YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 50

50
1Հովսեփն ընկավ իր հոր երեսին, լաց եղավ նրա վրա և համբուրեց նրան։ 2Հովսեփն իր բժիշկ ծառաներին հրամայեց, որ զմռսեն իր հորը, և բժիշկները զմռսեցին Իսրայելին։ 3Լրացան նրա քառասուն օրերը, որովհետև այդքան օր պետք է զմռսման համար։ Եգիպտացիները յոթանասուն օր սգացին նրա համար։ 4Երբ նրա սգի օրերն անցան, Հովսեփը խոսեց փարավոնի տան հետ՝ ասելով. «Եթե հիմա շնորհ գտա ձեր առաջ, խնդրում եմ, դիմե՛ք փարավոնին և ասացե՛ք, որ 5իմ հայրը երդվեցրեց ինձ՝ ասելով. “Ահա ես մեռնում եմ. ինձ կթաղես իմ գերեզմանում, որ ես փորել եմ ինձ համար Քանանի երկրում”։ Այժմ թող գնամ թաղեմ իմ հորն ու վերադառնամ»։ 6Փարավոնն ասաց. «Ելի՛ր և թաղի՛ր քո հորը, ինչպես որ երդվեցրել է քեզ»։
7Հովսեփը ելավ թաղելու իր հորը, և նրա հետ ելան փարավոնի բոլոր ծառաները, նրա տան ծերերը, Եգիպտոսի երկրի բոլոր ծերերը, 8նաև Հովսեփի ամբողջ ընտանիքը, նրա եղբայրները և նրա հոր ընտանիքը։ Գեսեմի երկրում թողեցին միայն իրենց երեխաներին, իրենց հոտերն ու արջառները։ 9Նրա հետ ելան կառքեր ու ձիավորներ, և կազմվեց մի շատ մեծ բազմություն։ 10Եկան Ատադի կալը, որ Հորդանանի մյուս կողմում է, և այնտեղ մեծ ու սաստիկ լացով ողբացին, և յոթ օր սուգ արեց իր հոր համար։ 11Այդ երկրի բնակիչ քանանացիները, երբ տեսան Ատադի կալում եղած սուգը, ասացին. «Սա եգիպտացիների մի մեծ սուգ է»։ Դրա համար այդ տեղի անունը դրեցին Աբելմիսրայիմ#50.11 Եբր. Եգիպտացիների սուգը։, որ Հորդանանի մյուս կողմում է։ 12Եվ նրա որդիներն այնպես արեցին, ինչպես որ նա պատվիրել էր։ 13Նրա որդիները նրան տարան Քանանի երկիրը և թաղեցին նրան Մամբրեի կաղնու դիմաց՝ Մաքփելայի արտի քարայրում, որ Աբրահամը գնել էր արտի հետ միասին քետացի Եփրոնից՝ որպես կալվածք գերեզմանի համար։ 14Հովսեփն իր հորը թաղելուց հետո վերադարձավ Եգիպտոս, ինքը, իր եղբայրները և այն բոլորը, որ բարձրացել էին իր հետ իր հորը թաղելու համար։
Հովսեփը հոգ է տանում և մխիթարում է իր եղբայրներին
15Երբ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մեռավ, ասացին. «Գուցե Հովսեփն ատի մեզ և մեզ հատուցի այն բոլոր չարիքների համար, որ մենք արեցինք իրեն»։ 16Նրանք պատգամավոր ուղարկեցին Հովսեփի մոտ՝ ասելով. «Քո հայրը մեռնելուց առաջ պատվիրեց և ասաց. “Այսպե՛ս ասացեք Հովսեփին. 17"Հիմա շնո՛րհ արա քո եղբայրներին, ների՛ր նրանց հանցանքն ու մեղքը, որովհետև քեզ չարություն արեցին"”։ Հիմա աղաչում ենք, ների՛ր քո հոր Աստծու ծառաների հանցանքը»։ Հովսեփը լաց եղավ իրեն ասված նրանց այս խոսքերի համար։ 18Նրա եղբայրներն էլ գնացին, խոնարհվեցին նրա առաջ և ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»։ 19Հովսեփն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ։ 20Թեպետ դուք խորհեցիք իմ դեմ չարիք գործել, բայց Աստված խորհեց այն փոխել բարիքի, որպեսզի աներ այն, ինչ եղավ այսօր, այսինքն՝ շատ ժողովուրդ ապրեցներ։ 21Եվ հիմա մի՛ վախեցեք, ես կկերակրեմ ձեզ ու ձեր երեխաներին»։ Եվ մխիթարեց նրանց ու քաղցրությամբ խոսեց։
Հովսեփի մահը
22Հովսեփը բնակվեց Եգիպտոսում, ինքը և իր հոր տունը։ Նա ապրեց հարյուր տասը տարի։ 23Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը։ Մանասեի որդի Մաքիրի որդիներն էլ ծնվեցին Հովսեփի ծնկներին։ 24Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ահա ես մեռնում եմ. Աստված անպայման կայցելի ձեզ, կհանի ձեզ այս երկրից և կտանի այն երկիրը, որ երդվեց տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին»։ 25Հովսեփը երդում անել տվեց Իսրայելի որդիներին՝ ասելով. «Աստված անպայման կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից հանե՛ք»։ 26Հովսեփը մեռավ հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան զմռսեցին ու դրեցին մի տապանի մեջ Եգիպտոսում։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 50: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy