YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 22

22
Տառապանքի ճիչ
Երգողների գլխավորին։ Այելեթ-հաշահարի վրա։ Դավթի սաղմոս։
1Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ ես թողել ինձ. հեռու ես ինձ փրկելուց և իմ հառաչանքի խոսքերից։
2Ո՛վ իմ Աստված, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում, և գիշերն էլ, բայց հանգստություն չկա ինձ համար։
3Բայց դու սուրբ ես, ո՛վ բնակվողդ Իսրայելի գովասանությունների մեջ։
4Մեր հայրերը վստահեցին քեզ. նրանք հուսացին, և դու ազատեցիր նրանց։
5Քեզ աղաղակեցին և ազատվեցին, հույս դրեցին քեզ վրա և չամաչեցին։
6Իսկ ես որդ եմ, ոչ թե մարդ, մարդկանց նախատինք և ժողովրդի անարգանք։
7Բոլոր ինձ տեսնողները ծաղրում են ինձ, բացում են իրենց շրթունքները և իրենց գլուխը շարժում։
8Ասում են. «Նա հուսաց Տիրոջը. թող ազատի դրան, թող փրկի, որովհետև հավանել է դրան»։
9Հիրավի, դու ես, որ հանել ես ինձ իմ մոր արգանդից, դու եղար իմ հույսը՝ մորս կրծքի վրա եղած ժամանակ։
10Իմ մոր արգանդից ես հանձնված եմ քեզ, իմ մոր փորից դու ես իմ Աստվածը։
11Մի՛ հեռացիր ինձնից, որովհետև մոտ է նեղությունը, որովհետև օգնող չկա։
12Բազմաթիվ ցուլեր շրջապատեցին ինձ, և Բասանի ուժեղ եզները պաշարեցին ինձ։
13Իրենց բերանը բաց արեցին ինձ վրա՝ հոշոտող և մռնչացող առյուծի նման։
14Ես թափվեցի ջրի պես, և իմ բոլոր ոսկորները լուծվեցին. սիրտս իմ որովայնում հալած մոմի պես եղավ,
15Զորությունս չորացավ խեցու պես, լեզուս կպած է քիմքիս, և դու մահվան հողի մեջ դրեցիր ինձ։
16Որովհետև շները շրջապատեցին ինձ, և չարերի ամբոխը պաշարեց ինձ. ծակեցին իմ ձեռքերն ու ոտքերը։
17Ես հաշվում եմ իմ բոլոր ոսկորները, իսկ նրանք նայում են ու դիտում ինձ։
18Շորերս բաժանում են իրար մեջ և վիճակ են գցում պատմուճանիս վրա։
19Բայց դու, ո՛վ իմ Տեր, մի՛ հեռացիր. ո՛վ իմ զորություն, շտապի՛ր ինձ օգնության։
20Ազատի՛ր իմ անձը սրից և իմ կյանքը՝ շան զորությունից։
21Փրկի՛ր ինձ առյուծի բերանից և վայրի ցլերի եղջյուրներից ու պատասխանի՛ր ինձ։
Գովաբանության երգ
22Ես քո անունը պատմելու եմ իմ եղբայրներին, բազմության մեջ օրհներգելու եմ քեզ։
23Ո՛վ Տիրոջից վախեցողներ, օրհներգեցե՛ք նրան. ո՛վ Հակոբի բոլոր զավակներ, փառավորեցե՛ք նրան, և վախեցե՛ք նրանից, ո՛վ Իսրայելի բոլոր զավակներ։
24Որովհետև նա չանարգեց և չարհամարհեց խեղճի խեղճությունը և իր երեսը չծածկեց նրանից. իսկ երբ նա աղաղակեց նրան, նա լսեց։
25Քեզ օրհներգելու եմ մեծ բազմության մեջ, նրանից վախեցողների առաջ կատարելու եմ իմ ուխտը։
26Թող աղքատներն ուտեն և կշտանան, թող Տիրոջն օրհներգեն նրան փնտրողները. ձեր սիրտը թող ապրի հավիտյան։
27Երկրի բոլոր ծայրերը կհիշեն և Տիրոջը կդառնան. հեթանոսների բոլոր ազգերի տոհմերը կերկրպագեն քո առջև,
28Որովհետև Տիրոջն է թագավորությունը, և նա է տիրում հեթանոսների վրա։
29Երկրի բոլոր պարարտները կուտեն և երկրպագություն կմատուցեն, բոլոր հող իջնողները վայր կընկնեն նրա առաջ, որոնք չեն կարող իրենց անձը կենդանի պահել։
30Գալիք սերունդները նրան պիտի ծառայեն. ապագա սերունդներին պիտի պատմվի Տիրոջ մասին։
31Կգան և նրա արդարությունը կպատմեն այն ժողովրդին, որ ծնվելու է, թե՝ «Այս ամենը նա արեց»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy