YouVersion Logo
Search Icon

ՀԵՍՈՒ 1

1
Տերը Հեսուին հրամայում է գրավել Քանանը
1Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի հետ՝ ասելով. 2«Իմ ծառա Մովսեսը մեռավ. հիմա վե՛ր կաց, անցի՛ր այդ Հորդանան գետով այս ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդիներին։ 3Այն բոլոր տեղերը, ուր կկոխեն ձեր ոտքի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին։ 4Անապատից և այս Լիբանանից մինչև մեծ գետը, այսինքն՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը կլինի։ 5Ոչ մի մարդ չի կարողանա դեմ կանգնել քեզ քո կյանքի բոլոր օրերին։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ քեզ հետ կլինեմ. չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։ 6Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև այս ժողովրդին դո՛ւ ժառանգել պիտի տաս այն երկիրը, որի համար երդվեցի սրանց հայրերին, որ կտամ նրանց։ 7Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որպեսզի պահես և ամբողջովին կատարես այն օրենքը, որ իմ ծառա Մովսեսը պատվիրել է քեզ։ Դրանից չշեղվես աջ կամ ձախ, որպեսզի ամեն ինչում հաջողություն ունենաս, ուր էլ որ գնաս։ 8Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս։ 9Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
Հեսուն հրամաններ է տալիս ժողովրդին
10Հեսուն, ժողովրդի առաջնորդներին պատվիրելով, ասաց. 11«Անցե՛ք բանակատեղիի միջով և պատվիրե՛ք ժողովրդին՝ ասելով. “Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օր հետո դուք պիտի անցնեք այս Հորդանան գետով, որպեսզի գնաք ժառանգեք այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալիս է ձեզ իբրև սեփականություն”»։
12Ապա Հեսուն Ռուբենյանների, Գադյանների և Մանասեի կես ցեղի հետ խոսեց և ասաց. 13«Հիշե՛ք այն խոսքը, որ Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրեց ձեզ՝ ասելով. “Ձեր Տեր Աստվածը ձեզ հանգստացրեց և ձեզ տվեց այս երկիրը։ 14Ձեր կանայք, ձեր երեխաներն ու ձեր անասունները թող բնակվեն այն երկրում, որ Մովսեսը տվեց ձեզ Հորդանան գետի այս կողմում. բայց դուք՝ բոլորդ էլ զորավոր մարդիկ, սպառազինված ձեր եղբայրների առա՛ջն անցեք և օգնե՛ք նրանց, 15մինչև որ Տերը ձեր եղբայրներին էլ ձեզ պես հանգստացնի, և նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ ձեր Տեր Աստվածը տալու է նրանց։ Ապա ե՛տ դարձեք ձեր ժառանգության երկիրը և ժառանգե՛ք այն, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվեց ձեզ Հորդանանի այս կողմում՝ դեպի արևելք”»։
16Նրանք պատասխանեցին Հեսուին և ասացին. «Այն ամենը, ինչ դու պատվիրեցիր, կանենք, և ուր որ մեզ ուղարկես, կգնանք։ 17Ինչպես Մովսեսին էինք լսում, այնպես էլ քեզ կլսենք, միայն թե քո Տեր Աստվածը քեզ հետ լինի, ինչպես որ Մովսեսի հետ էր։ 18Ով որ ընդդիմանա քո հրամանին և չլսի քո խոսքը, որ դու կպատվիրես մեզ, պիտի սպանվի. միայն թե զորացի՛ր և քա՛ջ եղիր»։

Currently Selected:

ՀԵՍՈՒ 1: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy