YouVersion Logo
Search Icon

Եբրայեցիներին 11

11
Նախնիների օրինակելի հավատը
1Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է, 2որովհետև նախնիները դրանով վկայություն ընդունեցին։
3Հավատով ենք իմանում, որ դարերն Աստծու խոսքով ստեղծվեցին՝ անտեսանելի բաներից տեսանելի դառնալով։
4Հավատով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, որով վկայություն ստացավ, որ արդար է. Աստված նրա ընծաների համար վկայություն տվեց։ Թեև նա մեռած է, բայց տակավին խոսում է։
5Հավատով Ենովքը փոխադրվեց երկինք, որ մահ չտեսնի, և ոչ մի տեղ չգտնվեց, որովհետև նրան Աստված փոխադրեց։ Եվ նրա փոխադրվելուց առաջ վկայվել էր, որ նա Աստծուն հաճելի էր։ 6Բայց առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։
7Հավատով Նոյը, դեռևս անտեսանելի բաների մասին տեղեկանալով, երկյուղելով, իր տան փրկության համար շինեց տապանը, որով դատապարտեց աշխարհը և ժառանգորդ դարձավ հավատով արդարության։
8Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց՝ առանց իմանալու, թե ո՛ւր է գնում։ 9Հավատով նա պանդուխտ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ՝ վրաններում բնակվելով Իսահակի և Հակոբի հետ, որոնք նույն խոստման ժառանգակիցներն էին։ 10Որովհետև սպասում էր հիմքերով հաստատված այն քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչն Աստված է։
11Հավատով Սառան, որ ամուլ էր, սերմն ընդունելու զորություն ստացավ և առաջացած տարիքում որդի ծնեց, որովհետև խոստացողին հավատարիմ համարեց։ 12Դրա համար էլ այն մեկից, այն էլ զառամյալից բազմությամբ էին ծնվում, ինչպես երկնքի աստղերը և ինչպես անհամար ավազը ծովափին։
13Սրանք բոլորը հավատի մեջ մեռան՝ առանց խոստումներն ստանալու։ Բայց հեռվից տեսնում էին դրանք, ողջունում ու խոստովանում էին, որ երկրի վրա օտարներ ու պանդուխտներ են։ 14Որովհետև այդպիսի բաներ խոսողները հայտնում են, որ մի հայրենիք են որոնում։ 15Եվ եթե հիշում էին այն երկիրը, որտեղից դուրս ելան, ուրեմն հետ դառնալու ժամանակ ունեին։ 16Բայց այժմ ավելի լավ վայրի են տենչում, այսինքն՝ երկնավոր վայրի, և դրա համար Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվելու, որովհետև նրանց համար քաղաք է պատրաստել։
17Հավատով Աբրահամն Իսահակին զոհ մատուցեց, երբ փորձվեց. նա, որ խոստումն ընդունել էր, իր միակ որդուն զոհ մատուցեց։ 18Որովհետև նրան ասվել էր. «Իսահակով քեզ պիտի սերունդ տրվի» (Ծնն. 21.12)։ 19Աբրահամը մտածեց, որ Աստված կարող է Իսահակին մեռելներից էլ հարություն տալ, ուստի նա հետ ստացավ իր որդուն։
20Հավատով Իսահակը օրհնեց Հակոբին ու Եսավին գալիք բաների համար։ 21Հավատով Հակոբը մեռնելիս Հովսեփի որդիներից ամեն մեկին օրհնեց և իր գավազանի ծայրին հենվելով՝ երկրպագեց Աստծուն։ 22Հավատով Հովսեփը վախճանվելիս Իսրայելի որդիների ելքի մասին հիշեց և իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։
23Հավատով էր, որ երբ Մովսեսը ծնվեց, երեք ամիս թաքցվեց իր ծնողների կողմից, որովհետև տեսան, որ մանուկը գեղեցիկ է, ու թագավորի հրամանից չվախեցան։ 24Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց փարավոնի դստեր որդի կոչվելուց։ 25Նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ. 26Քրիստոսի նախատինքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև վարձի հատուցում էր ակնկալում։ 27Հավատով նա թողեց Եգիպտոսը՝ թագավորի բարկությունից չվախենալով, որովհետև համբերեց, իբրև թե տեսնում էր Անտեսանելիին։ 28Հավատով կատարեց զատիկը և արյան սրսկումը, որպեսզի անդրանիկներին կործանողը նրանց չմոտենա։
29Հավատով անցան Կարմիր ծովը, ինչպես ցամաքով, մինչ եգիպտացիներն այդ փորձելով խեղդվեցին։ 30Հավատով Երիքովի պարիսպները վայր ընկան, երբ յոթ օր նրա շուրջը պտտվեցին։ 31Հավատով Ռախաբ պոռնիկը չկորավ անհավատների հետ, որ խաղաղությամբ էր լրտեսներին ընդունել։
32Եվ էլ ի՞նչ ասեմ. ժամանակս բավական չէ, որպեսզի պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամփսոնի, Հեփթայեի, Դավթի, Սամուելի և մյուս մարգարեների մասին, 33որոնք հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, հասան խոստումների, առյուծների երախներ փակեցին, 34կրակի զորությունը հանգցրին, սրի բերանից ազատվեցին, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակներ փախուստի մատնեցին, 35կանայք իրենց մեռելներին հարության միջոցով վերստացան, ուրիշներն էլ, ազատությունը չընդունելով, խիստ չարչարվեցին, որպեսզի լավագույն հարության հասնեն. 36մյուսներն էլ ենթարկվեցին նախատինքների ու գանահարությունների, կապանքների ու բանտի, 37քարկոծվեցին, սղոցվեցին, փորձանքի մեջ ընկան, սրով սպանվելով մեռան, շրջեցին ոչխարի ու այծի մորթիներով ծածկված. ապրեցին կարիքի, նեղության, չարչարանքների մեջ։ 38Աշխարհը նրանց արժանի չէր. մոլորվեցին անապատներում, լեռներում, քարայրներում և երկրի խորշերում։
39Եվ սրանք բոլորը հավատով վկայություն ստացան, բայց խոստումը չստացան։ 40Աստված մեզ համար ավելի լավ բաներ էր նախատեսել, որպեսզի դրանք առանց մեզ չկատարվեն։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy