YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 2

2
Մովսեսի ծնունդը
1Ղևիի տնից մեկը գնաց և կին առավ Ղևիի աղջիկներից մեկին։ 2Կինը հղիացավ և մի որդի ծնեց։ Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրեց նրան։ 3Երբ այլևս չկարողացավ նրան թաքցնել, նրա համար վերցրեց եղեգից մի տապանակ, կուպրով և ձյութով ծեփեց, տղային դրեց նրա մեջ և տապանակը դրեց գետի եզերքին՝ շամբերի մեջ։ 4Երեխայի քույրը կանգնել էր հեռվում, որպեսզի տեսնի, թե ինչ է պատահելու նրան։ 5Փարավոնի աղջիկն իջավ գետը՝ լվացվելու. նրա աղախինները ման էին գալիս գետի եզերքին։ Շամբերի մեջ տեսավ տապանակը և ուղարկեց իր ստրկուհուն, որ վերցնի այն։ 6Նա բացեց և տեսավ երեխային։ Երեխան լաց էր լինում։ Խղճաց նրան և ասաց. «Եբրայեցի երեխաներից է սա»։ 7Իսկ երեխայի քույրն ասաց փարավոնի աղջկան. «Չգնա՞մ և քեզ համար եբրայեցիներից մի դայակ կին կանչեմ, որ կուրծք տա երեխային քեզ համար»։ 8Փարավոնի աղջիկն ասաց նրան. «Գնա՛»։ Աղջիկը գնաց և կանչեց երեխայի մորը։ 9Փարավոնի աղջիկն ասաց նրան. «Տա՛ր այս տղային և կո՛ւրծք տուր ինձ համար. ես քո վարձը կտամ»։ Կինը վերցրեց տղային և կուրծք տվեց նրան։ 10Տղան մեծացավ, և կինը նրան բերեց փարավոնի աղջկա մոտ, և տղան որդեգիր եղավ նրան։ Նա էլ նրա անունը Մովսես դրեց և ասաց. «Ջրից եմ հանել նրան»։
Մովսեսը փախչում է Մադիամ
11Երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր ազգակից եղբայրների մոտ և տեսավ նրանց ծանր աշխատանքները։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում է իր եբրայեցի եղբայրներից մեկին։ 12Նայեց այս ու այն կողմ և տեսնելով, որ մարդ չկա, սպանեց եգիպտացուն և նրան թաղեց ավազի մեջ։ 13Հետևյալ օրը դուրս եկավ, և ահա երկու եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ։ Եվ ասաց հանցավորին. «Ինչո՞ւ ես ծեծում քո ընկերոջը»։ 14Սա ասաց. «Ո՞վ է քեզ իշխան կամ դատավոր դրել մեզ վրա. ի՞նչ է, ի՞նձ էլ սպանելու միտք ունես, ինչպես որ սպանեցիր եգիպտացուն»։ Մովսեսը վախեցավ և ասաց իր մտքում. «Անշուշտ այս բանն իմացված է»։
15Փարավոնը լսեց այդ մասին և ուզում էր սպանել Մովսեսին։ Բայց Մովսեսը փախավ և բնակվեց Մադիամի երկրում։ Նա նստեց մի ջրհորի մոտ։ 16Մադիամի քուրմը յոթ աղջիկ ուներ։ Նրանք եկան, ջուր քաշեցին և լցրին ավազանները, որպեսզի խմեցնեն իրենց հոր հոտին։ 17Բայց հովիվները եկան և քշեցին նրանց։ Իսկ Մովսեսը վեր կացավ, պաշտպանեց նրանց և ջուր խմեցրեց նրանց հոտին։ 18Երբ նրանք եկան իրենց հոր՝ Ռագուելի մոտ, նա հարցրեց նրանց. «Ինչո՞ւ շուտ եկաք այսօր»։ 19Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի մեզ ազատեց հովիվների ձեռքից, նույնիսկ մեզ համար ջուր քաշեց և խմեցրեց ոչխարներին»։ 20Հայրը հարցրեց իր աղջիկներին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ այդ մարդուն այդպես թողեցիք. կանչե՛ք նրան, որ հաց ուտի»։ 21Եվ Մովսեսը համաձայնվեց բնակվել այդ մարդու մոտ, և սա իր աղջկան՝ Սեփորային, կնության տվեց Մովսեսին։ 22Կինը մի որդի ծնեց, և Մովսեսը նրա անունը դրեց Գերսամ, որովհետև,- ասաց նա,- «Պանդուխտ եղա օտար երկրում»։
23Շատ օրեր հետո մեռավ Եգիպտոսի թագավորը։ Իսրայելի որդիները աշխատանքի պատճառով հառաչում և աղաղակում էին. աշխատանքի պատճառով բարձրացրած նրանց աղաղակը հասավ Աստծուն։ 24Աստված լսեց նրանց հեծեծանքը։ Եվ Աստված հիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ։ 25Աստված նայեց Իսրայելի որդիներին և Աստված իմացավ նրանց վիճակը։

Currently Selected:

ԵԼՔ 2: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy