YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 19

19
Աստծու փառքը արարչության մեջ
Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։
1Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հռչակում է նրա ձեռքի գործերը։
2Օրը օրին խոսք է հաղորդում, և գիշերը գիշերին գիտություն է ցույց տալիս։
3Զրույց չկա, և խոսքեր չկան. լսելի չէ նրանց ձայնը,
4 Բայց նրանց հնչյունը դուրս է գալիս ամեն երկիր, և նրանց խոսքը՝ մինչև աշխարհի ծայրերը. երկնքում արեգակի համար վրան կանգնեցրեց,
5Որ փեսայի նման դուրս է գալիս իր առագաստից և հզոր մարդու պես ուրախանում է, որ գնա իր ճանապարհը։
6Նրա ելքը երկնքի մի ծայրից է, և նրա ընթացքը՝ մինչև երկնքի մյուս ծայրը. և ոչինչ չի ծածկվում նրա տաքությունից։
Տիրոջ օրենքը
7Տիրոջ օրենքը կատարյալ է և նորոգում է հոգին. Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է և իմաստուն է դարձնում պարզամիտին։
8Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը։
9Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և լիովին արդար։
10Դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին, քան թե մեծաքանակ զտված ոսկին, էլ ավելի քաղցր են, քան մեղրը և մեղրախորիսխը։
11Քո ծառան էլ խրատվում է դրանցով, և շատ հատուցում կա դրանց պահպանության մեջ։
12Ո՞վ կարող է իմանալ իր հանցանքները. իմ ծածուկ հանցանքներից էլ մաքրի՛ր ինձ։
13Քո ծառային պահի՛ր ամբարտավան մեղքերից, որ իշխանություն չունենան ինձ վրա. այն ժամանակ անարատ կլինեմ և մաքուր կլինեմ մեծ անօրենությունից։
14Թող քեզ ընդունելի լինեն իմ բերանի խոսքերը և սրտիս խորհուրդները, ո՜վ Տեր, իմ Վե՛մ և իմ Փրկի՛չ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy