YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 43

43
Տերը խոստանում է փրկել իր ժողովրդին
1Սակայն այսպես է ասում Տերը՝ քո արարիչը, ո՛վ Հակոբ, և քեզ ձևավորողը, ո՛վ Իսրայել. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես։ 2Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի, 3որովհետև ես՝ Տերը, քո Աստվածը, Իսրայելի Սուրբը, քո Փրկիչը. ես Եգիպտոսը տվել եմ քեզ համար որպես փրկագին, Եթովպիան և Սաբան տվել եմ քո փոխարեն, 4որովհետև դու թանկագին ես իմ աչքին. պատիվ գտար, և ես սիրեցի քեզ։ Մարդիկ կտամ քո փոխարեն և ժողովուրդներ՝ քո հոգու փոխարեն։ 5Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ. արևելքից եմ բերելու քո սերունդը և արևմուտքից եմ հավաքելու քեզ։ 6Հյուսիսին կասեմ՝ “Հանձնի՛ր”, և հարավին. “Մի՛ արգելափակիր, բե՛ր իմ որդիներին հեռվից և իմ դուստրերին՝ երկրի ծայրերից, 7բոլոր նրանց, որոնք կոչվում են իմ անունով, և որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, ձևավորել և արարել եմ նրանց”»։
Իսրայելը՝ Տիրոջ վկան
8«Դո՛ւրս բերեք կույր ժողովրդին, որ աչքեր ունի, և ականջներ ունեցողներին, որոնք խուլ են։ 9Թող բոլոր ազգերը հավաքվեն միասին, թող ժողովվեն ժողովուրդները։ Ո՞վ կա նրանց մեջ, որ իմացնի այս բանը և մեզ պատմի վաղեմի բաների մասին. թող բերեն իրենց վկաներին, որ արդարանան, և թող լսեն ու ասեն՝ ճշմարիտ է։ 10Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- և իմ ծառան, որին ես ընտրել եմ, որպեսզի գիտենաք, հավատաք ինձ և հասկանաք, որ ե՛ս եմ նա։ Ինձնից առաջ աստված չի կազմվել և ինձնից հետո չի լինելու։ 11Ես, ե՛ս եմ Տերը, և ինձնից բացի ուրիշ Փրկիչ չկա։ 12Ե՛ս իմացրի, ե՛ս փրկեցի և պատմեցի, ու ձեր մեջ մի օտար աստված չկար։ Իմ վկաները դուք եք,- ասում է Տերը,- որ ես եմ Աստված։ 13Նաև վաղուց ես եմ նա. չկա մեկը, որ ազատում է իմ ձեռքից. ես որ գործեմ, ո՞վ կարող է այն խափանել»։
Փախուստ Բաբելոնից
14Այսպես է ասում Տերը՝ ձեր Փրկիչը՝ Իսրայելի Սուրբը. «Հանուն ձեզ ուղարկեցի Բաբելոն, իբրև փախստականներ՝ բոլորին տապալեցի, նաև քաղդեացիներին՝ իրենց ցնծությամբ լի նավերով։ 15Ես եմ Տերը՝ ձեր Սուրբը, Իսրայելի Ստեղծողը, ձեր Թագավորը»։ 16Այսպես է ասում Տերը, որ ծովում ճանապարհ է բացում, հորդ ջրերի մեջ՝ ուղի, 17նա, որ դուրս է բերում մարտակառք ու ձի, զորքեր ու զինուժ։ Նրանք միասին կպառկեն, բայց վեր չեն կենա, պատրույգի պես կհանգչեն նրանք ու կշիջեն։ 18«Նախկին բաները մի՛ հիշեք և հին բաները մի՛ մտածեք։ 19Ահա ես նոր բան եմ անում, որ հիմա կհայտնվի։ Մի՞թե դուք չեք իմանա այդ։ Ես ճանապարհ կբացեմ ամայի տեղերում և գետեր՝ անապատում։ 20Ինձ պիտի փառավորեն դաշտի գազանները, աղվեսներն ու ջայլամները, որովհետև ջուր պիտի հոսեցնեմ ամայի տեղերում, գետեր՝ անապատում՝ իմ ընտրյալ ժողովրդին խմեցնելու համար։ 21Այն ժողովուրդը, որին ես կազմել եմ ինձ համար, իմ գովաբանությունը կպատմի։
Իսրայելի մեղքը
22Բայց դու ինձ չկանչեցիր, ո՛վ Հակոբ, դու ձանձրացար ինձնից, ո՛վ Իսրայել։ 23Դու ինձ համար չբերեցիր քո ողջակեզների ոչխարները և քո զոհերով ինձ չփառավորեցիր. ես քեզ չծանրաբեռնեցի ինձ ընծա մատուցելու համար և քեզ չհոգնեցրի՝ կնդրուկ պահանջելով։ 24Դու ինձ համար խնկաբույր եղեգ չես գնել դրամով և քո զոհերի ճարպով ինձ չես կշտացրել, այլ ինձ ծանրաբեռնել ես քո մեղքերով և ինձ հոգնեցրել քո անօրենություններով։ 25Ես, ե՛ս եմ նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը։ 26Հիշեցրո՛ւ ինձ, միասին դատ անենք. դու ի՛նքդ պատմիր, որ արդարանաս։ 27Քո առաջին նախահայրը մեղք գործեց, և քո միջնորդներն ըմբոստացան իմ դեմ։ 28Ուստի ես անպատվեցի սրբարանի իշխանավորներին, Հակոբին կործանման մատնեցի և Իսրայելը՝ անարգանքի»։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 43: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy