YouVersion Logo
Search Icon

ԵՐԵՄԻԱ 30

30
Տիրոջ խոստումը իր ժողովրդին
1Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով. 2«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քեզ համար մի գրքի մեջ գրի՛ր այն բոլոր խոսքերը, որ խոսել եմ քեզ հետ։ 3Որովհետև ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- որ ես Իսրայելի և Հուդայի իմ ժողովրդին պիտի վերադարձնեմ գերությունից,- ասում է Տերը,- և նրանց պիտի վերադարձնեմ այն երկիրը, որ տվել եմ իրենց հայրերին, որպեսզի տիրանան նրան”»։
4Սրանք են այն խոսքերը, որ Տերը խոսել է Իսրայելի և Հուդայի մասին։ 5Տերն այսպես է ասում. «Վախի ձայն լսեցինք. սարսափի և ոչ խաղաղության։ 6Հարցրե՛ք ու տեսե՛ք, թե տղամարդը կծննդաբերի՞. ապա ինչո՞ւ եմ ամեն տղամարդու տեսնում ծննդկանի պես ձեռքերը ազդրերին և բոլորի դեմքերը դալկացած։ 7Ավա՜ղ, որովհետև այդ օրը մեծ է, նրա նմանը չկա, և նա Հակոբի համար նեղության ժամանակ պիտի լինի, բայց նա ազատվելու է դրանից»։ 8«Եվ այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- ես նրա լուծը կկոտրեմ քո պարանոցից և քո կապերը կարձակեմ, և նրանք այլևս չեն ծառայի օտարներին։ 9Այլ կծառայեն իրենց Տեր Աստծուն և իրենց Դավիթ թագավորին, որին ես կվերականգնեմ նրանց համար։ 10Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը։- Մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, որովհետև ահա ես քեզ կազատեմ հեռվից և քո սերնդին՝ իր գերության երկրից։ Հակոբը կվերադառնա և հանգիստ ու հանդարտ կլինի, և վախեցնող չի լինի։ 11Որովհետև ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- քեզ ազատելու համար պիտի բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ես քեզ ցրիվ եմ տվել, բայց քեզ չպիտի բնաջնջեմ, այլ պիտի խրատեմ ըստ կանոնի#30.11 Այսինքն՝ չափավորությամբ։ և քեզ բոլորովին անպատիժ չպիտի թողնեմ»։ 12Որովհետև Տերն այսպես է ասում. «Անդարմանելի է քո վերքը, անբժշկելի՝ քո վնասվածքը։ 13Քո դատը դատող չկա դարմանելու համար, բուժում չկա, սպեղանի չկա քեզ համար։ 14Քո բոլոր սիրելիները մոռացել են քեզ, քեզ չեն որոնում, քեզ վիրավորեցի թշնամու հարվածով և անգութի պատժով քո անօրինության շատության պատճառով. շատացել էին քո մեղքերը։ 15Ինչո՞ւ ես աղաղակում քո վերքի համար, քո ցավն անբուժելի է։ Այս բաները ես քեզ արեցի քո անօրինության շատության պատճառով, քո մեղքերի շատության պատճառով։ 16Ուստի բոլոր քեզ լափողները պիտի լափվեն, և քո բոլոր թշնամիները՝ ամենքն էլ, գերության պիտի գնան, քեզ թալանողները պիտի թալանվեն, և բոլոր քեզ կողոպտողներին կողոպուտի պիտի տամ։ 17Որովհետև ես քեզ պիտի ապաքինեմ և քո վերքերը պիտի բժշկեմ,- ասում է Տերը,- որովհետև քեզ Վտարանդի կոչեցին. Սիոնը, որին փնտրող չկա»։
18Տերն այսպես է ասում. «Ահա Հակոբի վրանները պիտի վերադարձնեմ գերությունից և նրա բնակարաններին պիտի գթամ. քաղաքը պիտի շինվի իր ավերակների բլուրի վրա, իսկ պալատը նախկինի պես պիտի վերականգնվի։ 19Եվ նրանցից գովաբանություն և ուրախացողների ձայն պիտի դուրս գա. նրանց պիտի բազմացնեմ, ու նրանք չպիտի քչանան. նրանց պիտի փառավորեմ, և չպիտի նվաստանան։ 20Եվ նրանց զավակները պիտի լինեն ինչպես նախկինում, ու նրանց հավաքը պիտի հաստատվի իմ առաջ, և պիտի պատժեմ նրա բոլոր հարստահարիչներին։ 21Եվ նրա մեծավորն իրենցից պիտի լինի, և նրա իշխանավորն իր միջից պիտի դուրս գա։ Ես պիտի մոտեցնեմ նրան, և նա ինձ պիտի մոտենա, որովհետև ո՞վ է նա, որ կհամարձակվի իր սրտով ինձ մոտենալ»,- ասում է Տերը։ 22«Եվ դուք ինձ համար ժողովուրդ կլինեք, իսկ ես ձեզ համար Աստված կլինեմ»։
23Ահա Տիրոջ մրրիկը զայրույթով դուրս է գալիս. շառաչող պտտահողմը պտտվելու է ամբարիշտների գլխին։ 24Տիրոջ բորբոքուն բարկությունը հետ չի դառնալու, մինչև որ չիրագործի և չկատարի իր մտքի խորհուրդները։ Սա օրերի վերջում պիտի հասկանաք։

Currently Selected:

ԵՐԵՄԻԱ 30: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy