչանան, ինչպես արտերի պարարտությունը. պիտի սպառվեն ծխի նման։
21Ամբարիշտը փոխ է վերցնում և չի վճարում, բայց արդարը ողորմած է և փոխ է տալիս։
22Որովհետև Տիրոջից օրհնվածները ժառանգելու են երկիրը, իսկ նրանից անիծվածները կոչնչանան։
23Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը։
24Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից։
25Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող։
26 Արդարը միշտ ողորմած է և փոխ է տալիս, և օրհնված է նրա զավակը։
27Հե՛տ քաշվիր չարից ու բարի՛ք արա և հավիտյան կմնաս։
28Որովհետև Տերն իրավունք է սիրում և չի լքում իր սրբերին. նրանք կպահպանվեն հավիտյան, բայց ամբարիշտների սերունդը կոչնչանա։
29Արդարները ժառանգելու են երկիրը և հավիտյան բնակվելու են նրա վրա։
30Արդարի բերանն իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում։
31Իր Աստծու օրենքն իր սրտում է. նրա քայլերը չեն տատանվելու։
32Ամբարիշտը հսկում է արդարին և փնտրում է, որ սպանի նրան։
33Բայց Տերն արդարին չի թողնի ամբարիշտի ձեռքին, և երբ արդարին դատի տանեն, չի թողնի, որ նրան դատապարտեն։
34Սպասի՛ր Տիրոջը և պահի՛ր նրա ճանապարհը, և նա կբարձրացնի քեզ, որ ժառանգես երկիրը և տեսնես ամբարիշտներին իրենց ոչնչանալու ժամանակ։
35Ես ամբարիշտին տեսա գոռոզ և տեղը հաստատ, ինչպես ճյուղատարած դալար ծառ։
36 Բայց նա անցավ. ահա նա այլևս չկա. փնտրեցի նրան, և չգտնվեց։
37Նայի՛ր արդարին և տե՛ս ուղիղ մարդուն. այսպիսի մարդու վերջը խաղաղություն է։
38Իսկ անիրավները միասին պիտի ոչնչանան. ամբարիշտների վերջը կորուստ է։
39Իսկ արդարների փրկությունը Տիրոջից է. նեղության ժամանակ նա է նրանց ապաստանը։
40Տերը կօգնի նրանց և կազատի նրանց. նրանց կազատի ամբարիշտներից և կփրկի նրանց, որովհետև իրենց հույսը դրել են նրա վրա։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy