YouVersion Logo
Search Icon

Մատթեոս 14

14
Հովհաննես Մկրտչի գլխատումը
(Մրկ. 6.14-29, Ղուկ. 9.7-9)
1Այդ ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը 2և իր ծառաներին ասաց. «Նա Հովհաննես Մկրտիչն է. մեռելներից հարություն է առել, և դրա համար նրա միջոցով հրաշքներ են կատարվում»։
3Հերովդեսը ձերբակալել էր Հովհաննեսին, նրան կապել ու բանտարկել իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, 4քանի որ Հովհաննեսը Հերովդեսին ասում էր. «Քեզ չի թույլատրվում նրան կնության առնել»։ 5Եվ ցանկանում էր նրան սպանել, բայց ժողովրդից վախենում էր, որովհետև Հովհաննեսին որպես մարգարեի էին ընդունում։ 6Հերովդեսի ծննդյան օրը Հերովդիայի աղջիկը հրավիրյալների առաջ պարեց, և Հերովդեսին դա դուր եկավ։ 7Նա երդմամբ խոստացավ աղջկան տալ այն, ինչ որ ուզեր։ 8Իսկ նա, նախապես իր մորից խրատված լինելով, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ՝ սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»։ 9Թագավորը տրտմեց, բայց իր երդման և սեղանակիցների պատճառով հրամայեց, որ նրան տրվի։ 10Եվ մարդ ուղարկեց՝ բանտում Հովհաննեսին գլխատելու։ 11Նրա գլուխն սկուտեղի վրա բերվեց և աղջկան տրվեց, նա էլ այն իր մորը տարավ։ 12Հովհաննեսի աշակերտները եկան, վերցրին մարմինն ու թաղեցին, ապա եկան պատմեցին Հիսուսին։
Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը
(Մրկ. 6.30-44, Ղուկ. 9.10-17, Հովհ. 6.1-14)
13Երբ Հիսուսը լսեց, այնտեղից նավով միայնակ մի ամայի տեղ գնաց։ Երբ ժողովուրդը լսեց, քաղաքներից ոտքով նրա հետևից գնաց։ 14Հիսուսը, ցամաք ելնելով, շատ ժողովուրդ տեսավ, նրանց գթաց ու հիվանդներին բժշկեց։ 15Երբ երեկո եղավ, աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Այս տեղն ամայի է, ժամն էլ ուշ է. արձակի՛ր ժողովրդին, որպեսզի գյուղերը գնան և իրենց համար ուտելիք առնեն»։ 16Հիսուսն ասաց նրանց. «Կարիք չկա, որ գնան. դո՛ւք նրանց ուտելիք տվեք»։ 17Նրանք ասացին. «Մենք այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ հացից ու երկու ձկից»։ 18Իսկ նա ասաց. «Դրանք այստե՛ղ՝ ինձ մո՛տ բերեք»։ 19Հիսուսը կարգադրեց, որ ժողովուրդը խոտերի վրա նստի։ Նա, վերցնելով հինգ հացն ու երկու ձուկը, երկինք նայեց, օրհնեց, մաս-մաս արեց, հացերն աշակերտներին տվեց, աշակերտներն էլ՝ ժողովրդին։ 20Բոլորն էլ կերան ու կշտացան։ Եվ տասներկու սակառ լեցուն ավելացած կտորներ վերցրին։ 21Իսկ ուտողները հինգ հազարի չափ մարդ էին, բացի կանանցից և երեխաներից։
Հիսուսը քայլում է ջրի վրայով
(Մրկ. 6.45-52, Հովհ. 6.15-21)
22Հիսուսն իսկույն իր աշակերտներին ստիպեց, որ նավ նստեն ու իրենից առաջ լճի մյուս կողմն անցնեն, մինչև ինքն այդ ժողովրդին արձակի։ 23Ժողովրդին արձակելուց հետո բարձրացավ լեռը՝ առանձին աղոթելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, 24իսկ նավը ցամաքից բավականին հեռու էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին հակառակ կողմից էր։ 25Գիշերվա չորրորդ պահին#14.25 Լուսադեմին մոտ։ Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։ 26Երբ աշակերտները նրան տեսան լճի վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե ուրվական է, և վախից աղաղակեցին։ 27Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։ 28Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ 29Իսկ նա ասաց՝ ե՛կ։ Եվ Պետրոսը, նավից իջնելով, քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ։ 30Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։ 31Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ 32Երբ նրանք նավ մտան, քամին հանդարտվեց։ 33Նավի վրա եղողները երկրպագեցին նրան ու ասացին. «Իսկապես դու Աստծու Որդին ես»։
Բժշկումներ Գեննեսարեթում
(Մրկ. 6.53-56)
34Նրանք, լճի մյուս կողմն անցնելով, Գեննեսարեթի գավառ եկան։ 35Տեղաբնակները, Հիսուսին ճանաչելով, մարդ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ, և բոլոր հիվանդներին նրա մոտ բերեցին։ 36Եվ աղաչում էին նրան, որ գոնե նրա հագուստի քղանցքին դիպչեն։ Եվ ովքեր դիպան, բժշկվեցին։

Currently Selected:

Մատթեոս 14: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy