YouVersion Logo
Search Icon

Եբրայեցիներին 4

4
1Ուրեմն զգուշանանք. քանի դեռ նրա հանգստի մեջ մտնելու խոստումը մնում է, ձեզանից որևէ մեկը դուրս չմնա։ 2Որովհետև մեզ էլ է նրանց պես ավետվել, բայց խոսքը լսելը նրանց օգուտ չբերեց, քանի որ լսողների մեջ հավատով չներթափանցեց։ 3Բայց մենք, որ հավատացինք, մտնելու ենք այն հանգստի մեջ, ինչպես որ ասաց.
«Ինչպես իմ բարկության մեջ երդվեցի,
թե իմ հանգստի մեջ չպիտի մտնեն» (Սաղ. 95.11),
թեև նրա գործերն աշխարհի սկզբից կատարված էին։ 4Որովհետև մի տեղ յոթերորդ օրվա մասին այսպես է ասում.
«Եվ Աստված յոթերորդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից» (Ծնն. 2.2)։
5Եվ այստեղ դարձյալ ասում է. «Իմ պատրաստած հանգստի վայրը չպիտի մտնեն» (Սաղ. 95.11)։ 6Թեև ոմանք կարող էին այդ հանգստի վայրը մտնել, հատկապես նրանք, որ լսեցին ավետաբեր լուրը, սակայն չմտան իրենց անհավատության պատճառով, 7Աստված նրանց դարձյալ մի օր է սահմանում՝ «Այսօրը». երկար ժամանակ հետո Դավթի միջոցով ասվեց.
«Այսօր եթե նրա ձայնը լսեք,
ձեր սրտերը մի՛ կարծրացրեք» (Սաղ. 95.7-8)։
8Որովհետև եթե Հեսուն նրանց հանգստի մեջ տարած լիներ, դրանից հետո ուրիշ օրվա մասին այլևս չէր խոսի։ 9Ուրեմն Աստծու ժողովրդի համար դեռ մեկ այլ հանգստի օր մնում է, 10որովհետև նրա հանգստի մեջ մտնողն ինքն էլ է իր գործերից հանգստանում, ինչպես Աստված էլ՝ իր գործերից։ 11Ուրեմն ջանանք մտնել այդ հանգստի մեջ, որպեսզի ոչ ոք անհնազանդության նման օրինակով չընկնի։
Քրիստոսը՝ մեծ Քահանայապետ
12Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է. այն թափանցում է մինչև շնչի և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանումը, քննում է սրտի խոկումներն ու խորհուրդները։ 13Նրա առաջ անտեսանելի արարած չկա, այլ ամեն բան հստակ է և ակնհայտ. նրան ենք հաշվետու։
14Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը։ 15Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։ 16Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy